Սփյուռքի ձայնը

Ադամ Բարրոյի «Հողն է կանչում հայրենի» երգը Սփյուռքի հոգու կանչն է․ «Սփյուռքի ձայնը»

Օրեր առաջ ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն Հանրային ռադիոյի լեգենդար 6-րդ ստուդիայում ձայնագրեց իր առաջին ստեղծագործությունը:

«Հողն է կանչում հայրենի». այսպես է անվանել երգը հեղինակը։ Այն երգչի սեփական հույզերն ու ապրումներն արտահայտելու միջոցներից մեկն է:

Ե՞րբ է ծնվել «Հողն է կանչում հայրենի» երգը, ո՞ւմ է հասցեագրված․ օպերային երգիչ Ադամ Բարրոն ասում է․

«Երգը ծնվել է Ֆրանսիայում, մեկ գիշերվա ընթացքում: Ես շատ հաճախ եմ ասում, որ եթե Հայաստանի երեք միլիոն բնակչությունը հնարավորություն ունենար որոշ ժամանակով հեռու լիներ հայրենիքից, կհասկանար հողի գինն ու կանչը: Մենք՝ դրսում ապրողներս, դա միշտ զգում ենք, դա մեր մշտական ուղեկիցն է»։

Բարրոյի այցերը Հայաստան գնալով հաճախակի են դառնում՝ մի շարք հանգամանքներ հաշվի առնելով: Ասում է, որ հողի կանչը հաճախ է իրեն բերում հայրենիք։

«Այս անգամ ավելի երկար մնացի՝ հասկանալու համար, արդյո՞ք կարող եմ ապրել այստեղ, արդյո՞ք այն բոլոր դժվարություններն ու բողոքները, որ լսում եմ շատերից, կխանգարեն նաև ինձ: Այո, շատ են մեր խնդիրները, որոնք, ի դեպ, ամենուր են, սակայն երբ տրամադրվածությունը, աշխատասիրությունն ու հայրենասիրությունը միաձուլվում են, շատ հարցեր հունի մեջ են ընկնում և կյանքն ավելի լավն է դառնում աչքիդ»,- ասում է օպերային երգիչը:

Ադամ Բարրոն հայաստանցի արվեստագետների հետ հաճախ է հանդիպում: «Արվեստագետի պայքարը ժանյակի նման է: Պետք է և՛ գեղեցիկ լինի և պիտանի»,- շեշտում է։

Back to top button