ԿարևորՀասարակություն

Վերականգնողական բժշկության միջմասնագիտական վերապատրաստման ծրագրով հայ բժիշկներ են վերապատրաստվել

Այսօր ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ «Վերականգնողական բժշկության միջմասնագիտական վերապատրաստում» ծրագրի ամփոփումը։

Սա առաջին հայկական միջմասնագիտական կրթական ծրագիրն է՝ ուղղված հետպատերազմական շրջանում մեծահասակների և փոքրահասակ երեխաների վերականգնողական ծառայություններին՝ նպատակ ունենալով զարգացնել ոլորտը և  բարելավել  ծառայությունների որակը շարունակական խնամքի միջոցով, ինչպես նաև աջակցել տեղի մասնագետներին ու դասախոսներին՝ վերականգնողական ծառայությունների ոլորտում Հայաստանը տարածաշրջանային առաջատար դարձնելու համար:

Ծրագրի մեկնարկը տրվել է 2022 թ. հոկտեմբերին: Շուրջ 30 մասնագետներ, 26-ը՝ Հայաստանից և 4-ը՝ Արցախից, 10 ամիս տևողությամբ և միջազգային ինստիտուտների փորձագետների կողմից կազմված միջմասնագիտական վերապատրաստման այս դասընթացին մասնակցեցին  հիբրիդային ձևաչափով։ Ողջ ծրագրի ընթացքում երեք անգամ անցկացվեցին առկա դասընթացներ Երևանում (արցախցի մասնագետները կարողացան մասնակցել միայն առաջին հավաքին, մնացած երկուսին մասնակցեցին հեռավար ձևաչափով)։

Ծրագրում ընդգրկված են եղել հետևյալ ուղղությունները՝ ռեաբիլիտացիան արտակարգ իրավիճակներում, ռեաբիլիտացիան սուր շրջանում, նեյրոռեաբիլիտացիա, այրվածքներ և վերքերի խնամք, օրթոպեդիա, ցավի գիտություն, հոգեկան առողջություն և այլ արդիական թեմաներ։

Ծրագիրն իրականացրել է Առողջապահության ազգային ինստիտուտը, Հայ-ամերիկյան սպորտային բժշկության կոալիցիան, «Թերապիստները Հայաստանի համար» ասոցիացիան, Polaris EduCorp-ը և ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամը, որի համահիմնադիրներն են Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը և Արման Ոսկերչյանը։

ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանն իր ելույթում նշեց, որ ՀԵՆԱՐ հիմնադրամը ուրախ է լինել «Վերականգնողական բժշկության միջմասնագիտական վերապատրաստում» ծրագրի համակազմակերպիչ:

«Վստահ եմ, որ առաջին հայկական վերականգնողական հետմասնագիտական կրթական այս ծրագիրը ծառայեց իր՝  հետպատերազմական փուլում մեծահասակների և երեխաների վերականգնողական ծառայությունների ոլորտի բարելավմանը, վերականգնողական ծառայությունների ոլորտում Հայաստանը տարածաշրջանային առաջատար դարձնելու նպատակին», — ասաց Արման Ոսկերչյանը։

Եզրափակելով՝ նա հույս հայտնեց, որ մեր երկրի համար կարևորագույն այս ծրագիրը կլինի շարունակական:

Back to top button