Գերդաստաններ

Թամանյանով ճանաչում են Արտաշես Հովսեփյանին, իսկ քանդակագործով` ճարտարապետին․ «Գերդաստաններ»

1974 թվականն էր, երևանյան հանրության ուշադրության կենտրոնում էր Կասկադում գտնվող Ալեքսանդր Թամանյանի արձանը, գրեթե նույն ժամանակահատվածում հետաքրքրության արժանացան Երևանի սուրբ Սարգիս եկեղեցու բարձրաքանդակները, Արմեն Տիգրանյանի արձանը, հետո «Սասունցի Դավիթ»  կայարանի բարձրաքանդակները, իսկ Երևանից դուրս մեր հայտնի գործիչների՝ Օրբելի եղբայրների, Նիկողայոս Ադոնցի, Ջիվանու և այլ գործիչների հուշարձանները, որոնք մինչ օրս հետաքրքրություն են առաջացնում. այս ամենի հեղինակը ՀՀ  արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Արտաշես Հովսեփյանն է։

Իսկ նրա եղբայրը ՀՀ վաստակավոր և ժողովրդական նկարիչ Զաքար Խաչատրյանն է, որը հայտնի ծաղկանկարիչ է, կերտել է Սայաթ-Նովայի, Կոմիտասի և այլոց դիմապատկերները և հայտնի եկեղեցական հուշակոթողները։

19-րդ դարի սկզբին Պարսկաստանի Սալմաստ գավառի Սավրա գյուղի Խաչատրյան տոհմից շատ ընտանիքներ եկան Արևելյան Հայաստան և բնակություն հաստատեցին Սիսիանի Սառնակունք գյուղում։ 1931 թվականին Ավագ Խաչատրյանի ընտանիքում ծնվեց Արտաշես որդին։

Տղան ողջ-առողջ մեծանում էր, սակայն ստալինյան բռնությունների տարիներին` 1937-ին, հորը՝ Ավագին, որը հող չափագրող էր, ձերբակալում են, և չորս երեխաների հոգսն ընկնում է մոր՝ Վարյայի ուսերին։

Արտաշեսի եղբայրը՝ Զաքարը, որն իրենից մեծ էր մի քանի տարով, մեկնել էր Երևան սովորելու։ Զաքարն ընդունվում է երաժշտական ուսումնարան։ Օրվա ապրուստը հայթայթելու համար Զաքարը թառ ու ակորդեոն էր նվագում, իսկ Արտաշեսը՝ դհոլ։ Եղբայրները չունեին նաև բնակության վայր։ Նրանց ընկերը՝ Գրիգոր Ղարիբյանը, որը նաև ճակատագրական դեր խաղաց նրանց՝ մասնագիտություն ընտրելու հարցում, օգնում է տուն գտնել։

Ինչո՞ւ էին եղբայրների ազգանունները տարբեր։ Զաքարը կրում էր իրենց տոհմական ազգանունը, իսկ Արտաշեսը Հովսեփ պապի անունն էր վերցրել և դարձրել ազգանուն։

Արտաշես Հովսեփյանը Թերլեմեզյանի անվան ուսումնարանի 2-րդ կուրսից  գործուղվում է Լենինգրադ՝ ուսանելու Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտում։ 1961 թվականին այն ավարտելուց հետո նա ստեղծում է հիանալի քանդակներ։

1970-ական թվականներին Ալեքսանդր Թամանյանի արձանը ստեղծելու համար հայտարարվեց մրցույթ։ Արտաշեսը մասնակցեց մրցույթին և արժանացավ առաջին ու երկրորդ մրցանակների։ Քանդակագործն աշխատում էր ինքնամոռաց և լավ էր տիրապետում ճարտարապետական գործին։

Արտաշես Հովսեփյանի բարձրաքանդակները մինչ օրս գրավում են մարդկանց ուշադրությունը։ Երևանում բոլորը, անգամ զբոսաշրջիկները, գիտեն Կասկադը և Թամանյանի արձանը։ Այնպես որ՝ մարդիկ Թամանյանով ճանաչում են Արտաշես Հովսեփյանին, իսկ քանդակագործով` ճարտարապետին։ 

Արտաշես Հովսեփյանն ընտանիքի անդամներին դաստիարակում էր իր փիլիսոփայական և արվեստի ու հայրենիքի մասին հիանալի մտքերով, դատողություններով, Նարեկացու, Կոմիտասի, Քրիստոսի մասին պատմություններով։ Նա պատգամում էր թոռնիկներին, որ արվեստ արարելու համար պետք է ունենալ հավատ և, որ անհրաժեշտ է, որ հոգուց ճառագայթող գաղափարը նյութականանա կատարյալ ձևով, քանի որ արվեստը սրբություն է՝ պատմում է թոռնուհին՝ Հասմիկ Իսրայելյանը։

Նա գտնում է, որ պապիկը իսկական արվեստագետ էր, ասում է` նրա հետ անընդմեջ զրույցներն իրեն տարել են հոգեբանության ուսումնասիրման ուղով։ Արտաշես Հովսեփյանի աշխարհը մի բարձրակարգ դպրոց էր, որտեղ սովորեց և  ուսումնասիրեց Հասմիկը։

Գրիգոր Ղարիբյանը լավ է հիշում Զաքար Խաչատրյանի դիպլոմային ավարտական աշխատանքը, որն այսօր գիտությունների ազգային ակադեմիայի թանգարանում է  գտնվում։ Նրա՝ «Արագածի մարզի ոչխարաբուծությունը» աշխատանքը առիթ դարձավ, որ ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ Գերասիմովը նրան հրավիրի իր արվեստանոցում կատարելագործվելու։ 

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը Սյունիքում եղել է Զաքար Խաչատրյանի աշակերտը, նա պատմում է, որ նկարիչն այնտեղ ստեղծել է նկարչական դպրոց, որտեղ Սյունյաց պատանիներն ու աղջիկները իմացան, թե ինչ է իսկական արվեստն ու նկարչությունը։

Զաքար Խաչատրյանի՝ «Արագածի ծաղիկները», «Մանուշակները», «Ձնծաղիկները», «Վարդերը» ոչ միայն հուզիչ են, քնքուշ, իմաստալից, այլև արթնացնում են հուշեր՝ Հայաստանի ծաղկառատ շրջաններից գեղեցիկ հուշեր, նրանք շատ քնքուշ են, թովիչ նաև վառման։ Եվ, ընդհանրապես, նրա «ծաղիկները» հիանալի տրամադրություն են հաղորդում, նրանց կարող եք հանդիպել Հայաստանի պետական պատկերասրահում, Սյունիքի մշակութային օջախներում։

Եղբայրների թոռնիկները վառ են պահում պապերի հիշատակը, և ամեն անգամ, երբ անցնում են Թամանյանի արձանի կողքով՝ հպարտությամբ են լցվում և մեծ երազանք են փայփայում, որ իրենց գալիք սերունդների մեջ մի օր առկայծի քանդակագործի և նկարչի գենը և ստեղծվեն նման անկրկնելի արժեքներ։

Back to top button