Սփյուռքի ձայնը

Սփյուռքահայերն իրենց աշխատանքով ազատություն և նոր շունչ են բերում․ «Սփյուռքի ձայնը»

Սփյուռքահայ աշխատող և հայաստանցի գործատու հարաբերությունները հետաքրքիր փոխադարձ հմտություններ և աշխատանքի նոր մշակույթ են ձևավորում` ասում են Նիդեռլանդներից հոգեբան, կամավորության սկզբունքով աշխատող Էլեն Համբարձումյանը և գործատուն՝ «Արվեստարան» ստեղծարար զարգացման կենտրոնի տնօրեն Հասմիկ Թանգյանը։

Հասմիկ Թանգյանը, որը մի քանի սփյուռքահայ կամավորների հետ է աշխատել, նշում է, որ նրանք, ի տարբերություն հայաստանցի մասնագետների, գիտեն կամավորության կարևորությունն ու առավելությունը:

«Տեղացի մասնագետները ժամանակի ընթացքում մոտիվացիայի կարիք են զգում և աշխատանքը կորցնում է իր հետաքրքրությունը և դառնում առօրյա գործընթաց: Մենք կարող ենք օգնել մեր հարազատին, բարեկամին կամ ծանոթին, իսկ անծանոթին օգնելու սովորույթը դեռևս ընդունված չէ: Իսկ սփյուռքահայերը կամավորության ու անծանոթի օգնելու գործընթացներին ծանոթ են, ինչը ավելի շատ է օգնում՝ երկարատև և արդյունավետ աշխատանքին»,- ասում է Հասմիկը:

Էլենը Համբարձումյանը, որը չորս ամիս է Հայաստանում է, նշում է, որ իր ծնողները այնքան էլ համաձայն չեն եղել Հայաստան գալու իր որոշման հետ: «Պատերազմից հետո ես հասկացա, որ պետք է այստեղ լինեմ, ինչով կարողանամ օգնեմ: Ծնողներս ունեին մտավախություններ քովիդի և պատերազմական իրավիճակի հետ կապված: Այսօր, սակայն, երբ խոսում եմ նրանց հետ, հպարտանում և ուրախանում են իմ այստեղի աշխատանքով, ինչը ինձ ևս ոգեշնչում է»,- ասում է Էլենը:

Հասմիկ Թանգյանը, կարևորելով դրսի ուժերն օգտագործելու փորձը, նկատում է, որ սփյուռքահայ մասնագետները, որոնք նոր ու թարմ շունչ են բերում իրենց հետ։ Ըստ նրա` նրանք նաև կարող են օգնել, որ համապատասխան մասնագիտական գրականությունը թարգմանվի հայերեն` տեղի մասնագետներին օգնելու նպատակով։

Back to top button