Էկոսֆերա

Աշխարհի ամենահայտնի 12 ծառերը, որոնք արժե տեսնել․ «Էկոսֆերա»

Այս թողարկման ընթացքում կպատմենք ամենահայտնի ծառերի մասին, որոնց տեսնելու համար զբոսաշրջիկները հազարավոր կիլոմետրեր են կտրում։ Մայր բնությունը մեզ շատ զարմանալի պարգևներ է տվել: Բուսական աշխարհի արքաները՝ ծառերը, կարող են բազմաթիվ անակնկալներ մատուցել։

Առաջինը «Ջահեր» կոչվող ծառն է, որը գտնվում է ԱՄՆ-ում։ Ութսուն տարի առաջ Չարլի Անդերվուդը որոշել է իր սեփականության վրա ճանապարհային ատրակցիոն ստեղծել: Նա հսկա սեքվոյայի մեջ մեքենայի չափով անցք է փորել։ Ծառը շուրջ 2.5 հազար տարեկան է։ Իսկ առհասարակ, Կալիֆորնիայի ափամերձ հատվածում` Սան Ֆրանցիսկոյից 175 մղոն դեպի հյուսիս՝ Լեգեթում, գտնվում է «Դրայվ Սրու դը Թրի» զբոսայգին, որը թարգմանաբար նշանակում է ծառի միջով վարել։

Այս զբոսայգում այցելուները կարողանում են ավտոմեքենայով անցնել կարմիր բուն ունեցող այս հսկայական ծառերի միջով։ Այս զբոսայգու ամենահայտնի ծառը Շանելիերն է, որ 96 մ բարձրություն ունի: Այն Սեքվոյա ծառատեսակին է պատկանում, և անվանում են Կալիֆորնիայի Կարմրաբուն: Մեքենաները կարողանում են անցնել դրա բացվածքով, որը 2․02 մ երկարություն ունի և 2 մ լայնություն: Այս և նմանատիպ ծառերի բները փորվել են 1930-ականներին: Այս ծառն իր անունը ստացել է անհավանական մեծ չափերի հասնող ճյուղերի հետաքրքիր ձևավորման համար:

Թարգմանաբար նշանակում է «ջահ»: Ծովափնյա կարմրաբունները համարվում են աշխարհի ամենաբարձր ծառատեսակներից մեկը` ըստ «Նեյշանալ Ջեոգրաֆիկի»: Չնայած Շանելիեր-ջահ ծառը ամենաբարձրահասակը չէ, այնուամենայնիվ, տեսակով այդպիսին է համարվում: Բազմաթիվ զբոսաշրջիկներ ամեն տարի այստեղ են գալիս` տեսնելու այս հրաշալի, հետաքրքրիր ծառատեսակները:

Հաջորդ ծառը, որն արժե տեսնել՝ Բահրեյնում գտնվող «Կենաց ծառ»-ն է կամ Կյանքի ծառը։ Այն աճում է միայնակ, Բահրեյնի անապատում՝ այլ ծառերից կամ ջրի աղբյուրից կիլոմետրերով հեռու։ 400-ամյա գաճաճ ծառը գոյատևման հրաշք է։ Տեղացիները կարծում են, որ Կենաց ծառը գտնվում է այն վայրում, որտեղ ժամանակին ծաղկել է Եդեմի այգին։ Բույսի ապրելու հաջողության գրավականն արմատն է, որն իջնում է 35 մետր խորությամբ և հասնում ստորգետնյա ջրի աղբյուրին: Այս ծառը շատերը կապում են կրոնի, առեղծվածների ու միֆալոգիայի հետ:

Այն խորհրդանշում է Երկրի վրա կյանքի փոխկապակցվածությունն ու կյանքի էվոլյուցիան: Բահրեյնի այս տարածքը անապատային է, և ծառը գտնվում է անապատի հենց կենտրոում: Աշխարհի 7 նոր հրաշալիքների հիմնադրամը Կյանքի Ծառը դասակարգել է որպես Աշխարհի 7 նոր հրաշալիքներից մեկը: Ծառն ավելի քան 9 մ բարձրություն ունի: Այն նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է: Տեղակայված է մոտ 7 մետր բարձրություն ունեցող բլրի վրա: Առեղծվածային ու անսովոր երևույթ է այն, թե ինչպես է այս ծառը գոյատևել անջուր պայմաններում 400 տարի շարունակ: Գիտնականներին չի հաջողվել հասկանալ, թե որտեղից է ծառը կարողանում գտնել ջրի աղբյուրը։

Բահրեյնի բնակիչները հավատացած են, որ ծառը գտնվում է Եդեմի այգու տեղում։ Ամեն տարի այս վայր է այցելում 50.000 զբոսաշրջիկ։ Ըստ «Գալֆ Դեյլի Նյուս»-ի` ծառը հաճախ վանդալիզմի է ենթարկվում. դրա վրա գրաֆիտիներ են նկարում, փորագրում:

Երրորդ ծառը Մեքսիկայում է։ Եկեղեցու բակում աճում է մեքսիկական հսկա 2000 տարվա տաքսոդիում։ Այն համարվում է մոլորակի ամենամեծ բուն ունեցող ծառը, որի շրջագիծը 42 մետր է։ Այն գրկելու համար ձեռք ձեռքի տված կպահանջվի 30 մարդ։

Աշխարհի ամենահայտնի ծառերի չորրորդ սանդղակում Շոտլանդիայում գտնվող Ֆորթինգալյան կենին է։ Այս ծառը ավելի քան երեք հազար տարեկան է։ Կենին ամենահին ծառն է Մեծ Բրիտանիայում և, հավանաբար, ամբողջ Եվրոպայում։

Հինգերորդ հայտնի ծառը ևս գտնվում է ԱՄՆ-ում, այն անվանում են անգլիական կաղնի։ Ծառը 1.5 հազար տարեկան է, բարձրությունը՝ 20 մետր, բնի տրամագիծը՝ 2,7 մետր։

Վեցերորդ հայտնի ծառը Եմենում գտնվող Կարմիր վիշապածառն է կամ վիշապենին։ Միշտ կանաչ այս ծառերն ասես այլ մոլորակից եկած լինեն։ Նույնիսկ զարմանահրաշ է մուգ կարմիր խեժը, որը դուրս է գալիս ծառը կտրելիս: Այս պատճառով են ծառի այս տեսակն անվանում վիշապի ծառեր:

Գրեյթ Բանյան, Հնդկաստան։ Այս հսկայական ծառը զբաղեցնում է ավելի քան երկու հեկտար տարածք։ Ըստ լեգենդի՝ հսկա ծառն աճել է այն վայրում, որտեղ 1394 թվականին հավատարիմ կին Լեդի Թիմմաման այրվել է ամուսնու թաղման բուրգի վրա: Բանյան ծառը երեք հազար հաստ և նույնքան բարակ բներ ունի: Հեռվից ծառը նման է անտառի: Նշվում է, որ այդ ծառի ստվերում կարող է տեղավորվել յոթ հազար մարդ։

Բանյան ծառն ունի աշխարհի ամենամեծ թագը։ Բանյանը սիրում են անվանել նաև «ծառ-անտառ», քանի որ այն ունի հազար բուն՝ ի տարբերություն սովորական ծառերի։ «Բանյան» անունը եվրոպացիներն են տվել ծառին։

Պատմությունն այսպիսինն է. Անգլիայի և Պորտուգալիայի ծովագնացները նկատել են, որ հինդու առևտրականները Բանյանները սիրում են հավաքվել բարձրահասակ ծառերի տակ՝ լինի կոմերցիոն գործունեության, պարզապես հաղորդակցվելու, թե հանգստանալու համար։ Այստեղից էլ առաջացել է «Բանյանների ծառ» (այսինքն՝ վաճառականների ծառ) անունը։

Միայնակ նոճին գտնվում է ԱՄՆ-ում, Կալիֆորնիայում։ Լեգենդար ծառն աճում է գրանիտե ժայռի վրա, որը նայում է Խաղաղ օվկիանոսին: Ենթադրվում է, որ ծառը 250 տարեկան է: Մութ կենդանի ցանկապատ, որը գտնվում է Հյուսիսային Իռլանդիայում։ Հաճարենիներից կազմված պուրակը հայտնի է որպես Թագավորի ճանապարհ: Ծառերը տնկվել են 17-րդ դարի վերջին։ Այն նույնիսկ ունի իր սեփական ուրվականը՝ խորհրդավոր Մոխրագույն Լեդին, որը թափառում է թունելի երկայնքով և անհետանում, երբ անցնում է վերջին ծառի մոտով։

Իսկ ահա Հարավային Աֆրիկայում ապրող հսկա բաոբաբը համարվում է ամենամեծը և, հնարավոր է, ամենատարեցն աշխարհում։ Այն 1.7 հազար տարեկան է։ 10 մետրանոց բնում կա բար և գինու մառան։ Աֆրիկայում բաոբաբներին երբեմն անվանում են «Կյանքի ծառ»: Սակայն այս դեպքում ոչ աստվածաբանական կամ հոգևոր առումով: Այս ծառը բազմաթիվ ձևերով հեշտացնում է բնիկների կյանքը, օրինակ՝ կերակուր տրամադրելով:

Ծառի պտուղները կոչում են «Կապիկի հաց», որը հարուստ է C վիտամինով: Այս ծառի կեղևից պատրաստում են պարաններ, գործիքներ ու հագուստ: Բացի դրանից` ծառերը նաև ծառայում են որպես ապաստան: Բաոբաբներ կարելի է տեսնել նաև Ավստրալիայում: Ամենատարօրինակ բաոբաբը, որ կարելի է գտնել Ավստրալիայում, Արևմտաավստրալիական բանտ բաոբաբն է:

1890-ականներին բազմաթիվ բաոբաբներ ծառայել են որպես ժամանակավոր բանտեր: Այսպիսի բանտ-ծառեր կարելի է տեսնել ամբողջ Ավստրալիայի տարածքով մեկ, հատկապես Վինդհեմի շրջանում: Ըստ 1966 թվականի արխիվային փաստաթղթերի`այս բանտ-բաոբաբների մեջ մինչև 30 բանտարկյալներ են պահվել: Իսկ նրանցից որոշները պահվել են դրսում`շղթաներով:

Նախկինում որպես բանտ ծառայելով` այս ծառերն այսօր տուրիստական վայրեր են, ուր ամեն տարի բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում:

Շրի Լանկայում գտնվող Շրի Մահա Բոդհի անվամամբ հայտնի թզենին կամ սուրբ թզենին մարդու տնկած ամենահին ծառն է, որը տնկվել է մ.թ.ա 249 թվականին։ Շատերը կարծում են, որ տնկին կտրվել է Հնդկաստանի Շրի Մահա Բոդհիի ծառից, որի տակ Բուդդան պայծառատես է դարձել:

Գույնզգույն անտառ, որը գտնվում է ԱՄՆ-ում։ Բազմագույն կամ ծիածանագույն էվկալիպտ ծառի վառ կանաչ կեղևը, երբ հասունանում է, ձեռք է բերում տարբեր երանգներ՝ մանուշակագույն, կապույտ, նարնջագույն, շագանակագույն և այլն։

Ծիածան էվկալիպտը մեր մոլորակի ամենաբարձր ծառերից մեկն է: Այս տեսակը հետաքրքիր է ոչ այնքան իր բարձրությամբ, որքան իր գեղեցկությամբ։ Ի դեպ, այն օգտագործվում է սպիտակ թուղթ պատրաստելու համար, ինչպես նաև դրանից պատրաստում են քսուքներ ու դեղամիջոցներ, որոնք ունեն ախտահանիչ, հակաբորբոքային, ցավազրկող և հակամանրէային հատկություն։ Հավայան կղզիների գունագեղ այս անտառը տեսնելու լավագույն վայրերից մեկն է։

Back to top button