Ժամանակի վկան

Ժանյակով փրկված կյանք․ Սերիկ Դավթյանի հետքերով․ «Ժամանակի վկան»

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի գիտաշխատող Մերի Քեշիշյանն ամեն օր մի նոր անհայտ դրվագ է բացահայտում խորհրդային Հայաստանում ապրած, ստեղծագործած, կոմունիստական վարչակազմի բռնաճնշումներին ենթարկված, համարձակ, ինքնատիպ, տաղանդավոր հայուհու՝ Սերիկ Դավթյանի կյանքից։

Նրա հետ երկու հաղորդումով ներկայացնում ենք արվեստաբան, ազգագրագետ, Արվեստի վաստակավոր գործիչ Սերիկ Դավթյանի կյանքն ու գիտական ժառանգությունը։

Առաջին հաղորդումը կարող եք լսել՝ փնտրելով այն Հանրային ռադիոյի համացանցային պաշտոնական կայքէջի՝ «Ժամանակի վկան» հաղորդաշարի հարթակում։

Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք ոչ միայն Սերիկ Դավթյանի անձնական, ընտանեկան կյանքին, այլև առավել ողբերգական շրջանին՝ ստալինյան բռնաճնշումներին, բանտային և աքսորի տառապանքներին, արդարացումից հետո կյանքի վերջին տարիների մանրամասնություններին։

Սերիկ Դավթյանն Էջմիածնում աշխատելու տարիներին հասցրեց ընտանիք կազմել, երեխա ունենալ, ամուսնալուծվել, նորից երեխա ունենալ, սակայն ոչինչ չխոչընդոտեց, որ նա և իր հետ առնչված մարդիկ ենթարկվեն ստալինյան բռնաճնշումներին։

Երևանի, Կազանի, Վլադիմիրի, Սուզդալի բանտերում երկու տարի անասելի տառապանքների միջով անցնելուց հետո, Սերիկ Դավթյանին ի վերջո տեղափոխում են Մագադան, որտեղ աքսորի տասը երկար ու ձիգ տարիների անորոշությունն էր նրան սպասում։
Աշխատասիրությունն ու նվիրումը, ասեղնագործելու տաղանդն օգնում են Սերիկ Դավթյանին։ Լավ աշխատանքի համար 9 ամսով կրճատում են նրա բանտարգելության ժամկետը։

Սակայն բռնադատվածներին հայրենիք վերադառնալուց հետո մեկ այլ տառապալից կյանք էր սպասվում՝ լի արհամարհանքով, մերժումներով, վիրավորանքներով, սահմանափակումներով։ Այդպես էլ Սերիկ Դավթյանին թույլ չտվեցին ապրել Երևանում և աշխատել կրթության ոլորտում։

Անցյալ դարի 50-ականների կեսից՝ արդացումից հետո, սկսվում է Սերիկ Դավթյանի գիտական բուռն գործունեությունը։
1972-1974 թվականներին՝ գիտական գործունեությանը զուգահեռ, Սերիկ Դավթյանն սկսեց գրել իր հուշերը։

Անսահման է Մերի Քեշիշյան հետազոտողի նվիրումն առ իր ուսումնասիրության հիմնական թեման և անձը, այն է՝ արվեստաբան, ազգագրագետ, Արվեստի վաստակավոր գործիչ և, պարզապես, բարի, համեստ, աշխատասեր, համառ, ուժեղ կամքով, կենսասիրությամբ լեցուն, տաղանդաշատ, հայ մշակույթի նվիրյալ Սերիկ Դավթյանի կյանքն ու գործունեությունը։

Back to top button