Մշակույթ

2021-ը՝ Գորիսի և Կապանի թատրոններում

 «Սեր ու երազանք փամփուշտներիս հետ՝  պայթեցին հեռվում, բայց դեռ ունեմ հույս․․.».

Հայաստանի վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանն է Կապանի դրամատիկական թատրոնի բեմում. 2021 թվին էր «Ես դեռ ունեմ հույս» ներկայացման առաջնախաղը։  Հենց այս ներկայացումից հետո ծնվեց Խորեն Լևոնյանի «Հույս» ալբոմը, որի երգերի մեծ մասի հեղինակները Կապանի դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանն ու  գեղարվեստական ղեկավար Իշխան Ղարիբյանն են։ Երգերն ստեղծվել են  պատերազմի օրերին։

Ո՞վ է Հայաստանը, ի՞նչ ճանապարհ է անցել, հիվանդ է արդյո՞ք հիմա, ի՞նչ է սպասվում նրան․ վիզուալ պատկերներով, դերասանների խաղով ու երաժիշտների կատարմամբ ստացվեց «Ես դեռ ունեմ հույս» ներկայացումը։ Կապանի թատրոնի ռեժիսոր, բեմադրիչ Քրիստինե Սլոյան․

«Հերոսուհին՝ ինքը Հայաստանի 3-րդ հանրապետությունն է։ Ծննդյան պահից նրա  ամբողջ կյանքը եղավ պատերազմ, սով, էլի պատերազմ, բայց ինքը չի ընկճվում ու միշտ մնում է լուսավոր»։

«Ես դեռ ունեմ հույս»-ը Կապանի դրամատիկական թատրոնի անցած տարվա միակ նոր բեմադրությունը չէր։ Եղան նաև «Գիշատիչների խնջույքը», «Անհաջող գործարքը», «Կոդան», «Մանչուկն ու Կառլսոնը», «Լիլի Բոբի» ամանորյա հեքիաթ-ներկայացումը։ Թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանն ասում է՝ դեռ կլինեն նորերը, բայց խաղացանկը կախված է տարբեր հանգամանքներից․

«Ներկայացումներ հանվեցին դերասանների հիվանդության պատճառով։  Կորոնավիրուսային վիճակը մեզ անկանխատեսելի է դարձնում, քանի որ ներկայացումներ դրվում էին, բայց պրեմիերաները չէին կայանում»։

Համավարակն անցյալ տարի խանգարեց նաև Գորիսի թատրոնին։ Տնօրենի տեղակալ Աիդա Հայրապետյանի խոսքով՝ կորոնավիրուսի պատճառով հանդիսատես են կորցրել։ Հիմա Ամանորի ներկայացումներ են թատրոնում.

«Ճիշտ է, գալիս են, բայց 360 տեղանոց դահլիճի 150-200 երեխա հազիվ ենք նստցենում։ Էս հիվանդությունը բոլորիս հետ գցեց»։

Գորիսի թատրոնի դերասանական կազմը մեծ չէ՝ ընդամենը 12 դերասան։ Բեմադրել են 5 ներկայցում, 4-ն արդեն հանձնել են հանդիսատեսի դատին։ Տարին հեշտ չէր նաև Կապանի դրամատիկական թատրոնի համար, բայց տնօրեն Տիգրան Աթայանն ասում է՝ արել են, ինչ կարող էին։ Տնօրենի խոսքով՝ դերասանները երևանյան բեմերի իրենց գործընկերներին չեն զիջում։ Անհրաժեշտության դեպքում նաև դրսից հրավիրյալներ են ունենում․

«Մենք հրավիրել են Կրասնոդարի թատրոնից մեր լավ ընկեր Գալուստ Ներսիսյանին, որը բեմադրել է «Կոդա» ներկայացումը։ Այն մեր թատրոնի հեղինակային ներկայացումներից է։ Մենք հաճախ ենք հրավիրում ռեժիսորներ, նկարիչ, դերասաններ, դեռ կարողանում ենք հոգալ նրանց հոնորարի և կեցության հարցերը թատրոնի արտաբյուջեի հաշվին»։

Գորիսի թատրոնի տնօրենի տեղակալ Աիդա Հայրապետյանն ասում է՝ մեծ է թատրոնի անձնակազմը դրսից մասնագետներով համալրելու ցանկությունը, բայց լուծման կարիք ունեցող խնդիրներ կան, և առաջինը՝ կեցության խնդիրն է։ Աիդա Հայրապետյան․

«Էս պահին մեզ մոտ մառախուղ է, ցուրտ է, պատուհանները փոխած չի, չենք տաքանում։

–Դահլիճն էլ չի տաքացվո՞ւմ

–Չէ, տաքացվում է, բաքսիներ են դրել, բայց, դե, պատուհանները որ փոխված չեն, ի՞նչ օգուտ։ Խնդիրն այն է, որ հյուրախաղերի են գնում սահմանամերձ գյուղեր, անսարք է մեքենան, մի կերպ գնում ենք, մի կերպ գալիս»։

Կապանի թատրոնը փոխադրամիջոցի խնդիր չունի։ Օրեր առաջ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի որոշմամբ թատրոնը նվեր ստացավ միկրոավտոբուս՝ սահմանամերձ բնակավայրեր հյուրախաղերի գնալու համար,  գերհզոր լուսային և ձայնային տեխնիկա,  բազմաֆունկցիոնալ տպագրական սարք։ Սա, տնօրենն ասում է, իրենց աշխատանքի որոշ հատվածներ կհեշտացնի, բայց դերասանական կազմը նաև գնահատանքի կարիք ունի․40 տարի թատրոնում աշխատած դերասաններ Նատալյա Բաղդասարյանին ու Արտավազդ Գրիգորյանին անցած տարի ներկայացրել էին կոչման։ Տիգրան Աթայան․

«Շատ ցավալի է, որ մարդիկ ապրել են այս քաղաքում, աշխատել են ի նպաստ այս թատրոնի, այս քաղաքի համար, բայց որևէ կոչում չունեն։ Ինձ համար սա ցավալի է և վիրավորական, որ մեր թատրոնն ունի ընդամենը մեկ վաստակովոր արտիստ, որին հրավիրել ենք Երևանից՝ թատրոնում աշխատելու»։

Անկախ տրված–չտրված կոչումներից, ֆինանսական ու տեխնիկական դժվարություններից՝ Սյունիքի թատրոններն աշխատում են, ու դրանց գնահատականը ամեն ներկայացումից հետո չդադարաող ծափերն են։

Back to top button