Մտքի ուժը

Ջրային ավազանի բարիքներն ու վնասները՝ համարժե՞ք․ «Մտքի ուժը»

Երբևէ մտածել եք, որ գետերում և լճերում ամեն քայլափոխի եռում է կյանքը և որ ցանկացած անզգույշ շարժում կարող է ճակատագրական լինել այդտեղ բնակվող կենդանական կամ բուսական աշխարհի համար։

Իսկ մտածե՞լ եք, որ այդ անզգույշ շարժումը կարող է հանգեցնել գյուղատնտեսական բերքի կորստի, քանի որ այդ բույսը փոշոտող միջատն այլևս ջրում չի հասունանա և չի թռչի փոշոտելու բույսերը:

Ջրերում թաքնված օգուտները շատ են և նրանց մեծ մասն իհարկե չի երևում, շատերի համար էլ ջրային օրգանիզմները անծանոթ են, բայց ծանոթ են մասնագետներին։

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Հերմինե Եփրեմյանը զբաղվում է ջրային և հարակից գոտու բույսերի՝ մակրոֆիտների ուսումնասիրությամբ։

Դա թույլ է տալիս մասնագետին ոչ միայն գնահատել ջրերի էկոլոգիական վիճակը, այլ տեսնել և գնահատել այդ թաքնված օգուտների մի հսկա բազմազանություն՝ սկսած ձկների ձվադրավայրերից ու թաքստոցներից, ավարտած մարդու կենցաղում օգտագործվող դեղաբույսերով ու համեմունքներով, անասնապահության համար կարևոր անասնակերերով և մթնոլորտային ածխածնի կլանմամբ ու կլիմայի մեղմամբ:  

«Մակրոֆիտներն ունեն ավելի մեծ ներուժ, հնարավորություններ, որն ամբողջովին ուսումնասիրված ու գնահատված չէ։ Մակրոֆիտները կարող են հանդիսանալ դեղաբույսեր, պարարտանյութեր, անասնակեր, համեմունքներ, ջրային միջավայրը մաքրող օրգանիզմներ, որոնց բացահայտումը կարող է մեծ նշանակություն ունենալ տնտեսության համար։ Մենք դեռևս ջրային բույսերի տեսակային կազմն ենք բացահայտում»։  

Ջրային և հարակից գոտու ափամերձ բուսականությունը կարող է օգտագործվել ամենատարբեր ոլորտներում․ «Նմուշները տեղում են վերցվում, տեսակավորվում։ Կշռվում է թաց կշռային վիճակով, ապա տեղափոխվում լաբորատորիա։

Բայց այստեղից այլ հարց է առաջանում. միջավայրից վերցնելով տվյալ բուսատեսակը՝ ո՞րն է լինում կորուստը։ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի առաջատար գիտաշխատող Վարդան Ասատրյանն ասում է․

«Որպես անասնակեր կօգտագործենք տեխնիկական նպատակով, բայց ի՞նչ ենք մենք կորցնելու դրա դիմաց։ Մեզ համար ո՞րն է ավելի կարևոր, ո՞րն է ավելի արժեքավոր։ Եթե ես խոսում եմ վարարումների կամ ջրհեղեղի վտանգից, ապա այդ բույսերը պաշտպանում են։ Բուսականությունը կլանում է համապատասխան քանակի հեղուկը, մասնակցում է գոլորշիացման պրոցեսին։ Միևնույն ժամանակ ջրի միջի բուսականությունը ձկների համար բնական միջավայր ու ձվադրավայր է։ Հետևաբար այստեղ այդ հարցն է ՝ ինչպե՞ս ճիշտ գնահատես էկոհամակարգը»։

Ամբողջ աշխարհում ընդունված է՝ պետք է ունենալ ջրային էկոհամակարգի ամբողջական պատկեր, հասկանալու համար, թե ինչ կա ու եղածի օգտագործումից ի՞նչ են շահում կամ կորցնում։ Հայաստանում նման ամբողջական տեղեկատվություն չկա։ Բայց առաջիկայում կլինի։ Գիտության կոմիտեի տրամադրած գումարով սկսվել են աշխատանքները։ Գիտական խումբն  այս պահին ձևավորվման փուլում է։  Կզբաղվեն առաջին հերթին հայաստանյան ջրային էկոհամակարգերի ուսումնասիրություններով՝ շեշտը դնելով էկոհամակարգային ծառայությունների ուսումնասիրության վրա։

Գիտական խմբի ղեկավար, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի առաջատար գիտաշխատող Վարդան Ասատրյանի գնահատմամբ, Հայաստանում ջրային էկոհամակարգն այնքան էլ վատ վիճակում չէ։ Սա բացատրություն ունի․ հայաստանյան ջրային էկոհամակարգերն ունեն ինքնամաքրման բարձր ներուժ, միևնույն ժամանակ մեր տնտեսությունը այնքան հզոր չէ, որ ամենուրեք մեծ ճնշում առաջացնի ջրային էկոհամակարգերի վրա:

Իհարկե կան գետեր, որոնք ունեն աղտոտվածության բարձր աստիճան, օրինակ՝ Ողջի գետն իր երկայնքի մեծ մասով, Դեբեդը՝ Ալավերդու, Շնողի հատվածից դեպի հոսքով վար նույնպես զգալի աղտոված է։ Մնացած գետերում վիճակն ավելի լավ է՝ ասում է գիտնականը։ Եթե հաշվի չառնենք Երևանի ազդեցությունը Հրազդան գետի վրա, հիմնականում աղտոտված են հանքարդյունաբերական ձեռնարկություններին մոտ գտնվող գետերը։   

«Մնացած գետերում ազդակներն ավելի քիչ են։ Ազդեցության ծավալն ավելի փոքր է, հետևաբար մենք ունենք հիմնականում օրգանական նյութերով սեզոնային աղտոտվածություն, սեզոնայինը մշտական չէ։ Ակնհայտ է, որ հիմնական ազդակը և էկոհամակարգը դեգրադացիայի ենթարկող գործոնը հանքրադյունաբերությունն է՝ իր հոսքաջրերով ու հունի փոփոխություններով»։

ՀՀ տարածքում բնակչության գրեթե 80 տոկոսն ապրում է մշտական հոսք ունեցող հիմնական գետերից մինչև 3 կմ հեռավորության գոտում։ Աշխարհում այդպես չէ, միջինում 50 տոկոսն է բնակվում գետերից մինչև 3 կմ հեռավորության գոտում։ Եվ որքան հեռու, այնքան էլ գետին հասցված վնասն ավելի քիչ․

«Եթե դիտարկենք ԱՀԿ ցուցանիշները, ապա աշխարհում մինչև 50 տոկոսն է գետերից հեռու ապրում։ Հայաստանում մոտ 1000 բնակավայր կա, 630-ը գետերից հեռու են մինչև 3 կմ»։

Գետը բնության բաղադրիչ է, որի տված օգուտն այն է, ինչ մարդկությունը անմիջականորեն կամ միջնորդավորված ստանում է, սակայն շատ դեպքերում՝ առանց նույնիսկ գիտակցելու ստացած օգուտի քանակն ու որակը։ Ամբողջ աշխարհում, այս գիտակցությամբ պայմանավորված, իրականացվում են էկոհամակարգային ծառայություների գնահատում էկոմահամարգային ծառայությունների վիճակի քարտեզագրում որոշում կայացնողների կարիքների համար և ստացվող օգուտների դրամական արժևորում։

Գետը միայն ջուր չէ, այլ նաև բնական միջավայր՝ ասում է գիտնականն ու նշում, ոչ  մասնագետները չեն էլ նկատում, որևէ վերաբերմունք չունեն գետերում ապրող բուսական ու կենդանական աշխարհի նկատմամբ, որոնք կարևոր դեր ունեն։ Ոչ մասնագետի համար գետը հանգստի ու ժամանցի վայր է, իսկ գիտնականների համար՝ լարված աշխատանքի վայր։ Նպատակային նմուշներ են հավաքում, հատկապես, որ Հայաստանում ջրային էկոհամակարգերը շատ են, իսկ գիտնականների ռեսուրսը՝ քիչ։

Վերաբերմունքի փոփոխություն է պետք, որը նաև մտածողության փոփոխության է բերում։ Մեզ համար գետը դիտարկվում է որպես էկոհամակարգ՝ իր բաղադրիչներով ու գործառույթներով՝ որքանո՞վ է պահպանված գետի ֆունկցիոնալությունը, ոչ թե լոկ գեղագիտական տեսքը։

Մարինե Դալլաքյանը գիտական կենտրոնի առաջատար գիտաշխատող է՝ տեղյակ գետերում ապրող հատակային մակրոանողնաշար կենդանիների աշխարհից: Ծրագրի առավելագույն ժամկետը 5 տարի է, բայց եթե առաջիկա տարիներին շոշափելի արդյուք չտրվի, այն կընդհատվի, հակառակ դեպքում՝ ավելի մասշտաբային աշխատանք կիրականացվի։

Back to top button