ԿարևորՔաղաքական

Փաշինյանն ուժի մեջ է համարում իր որդուն գերիներով փոխանակելու առաջարկը

Խորհրդարան գնացած գործադիրի անդամներին և ղեկավարին հարց տալու համար Ազգային ժողովում այսօր հերթագրվել է 33 պատգամավոր։ Կառավարություն–ԱԺ հարցուպատասխանին  հնչած հարցերից շատերին արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Դրանք հիմնականում վերաբերել են անվտանգությանն ու գերիների խնդրին։

Մեկ տարի առաջ այս օրերին ադրբեջանական զորքերը բռնազավթեցին Հադրութի շրջանի 2 գյուղ՝ Խծաբերդը և Հին թաղերը։ Հայկական կողմից 9 զինծառայող զոհվեց, 62–ը  գերեվարվեցին, նրանց մի մասը դեռ չի հայրենադարձվել։ Այդ գյուղերը նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության դրությամբ հայկական վերահսկողության տակ էին՝  ԱԺ– կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հիշեցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը և հետաքրվում՝  ինչու այդ գյուղերի վերադարձը  որևէ ձևով օրակարգի հարց չի դառնում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասելիքն այս առումով հակիրճ է՝ կաշկանդում են գործում առկա պետական շահերին առնչվող ու գաղտնիք պարունակող տեղեկությունները։ Փաշինյանը միայն փոխանցեց, որ հարուցվել է քրեական գործ, որի առանցքային մեղադրյալին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժում է։ Այս կետում ընդդիմադիր պատգամավորի ու վարչապետի տպավորությունները տարբեր են։

Տիգրան  Աբրահամյան․ «Տպավորություն կա, որ փորձ է արվում 1–2 տարբեր ցածր զինվորական օղակների վրա թեման բարդել և հիմնական պատասխանատվությունը  թողնել այդ մարտական գործողություններում իրականում այդքան էլ մեծ դերակատարություն չունեցած անձանց վրա»։

Նիկոլ Փաշինյան  «Սխալ տպավորություն է։ Եթե մենք համարեինք, որ այդ իրավիճակը նոյեմբերի 9–ի հայտարարությանը համապատասխանում է, հերոս նահատակները այդ դիրքերում կանգնած չէին լինի։ Շատ հարցեր կան, որ այս ամբիոնից չեմ կարող բարձրաձայնել, բազմաթիվ պատճառներով։ Վախենամ՝ թեման առնչվում է շատ բարձր և շատ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց գործողությունները կոծկելու որևէ ցանկություն չունեմ, երբևէ չեմ ունեցել, և համոզված եղեք, որ երբևէ չեմ էլ ունենա։ Բայց ես չէի ցանկանա, որ այդ հարցերը շատ նեղ կոնկտեքստում տեղավորվեն։ Այդտեղ շատ ավելի լայն կոնտեքստների հարց կա, բայց ոչինչ գաղտնի չի մնա, ամեն ինչ կիմացվի, և բոլոր հարցերը ժամանակի ընթացքում կստանան իրենց պատասխանները»։

Վերջին շրջանում պարբերաբար շրջանառվում են բանակցություններում բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերելու մասին խոսակցությունները։ «Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանը դրանց  ավելացնում է նաև «կորստաբեր» ձևակերպումը․

«Օրինակները բազմաթիվ են․ զորքերը հետ քաշելու հրամանները, սահմանագիծ չապահովելով դա անելը, մեկ ամբողջ ճանապարհահատված թշնամուն հանձնելը և բազմաթիվ այլ դրսևորումներ։ Սահմանադրական ո՞ր լիազորությունների հիման վրա է կառավարությունը ձեռք բերում բանավոր պայմանավորվածություններ, որոնք հանգեցնում են մեզ համար կենսական զիջումների։ Սրա բացատրությունը ե՞րբ պետք է տաք»։

Բացատրությունը տեղում էր, վարչապետի կողմից․

«Մենք բանավոր պայմանավորվածություններ չենք իրագործել։ Այդ նարատիվը, որ կա՝ բանավոր պայմանավորվածություններ ինչ–որ գաղտնի, ավելի մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել»։

Պարտականությունների, պարտավորությունների և պատասխանատվության մասին էր ընդդիմադիր պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցադրումը։ Հիշեցնում է՝ երեկվանից  գերիների հարազատները սպասում են վարչապետի հետ հանդիպման։

Էլինար Վարդանյան․ «Քարոզարշավի ժամանակ էիք ասում, որ Ձեզ համար բոլոր գերիները հավասար են, պատրաստ էիք Ձեր տղային հանձնել գերիների փոխարեն։ Հետո ասում էիք, որ գերիները մեզ կներեն, եթե ևս երկու ամիս մնան գերու կարգավիճակում։ Հետո արդեն ասում էիք, որ դեռ պետք է քննել՝ գրի ընկնելը հանցագործությո՞ւն է, թե՞ ոչ։ Հիմա մի հատ կողմնորոշվեք»։

Նիկոլ Փաշինյան․ «Ես այսօր էլ եմ պատրաստ իմ որդուն հանձնել գերիների դիմաց։ Այո, գերեվարման ամեն դեպք պետք է հետաքննել։ Ի՞նչն է այդտեղ զարմանալի։ Կլինեն գերեվարման դեպքեր, որտեղ քրեաիրավական հետևանք չի լինի, կլինեն դեպքեր, որտեղ քրեաիրավական դեպքեր կլինեն, բայց եթե ձեզ այդ իրավիճակները հետաքրքիր են, որ այստեղ–այնտեղ ասեք՝ վայ, վերևից հրաման են տվել, որ Հայրենիքը չպաշտպանեն, վերևից հրաման են տվել, որ չկրակեն, որ գերի հանձնվեն, վերևից հրաման են տվել, որ գերեվարված ադրբեջանցիներին բաց թողնեն։ Եթե եղել է այդպիսի հրաման, այն տվածները կդատվեն։ Բայց այդ ամեն ինչն իրականության հետ կապ չունի։ Զենք կորցնելը քրեական պատասխանատվություն է ենթադրում»։

Վարչապետը հավելում է, որ գերիների ծնողներին և հարազատներին շատ լավ է ճանաչում և նրանց հետ տասնյակ հանդիպումներ է  ունեցել։ Հորդորում է պատգամավորներին՝ իր փոխարեն չորոշել, թե երբ ում հետ հանդիպի։  

Back to top button