Ժամանակի վկան

150-ամյա «Մշակ»-ից մինչև Արցախի կրթամշակութային կյանքի վերլուծությունը միջազգային գիտաժողովներում․ «Ժամանակի վկան»

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանի հետ կլուսաբանենք կրթամշակութային թեմաներով վերջին ամիսներին գումարված երեք գիտաժողով։

«Մշակ» պարբերականը հիմնադրվել է 1872 թ․ և հրատարակվել մինչև 1921 թ․Թիֆլիսում (ներկայումս՝ Թբիլիսի)։ Ժամանակի անվանի մտավորական Գրիգոր Արծրունին թերթի հիմնադիրն ու առաջին խմբագիրն էր։

Լիբերալ հայացքներով ճանաչված հրապարակախոս ու քննադատ Գրիգոր Արծրունին Վանից գաղթած թիֆլիսաբնակ նշանավոր մեծահարուստ Գևորգ Աղայի թոռն էր և գեներալ Երեմիա Արծրունու որդին։

Որպես ուսանող և ազատ ունկնդիր ուսանել էր Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Ցյուրիխի, Ժնևի, Հեյդելբերգի, Փարիզի ու Վիեննայի համալսարաններում, ստացել էր փիլիսոփայության դոկտորի աստիճան, իսկ Մխիթարյանների մոտ խորացրել էր գիտելիքները հայագիտությունից։ Ուսանողական տարիներին աշխատակցել էր «Հայկական աշխարհ» և «Մեղու Հայաստանի» պարբերականներին։ 

1870 թ. վերադառնալով Թիֆլիս՝ տարված էր լրագիր հիմնելու գաղափարով, չնայած որ հայրը չէր խրախուսում որդու այդօրինակ նկրտումները։

«Մշակ» թերթի ծնունդը տեղի ունեցավ մի հետաքրքիր դիպվածով, երբ տարբեր երազանքներ ունեցող երեք երիտասարդները հանդիպեցին Թիֆլիսում՝ «Եվրոպա» սրճարանում։ Գրիգոր Արծրունու հանդիպումը Միհրդատ Ամերիկյանի և Գևորգ Չմշկյանի հետ, որոնք երազում էին հայկական թատրոն հիմնելու մասին, կողմնորոշիչ եղավ։ Արծրունին ոգեշնչված հիմնադրեց «Մշակ» թերթը, որը լույս էր տեսնում սկզբում շաբաթական մեկ, այնուհետև՝ երկու, երեք և հինգ անգամ։

«Մշակ»-ի Էջերում լայնորեն լուսաբանվում էին արևելյան ճգնաժամը, ազգային-ազատագրական շարժումները, ռուս-թուրքական պատերազմը, Հայկական հարցը Բեռլինի կոնգրեսում, Թուրքիայում հայերի ծանր կացությունը, կրթության ու լուսավորության, կանանց աշխատանքի շահագործման, հայ գրականության ու արվեստի զարգացման և հանրային հնչեղության այլ հարցեր։

Թերթն ուներ նաև օտարերկրյա թղթակիցներ, ովքեր տեղեկություններ էին հաղորդում Գերմանիայում, Շվեյցարիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Արծրունին բարեփոխումների կողմնակից էր, բացասաբար էր վերաբերվում հեղափոխական շարժումներին։

Թերթում տպագրվում էին Րաֆֆու, Ռ. Պատկանյանի, Ա. Շիրվանզադեի և այլոց ստեղծագործությունները։ «Մշակ»-ի հետ նաև համագործակցում էր Գրիգոր Արծրունու եղբոր՝ երկրաբան-ճարտարագետ Անդրեաս Արծրունու հետ, որը վեր էր հանում ընդերքի օգտագործման հարցերը, մեծ նշանակություն էր տալիս Հայաստանի տնտեսության մեջ լեռնարդյունահանմանը։ Իսկ Գրիգոր Արծրունին, ունենալով տնտեսագիտական կրթություն, թերթում մեծ տեղ էր հատկացնում տնտեսագիտական հարցերին։ 

Երբ 1879 թվականից գրող Րաֆֆին մշտական բնակություն հաստատեց Թիֆլիսում, որոշ ժամանակ աշխատակցեց «Մշակ» թերթին։ Սակայն Գրիգոր Արծրունու և Րաֆֆու միջև տարաձայնությունները, ինչպես նաև թերթի ֆինանսական դժվարությունները հարցականի տակ դրեցին հետագա համագործակցությունը և 1884 թվականից նրանք դադարեցին միասին աշխատել։

«Մշակ»-ը, չնայած ցարական գրաքննության հարուցած դժվարություններին, լայնորեն անդրադառնում էր հայկական հարցին՝ լուսաբանելով 1894-1896 թթ. սուլթան Համիդի կազմակերպած արևմտահայության ջարդերը,1904 թ. Սասունի ապստամբությունը, Արևմտյան Հայաստանում սաստկացող ազգային ճնշումները, հայության տնտեսական ծանր կացությունը։ Դեռ 1890-ական թթ․ թերթի էջերում խիստ քննադատության էր ենթարկվում երիտթուրքերի կուսակցությունը, որն իր գաղափարախոսությունը շղարշում էր եվրոպական լույսով։

1892 թվականին՝ Արծրունու մահից հետո, «Մշակ»-ը խմբագրում էին Ալեքսանդր Քալանթարը, ապա՝ Համբարձում Առաքելյանը։ Ցարական կառավարությունը և գրաքննությունը բռնաճնշումների էին ենթարկում հայալեզու մամուլը և հայ առաջադեմ գործիչներին։ Հետապնդումների ենթարկվեց նաև «Մշակ»-ը 1907թ․-ի մայիսի 13-ից մինչև սեպտեմբերի 7-ը դադարեցվեց «Մշակի» հրատարակությունը։ Ուսումնասիրելով 1917-20 թթ. «Մշակ»-ի հրապարակումները, կարող ենք արձանագրել, որ թերթը դարձել էր բուրժուական ազգայնականության բարձրախոսը։

Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և Արցախի պետական համալսարանի նախաձեռնությամբ 2022 թ․ մարտի 29-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ «Կրթամշակութային կյանքն Արցախում» խորագրով գիտաժողովը։ Այն նախատեսված էր կազմակերպել Արցախում, սակայն ադրբեջանական հերթական ագրեսիան խափանեց ծրագրերը և, լարվածության աճով պայմանավորված, կայացավ Երևանում: Գիտաժողովին Արցախից մասնակցողները ելույթ ունեցան հեռավար։

Հնչեցին մի շարք արդիական թեմաներով զեկույցներ, որոնցից էին՝ «Կրթամշակութային կյանքը Արցախում», «Ադրբեջանի կողմից կիրառվող մշակութային եղեռնագործ քաղաքականության շարունակական գործողություններն Արցախում», «Արցախահայերի դերը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործում», «Հայկական մշակութային ժառանգության յուրացման քաղաքականությունը 1991-2019 թթ.», «Արցախի ազգաբանական պատկերը» և այլն։

Սույն թվականի հունիսի 23-25-ին կայացավ ևս մեկ՝ «Սյունիքի և Արցախի ազատագրական պայքարի 300-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովը», որը կազմակերպել էր Հայաստանի պատմության թանգարանը։

Եռօրյա գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին 1722 թվականին Սյունիքում Դավիթ Բեկի գլխավորությամբ բարձրացված ապստամբության, Արցախի մելիքությունների ազատագրական պայքարի, ազատագրական շարժման առաջնորդների արտաքին կողմնորոշումների ու անհաջողության պատճառների, տարածաշրջանում ծավալվող աշխարհաքաղաքական փոփոխությունների, ինչպես նաև Սյունիքի ու Արցախի մշակութային ժառանգության վերաբերյալ պատմագիտական, հնագիտական, ազգագրական և մշակութաբանական ուսումնասիրությունները, շեշտվեց դրանց արդիականությունը:

Գիտաժողովների պակաս թե՛ հանրապետական և թե՛ միջազգային մակարդակներով, կարծես, չկա Հայաստանում և չի էլ եղել նաև անցած տասնամյակներում։  Սակայն պետք է արձանագրենք, որ արդյունքը չնչին է, քանի որ մեր հարևան, մեզ թշնամաբար տրամադրված երկու պետությունները՝ Ադրբեջանը և Թուրքիան, իրենց կեղծ գիտական թեզերը միջազգային հարթակներում լայնորեն տարածելով, տարբեր քարոզչական միջոցներով գրավում են տեղեկատվական դաշտերը։

Այդ սանձարձակությունը սահման չունի, այն աստիճանի է հասել, որ վերջերս Ադրբեջանը նամականիշ է թողարկել 10 հազար օրինակով, որտեղ Երևանը, Նախիջևանը, Գանձակը և Սևանա լիճը նշված են որպես իրենց պատմական հայրենիք։ Արցախը նշված չէ, հավանաբար այդ մասին արդեն այնքան վստահ են, որ չեն էլ նշել, փոխարենը դաշտային ու լեռնային Արցախի տարբեր բնակավայրեր նշված են, որպես ադրբեջանական։ Ի՞նչ անել, որ չստացվի թե գիտաժողովները զուտ ասել-խոսելու, ու փաստեր արձանագրելու հարթակներ են։

Back to top button