Սփյուռքի ձայնը

Գրականությունը կարող է պետությունը ներկայացնող միջոց դառնալ․ «Սփյուռքի ձայնը»

Յուրօրինակ ու ինքնատիպ գրող, ամերիկաբնակ Սոնա Վանը իր ստեղծագործական կյանքը ամբողջացնում է ոչ միայն հետաքրքիր ու չկրկնվող գործերով, այլև դրանց՝ համաշխարհային գրական միջոցառումներում և ծրագրերում ներկայացնելով։

Վերջինը Խորվաթիայում անցկացված միջազգային սիմպոզիումին մասնակցությունն էր, որտեղ մեր հայրենակցուհին նաև մրցանակների է արժանացել։ «Տարբեր մրցանակների եմ արժանացել՝ տարբեր ստեղծագործությունների համար։ Իմ «Լիբրետո անապատի համար» գործը թարգմանվել է նաև խորվաթերեն»,- ասում է Սոնա Վանը։

Այդ բանավեճերում և հանդիպումներում Սոնա Վանը փորձել է ճշմարտությունը ներկայացնել բոլոր նրանց, ովքեր Հայաստանը համարում են ագրեսոր երկիր՝ ներկայացնելով մեր երկիրը՝ հատկապես գորղներին, մշակույթի ու արվեստի գործիչներին, որոնք ծանոթ չեն ոչ Հայաստանին, ոչ էլ նրա ունեցած դժվարություններին։ Նա նշում է, որ գրեթե բոլոր երկրներում, որտեղ գրական հանդիպումների է մասնակցում, անդրադարձ է լինում Հայաստանին ու նրա՝ տարածաշրջանում ունեցած խնդիրներին։

«Մեր երկիրը հաճախ են ագրեսոր համարում, իմ խնդիրն է գրական ու մշակությաին ոլորտում գործողներին ներկայացնել ու ապացուցել հակառակը։ Եվ դա ինձ մոտ ստացվում է»,- ասում է։

Նյու Յորքում կայացած մրցանակաբաշխության ժամանակ Սոնա Վանը նաև շքանշանի է արժանացել։ Ասում է, որ այն ընդունել է արցախյան վերջին 44-օրյա պատերազմում մարտնչած զինվորների անունից , որոնք, նրա խոսքով, կռվում էին հանուն արդարության։ Իր ըմբոստությունը գրողը արտահայտել է նաև Խորվաթիայում։

«Գրողի զենքը գրիչն է և խոսքը»,- ասում է բանաստեղծուհին։ Սոնա Վանը, որի գործերում արծարծվում է նաև Ցեղասպանության թեման, տեղ է գտել նաև վերջին պատերազմը։ Գրել է բանաստեղծություններ արցախյան պատերազմի մասին։

Յուրաքանչյուր ոք, իսկ արվեստին ու մշակույթին մոտ կանգնածները անհանգստանում են հայրենիքի գոյության խնդիրներով։ Սոնա Վանին, որը թեև ապրում է ԱՄՆ-ում, հուզում է հայոց պետականության այսօրը, պահպանության ճանապարհները։ Իսկ այն, որ տարիներ շարունակ Հայաստանի և սփյուռքի միջև գրականության շնորհիվ կապն ամրապնդողներից է, առավել է մտահոգվում հարաբերությունների գոյությամբ։

«Պետականությունը կարող է վտանգվել տարբեր պատճառներով։ Պետք է կարողանալ ուժերը համախմբել և տարածաշրջանում ներկայացնել քեզ ու քո շահերը։ Որևէ երկիր քեզ հետ հաշվի չի նստի, եթե դու առաջարկելու բան չունես։ Իսկ մենք դա ունենք և պետք է համագործակցենք մի քանի ուղղությամբ»,- նշում է բանաստեղծուհին։

Back to top button