Մոռացված ֆիլմերի ստվերները

Ալբերտ Մկրտչյանի «օլիգարխները»․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի «Կյանքի լավագույն կեսը» կինոնկարը, կարծես թե, մեր օրերի օլիգարխների նախապատմությունը լինի։ Խորհրդային շրջանի հասարակության այդ շերտը միության փլուզումից հետո «մուտացվեց»՝ դառնալով նորանկախ Հայաստանի հասարակության առայժմ անբուժելի մի հիվանդություն։  

Բայց արվեստն օգնում է հասարակությանը բուժելու վերքերը, հրաժարվելու վատ ավանդույթներից ու առողջանալու։

Կինոռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանի գրեթե բոլոր ֆիլմերը հայկական կինոյի նեոռեալիզմի յուրօրինակ դրսևորումներ են։ Մանկության տարիների հուշերն ու ապրումները նա վերածել է կինոսցենարների և ստեղծել մի քանի հաջողված  ֆիլմեր։

Իսկ ամեն ինչ սկսվեց մանկության բակից, Լենինականի «Տեքստիլ» գործարանի ինքնագործ թատերական խմբակից. հետո Երևան՝ Գեղարվեստաթատերական ինստիտուտ, ապա՝ Մոսկվայի համամիութենական ինստիտուտի Եֆիմ Ձիգանի ռեժիսորական կուրսի դասընթաց։ Այստեղ էլ հենց նա նկարահանեց իր առաջին կարճամետրաժ «Լուսանկար» ֆիլմը։

Ալբերտ Մկրտչյան
armenpress.am

«Ալբերտ Մկրտչյանի համար կարևորը սրտից բխածն էկրանին հանձնելն էր»,- այսպես է հիշում իր ուսուցչին և ավագ ընկերոջը դերասան Աշոտ Եդիգարյանը, որի մուտքը կինոաշխարհ սկսվել է Ալբերտ Մկրտչյանի հրավերով։

Ֆիլմի հիմքում իրենց կյանքի լավագույն կեսն ապրած, մանկության երկու ընկերների՝ Արմենի և Հայկի պատահական հանդիպման պատմությունն է։ Նրանց ճակատագրերը տարբեր կերպ են դասավորվել. Հայկը դարձել է մեծահարուստ, այդ տարիներին տարածված բնորոշմամբ «ցեխավիկ», իսկ Արմենը` քիմիկոս, ինժեներ։ Մեկը սիրում է աշխարհից օգտվել, մյուսը`արարել ու ստեղծել։ Տարիներ անց ընկերների հանդիպումը սկզբում ուրախություն, իսկ հետո հիասթափություն է բերում։ «Ավելի քան չորս տասնամյակ առաջ նկարահանված կինոնկարում շոշափվող թեման արդիական էր և՛ այն տարիներին, և՛ այսօր։ Ընկերներից մեկը կյանքի վայելքներում է, մյուսն ուղղակի խաղից դուրս է»,- ասում է  ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը, որն այս ֆիլմում մարմնավորել է դժվարությամբ, բայց ազնվորեն իր հացը վաստակող Արմենի կերպարը։

Գուժ Մանուկյան

«Հայֆիլմ» կինոստուդիային կից դպրոց-ստուդիայի՝ Ալբերտ Մկրտչյանի ավարտական կուրսի ուսանող Աշոտ Եդիգարյանը ուրախությամբ ընդունեց իր վարպետի առաջարկը։ Հավանաբար քչերը կհիշեն, որ կինոյում դերասան Աշոտ Եդիգարյանի առաջին դերը հենց «Կյանքի լավագույն կեսը» ֆիլմում էր։

Ֆիլմում հետաքրքիր երանգավորմամբ մի տեսարան կա։ Գլխավոր հերոսները ծարավը հագեցնելու համար կանգ են առնում մի սառնորակ աղբյուրի մոտ։ Այնտեղի գինովցած երիտասարդներից մեկի  անշնորհք պահվածքը չի վրիպում նրանց ուշադրությունից և վեճի պատճառ է դառնում։ Այդ խուլիգանին մարմնավորել է Աշոտ Եդիգարյանը և այնքան վարպետորեն, որ ոչ միայն գոհացրել է ռեժիսորին ու հանդիսատեսին, այլ նույնիսկ, արժանացել է Հենրիկ Մալյանի գովասանքին։

«Ինձ համար ամենահաճելի և զարմանալին այն էր, որ ֆիլմի՝ էկրան բարձրանալուց մի քանի օր անց, թատրոնում հանդիպեցի Հենրիկ Մալյանին, և նա ինձ ասաց, որ իմ էպիզոդիկ դերակատարումն այնքան է տպավորվել իրեն, որ անգամ երազում նա այդ կտորը տեսել է: Դա ինձ համար շատ բարձր գնահատական էր»,- ոգևորությամբ պատմում է Աշոտ Եդիգարյանը:

Աշոտ Եդիգարյան

Ֆիլմի նկարահանումներն ավարտելուց հետո այն ուղարկվեց Մոսկվա՝ հաստատման: Մոսկվա մեկնեցին նաև Ալբերտ Մկրտչյանը, Գուժ Մանուկյանը և նկարահանող խմբի մի քանի անդամներ: Բոլորը մտավախություն ունեին որ խորհրդային երկրում կոռուպցիայի դեմ  կեղծ պայքար հայտարարած, իսկ իրականում կոռուպցիայով զբաղվող չինովնիկներին պատկերող ռեստորանային  տեսարանը պետկինոյի պատասխանատուները չեն հանդուրժի, կմկրատեն։

Մտավախության այլ պատճառ էլ կար՝ անարդար կրճատվել էր Ալբերտ Մկրտչյանի  նախորդ՝ «Քարե հովիտ» կինոնկարը։ Ռեժիսորը Գուժ Մանուկյանին խոստովանում է, որ վճռական է տրամադրված, եթե նախնական դիտումից հետո մկրատվի ռեստորանի տեսարանը, նա թույլ չի տա, որ ֆիլմն էկրան բարձրանա։

«Ես ու Ալբերտը նախասրահում նստած սպասում էինք, թե ինչ կատեգորիա կշնորհեն ֆիլմին պետկինոյի պատասխանատուները, և հանկարծ նա շուռ եկավ դեպի ինձ ու ասաց, որ եթե այդ տեսարանի մասին խոսակցություն գնա և որոշեն այն դուրս թողնել կինոնկարից, ինքը կինոնկարը կդնի թևի տակ և կվերադառնա Երևան, բայց հենց այդ պահին լսվեցին դահլիճի ծափահարությունները, դուռը բարցվեց, մոտեցան մեզ շնորհավորեցին և ասացին, որ ֆիլմը ընդունված է և այն առաջին կատեգորիայի ֆիլմ է: Եվ Փառք Աստծո, որ այդպես եղավ, որովհետև Ալբերտ Մկրտչյանը շատ սկզբունքային էր, և եթե խնդիրներ առաջանային, նա իր խոսքը չէր դրժի»,- պատմում է Գուժ Մանուկյանը:

Խորհրդային տարիներին ձևավորված և ցավոք, նորանկախ Հայաստանին ժառանգաբար փոխանցված կոռուպցիոն մեխանիզմների մասին պատմող կինոնկարը ասելիք ունի հանրության բոլոր շերտերին։

Փաստ է սակայն, որ մեծ հաջողություն ունեցած ֆիլմը հարկադիր քնի մեջ է։ Մինչդեռ արվեստը օգնում է հասարակությանը բուժելու վերքերը, հրաժարվելու վատ ավանդույթներից ու առողջանալու։

Back to top button