Էկոսֆերա

Ինչպիսի՞ն էր 2022թ․-ը բնապահպանության ոլորտի համար․ «Էկոսֆերա»

«Էկոսֆերա»-ն ամփոփում է 2022 թվականը։
Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել
տարվա ընթացքում։ Բողոքներ, քննարկումներ, ադրբեջանական կողմի «բնապահպանական» նկրտումներ։ Այս տարի եղել են նաև հաղթանակներ։

2022 թվականի հունվար ամսին քաղաքային իշխանությունները հայտնեցին, որ ծրագրում են Երևանյան լճի վրա արևային լողացող կայաններ տեղադրել։ Եթե այս ծրագիրն իրականություն դառնա, ապա այդ կայանը կլինի տարածաշրջանում առաջինը։ Այն կունենա 150 կվտ հզորություն։ Իսկ արդեն տարեվերջին այս թեմային կրկին անդրադարձ եղավ, մասնավորապես, ՀՀ կառավարությունը 2022 թվականի նոյեմբերի 10-ի նիստում մաքսային արտոնություն տրամադրեց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին, որն ազատվեց ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ ներմուծման մաքսատուրքից:

Տարվա ընթացքում անդրադարձանք նաև Հրազդան գետի և Երևանյան լճի աղտոտման խնդիրներին։ Երևան քաղաքից տարեկան շուրջ 0.5 մլն խմ կեղտաջուր է լցվում Հրազդան գետ։ Արդյունքում՝ վտանգավոր նյութերը մարտահրավերներ են առաջացնում բուսական, կենդանական և ինչու չէ՝ մարդկանց համար։

Բավականին բուռն քննարկման առիթ դարձան «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։

«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նահանջ է ժողովրդավարությունից` ասում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Նրանք պնդում են, որ այն հակաժողովրդավարական նախագիծ է, որից պետք է հրաժարվել։ ՀԿ ներկայացուցիչների խոսքով՝ այս նախագծում մտահոգիչ կետեր կան, որոնք հարկ է քննարկել։

Յուրաքանչյուր շաբաթ «Էկոսֆերա»-ի շրջանակում անդրադարձանք նաև միջազգային լրահոսին՝ տեղեկացնելով աշխարհում էկոլոգիայի ոլոտում տիրող անցուդարձին՝ լինեն աղետներ, նոր գիտական բացահայտումներ, թե գլոբալ քննարկումներ։ Դրանցից վերջինը՝ ամենից արծարծվող միջազգային թեման՝ COP 27 համաժողովն էր, որը տեղի ունեցավ նոյեմբերին։ Համաժողովին մասնակցում էին աշխարհի ավելի քան 120 երկրի առաջնորդներ։

Ամփոփելով հաղորդումը՝ «էկոսֆերա»-ի 2022 թվականի ընթացքում ունեցած փոքրիկ ձեռբերման մասին։ Հանրային ռադիոյի «Էկոսֆերա» հաղորդաշարի երկու հաղորդում ՝ «Հայաստանն աշխարհի ամենից անապատավտանգ տարածքների թվում է» և «Կլիմայի փոփոխությունը ստիպում է նոր օրակարգ մտցել զբոսաշրջության ոլորտում» թեմաներով, մասնակցելով ՄԱԿ-ի կողմից նախաձեռնված «Դիմակայե՛նք կլիմայի փոփոխությանը» լրագրողական մրցույթի, արժանացան գլխավոր մրացանակին։ Ժյուրին բարձր գանահատեց կատարված աշխատանքը և «Էկոսֆերա»-ն ճանաչվեց մրցույթի հաղթող։

Back to top button