ԿարևորՎերլուծական

Մեծ Բրիտանիան ակտիվանում է՝ ձգտելով զրոյացնել ՌԴ դերը տարածաշրջանում․ վերլուծաբան

Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթի այցը Հայաստան, Լոնդոնում Հայաստանի դեսպանության բացումն ու Հայաստանի հետ ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին շեշտադրումը կարևոր մեսիջներ են փորձագետների կարծիքով։ Սա նշանակում է, որ Հայաստանը Արևմուտքի համար ռազմավարական ուղղություն է հռչակված, ասում են նրանք։

Կարծիքները, սակայն, միանշանակ չեն։ Վերլուծաբանները գտնում են, որ ՄԲ փորձելու է Հայաստանին համոզել բանակցել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ՝ ընդունելով ադրբեջանական պայմանները։

Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթի տարածաշրջանային այցը Հայաստան ուշագրավ է հատկապես հայ-բրիտանական հարաբերություններում որոշակի դրական տեղաշարժի արձանագրումով։ Մի քանի օր առաջ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատան բացման ժամանակ հայտարարվեց հայ-բրիտանական հարաբերություններին ռազմավարական երկխոսության նշանակություն տալու մասին։

Ըստ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության՝ Դոքերթի տարածաշրջանային այցը Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան կընդգծի ՄԹ հաստատուն աջակցությունը երկրների ինքնիշխանությանն ու անվտանգությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ խաղաղ բանակցությունների հրատապ անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու համար։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի ձևակերպմամբ՝ տարածված պաշտոնական հաղորդագրությունը նշանակում է՝ բրիտանական ավելի ակտիվ քաղաքականություն Կովկասում՝ ռուսական ազդեցությունը զրոյացնելու համար․

«Հիմնական շեշտը դրվելու է Հայաստան-Ադրբեջան «խաղաղության գործընթացը» առաջ տանելու և ավարտին հասցնելու ուղղությամբ, որի միջոցով էլ կկառուցվի Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու կամ գրեթե զրոյացնելու հաջորդ , ավելի հաստատուն փուլը։ Քանի որ գաղտնքի չէ, որ ՌԴ այստեղ առավելապես գործում է կոնֆլիկտների ներուժի ազդեցության միջոցով, այսինքն այդ կոնֆլիկտների հանգամանքն է, որ Ռուսաստանին դարձնում է կենսունակ խաղացող ։ Եվ շեշտը դրվելու է Հայաստան-Ադրբեջան «խաղաղության գործընթացը» արևմտյան հարթակներում առաջ տանելու վրա»։

Ադրբեջանը սակայն հրաժարվում է արևմտյան հարթակներում բանակցություններից, Ալիևը չմեկնեց Գրանադա, հրաժարվեց Բրյուսելում հանդիպումից և մերժեց նաև Վաշինգտոնում հանդիպման հնարավորությունը։ Քաղաքական վերլուծաբանը սա ոչ այնքան արևմտյան հարթակներից հրաժարում է համարում, որքան իր պահանջներն առաջ մղելուն միտված քայլ․

«Մեր պատկերացումները, որ Ադրբեջանը հրաժարվում է արևմտյան հարթակներից այդքան էլ այդպես չէ։ Իրականում, ըստ իս Ադրբեջանը ոչ թե հրաժարվում է արևմտյան հարթակներից, այլ հրաժարվում է այդ հարթակներում բանակցել, քանի դեռ Հայաստանը չի ընդունել իր պայմանները։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ տեսանելի շրջանակում փորձ է արվում Հայաստանին համոզել, որ ընդունի այդ պայմանները և բանակցի այդ «խաղաղության պայմանագրի» շուրջ ու ավարտին հասցնի այն՝ ընդունելով այդ պայմանները»։

Բրիտանացի բարձրաստիճան դիվանագետի այցին ընդառաջ հայտարարվում է ՄԹ-Հայաստան ռազմավարական երկխոսությանը նոր թափ հաղորդելու մասին։

Եվրոպայի հարցերով նախարարը Երևան ժամանելուց առաջ ասել է․ «Հարավային Կովկասն առերեսվում է տարածաշրջանի կայունությանը սպառնացող անվտանգային զգալի մարտահրավերների՝ ինչպես ներքին, այնպես էլ հարևան երկրների կողմից։ Անկայուն տարածաշրջանում Միացյալ Թագավորությունը հուսալի գործընկեր է բարեփոխումների, խաղաղության և կայունության համար»:

Հակոբ Բադալյան․ «Բրիտանիան, իհարկե, ունի որոշակի ազդեցություն Ադրբեջանի վրա, այն տասնյակ ու հարյուրավոր միլիարդների տեսքով, որ ներդրվել են ադրբեջանական տնետսության մեջ, բայց այստեղ խնդիրն այն է, թե արդյոք կա մոտիվացիա Ադրբեջանի վրա այդպիսի ազդեցություն գործադրելու և արդյոք կա՞ այդպիսի ազդեցության իրական հնարավորություն, որովհետև այդպիսի ազդեցությանը Ադրբեջանը կարող է գտնել որոշակի հակազդեցության գործոններ՝ ի դեմս Թուրքիայի ու Ռուսաստանի։ Բայց այստեղ առանցքային է այն, որ բրիտանական խաղի տրամաբանությունը այլ է, կարծում եմ, և շեշտը դրվում է Հայաստանի համար որոշակի բոնուսային խոստումներ տալու վրա, ի պատասխան ակնկալելով, որ Հայաստանը ընդառաջ կգնա այն պատկերացումներին, որ ունի Ադրբեջանը»։

Նախարար Դոքերթին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հորդորում է արդյունավետ ներգրավվածություն ունենալ միջազգային միջնորդությամբ ընթացող բանակցություններում՝ խաղաղության «պատմական համաձայնագրի» հասնելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար։

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի դիտարկումն այլ է եվրոպական ու առհասարակ արևմտյան մոտեցումների հարցում։ Նրա համոզմամբ Հայաստանը ռազմավարական ուղղության է Արևմուտքի համար․

«Սա պայմանավորված է ռազմավարական հեռանկարով։ ՀՀ ռազմավարական ուղղություն է հռչակված, սա մենք պետք է ֆիքսենք։ Շղթայով պետք է նայել, օրինակ հայ-ֆրանսիական խորացող հարաբերությունները, հայ-գերմանական բարձր մակարդակի հարաբերությունները, որոնց մասին եթե 5 տարի առաջ որևէ մեկը ասեր, պարզապես սարկազմով ու իրոնիայով կընդունվեր մարդկանց կողմից, այնքան անհավատալի կթվար։ Եվ Հայաստան-Բրիտանիա ռազմավարական հարաբերությունների մեկնարկը, նաև Լոնդոնում ՀՀ դեսպանության բացումը, սրանք շղթայական այն կապն է որը ցույց է տալիս հարաբեությունների զարգացումը»։

Սա Դոքերթի երկրորդ այցն է Հայաստան, նա առաջին անգամ մայիսին էր ժամանել Երևան։ Իսկ տարածաշրջանային այս այցի ընթացքում նա կմեկնի նաև Ադրբեջան ու Վրաստան։

Back to top button