Մտքի ուժը

Բարձրացնել ոչ միայն բերքատվությունը, այլ նաև դիմադրողականությունը․ հայ գիտնականները արդյունավետ կենսահումուս են ստացել․ «Մտքի ուժը»

Ի՞նչ անել, երբ սառնարանում օրեր շարունակ մնացած մուրաբայի հյութ կա, սեղանին դրված, կտրտած ու գույնը փոխած միրգ և բանջարեղեն։ Լավագույն դեպքում գյուղական բնակավայրերում այն տալիս են ընտանի կենդանիներին կամ թռչուններին, քաղաքային բնակավայրերում այն նետում են աղբամանը։ Մինչդեռ հայ գիտնականների մի խումբ այս ամենից կենսահումուս է ստանում և այնպիսի կենսահումուս, որը ինչպես գիտնականներն են փաստում, ոչ միայն բարձրացնում է հողերի բերրիությունը, այլ նաև բույսերի դիմացկունությունը հիվանդությունների նկատմամբ։ 

Օրգանական պարարտանյութի փորձարկումները կատարվում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Հ․Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն»-ում և դաշտային պայմաններում։ «Սիս» կենսահումուսը  փորձարկելու, գյուղացուն հասցնելու համար կենտրոնի գիտնականները 30 մլն դրամաշնորհ են ստացել (Գիտության կոմիտեից 24 մլն, իսկ համաֆինանսավորող Արաբական Միացյալ Էմիրությունների՝ «Էկո Ֆրեշ» կազմակերպությունից 6 մլն դրամ)։

Գիտական նոր առաջարկը ՝ օրգանական պարարտանյութը, ստացել է «Սիս» անվանումը։ Իսկ ինչո՞ւ «Սիս»․ պարզվում է՝ կնեսահումուսը պետք է կամ «Սևան» անվանվեր կամ՝ «Սիս»։ Նախապատվությունը տրվում է «Սիս»-ին, քանի որ ինչպես Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» -ի գիտաշխատող Տաթևիկ  Ջհանգիրյանն է պատմում ««Սիս»՝ հայկական, հնչեղ ու կարճ»»։ Կենսահումուսի փորձարկումները արվում են գիտական կենտրոնի վեգետացիոն տնակում և դաշտային պայմաններում։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի գիտնականների մի մասին հատկապես առավոտյան կարելի է հանդիպել ոչ թե աշխատասենյակում, այլ՝ վեգետատիվ տնակում։ Այստեղ նրանք ամեն օր «բարևում են»  իրենց  ձեռքերով աճեցրած ու իրենց  ստեղծած օրգանական պարարտանյութով հարստացված հողում աճող բանջարեղենին ու, խոսում են, զրուցում։

1986 թվականից մինչ օրս Ալբերտ Մակրոսյանի աշխատանքային հասցեն նույնն է՝ գիտական կենտրոնի վեգետացիոն տնակ։ Այստեղ նրան են միանում նաև խմբի մյուս անդամները, օրվա ընթացքում նաև՝  գիտական խմբի ղեկավարը (գիտական խումբն ունի վեց անդամ)՝ Մարգարիտ Պետրոսյանը։ Ամեն առավոտ ու օրը մի քանի անգամ նույն վայրում՝ վեգետացիոն տնակում  ստուգում են, թե իրենց աճեցրած բույսերն  ինչպես են իրենց զգում։ Իսկ դրանք այստեղ իրենց լավ են զգում։

Իսկ թե ինչպես է ստեղծվում «Սիս» անվանումն ունեցող կենսահումուսը, պատմում է կոնկերտ «Սիս»-ի ստեղծման ընթացքում գիտնականներին միացած ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության ու կենխսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, գիտական կենտրոն մասնաճյուղի կարծես թե կոլեկտիվի անդամ դարձած Մարգարիտ Պետրոսյանը։

Պատմում է․  «Նախապես կուտակված բուսական թափոններին ավելացվում է հողային մանրէների խառը կուլտուրայի լուծույթը։ Այն  կիրառվում է օրգանական թափոնների քայքայման, յուրացման գործընթացի ապահովման համար։ Այս նպատակով որոշակի հող է ավելացվում, ծածկվում է։ Գործընթացը տևում է մոտ երկու ամիս։ Մեր նպատակը օրգանական պարարտանյութի ստացման ու կիրառման մշակույթ ներդնելն ու տարածելն է ֆերմերների շրջանում»։

Կենսահումուսի  արդյունավետությունը փորձարկում են երեք բնահողային գոտիներում։ Գիտական այս կենտրոնում կարևորում են այլընտրանքային  պարարտանյութերի ստացումը։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի հողագիտության, ագրոքիմայի, հողերի աշխարհագրության բաժնի վարիչ Ալբերտ Մարկոսյանն ասում է, որ ընտրվել են այնպիսի բնահողային գոտիներ, որոնք հանրապետության հիմնական երկրագործական շրջաններն են։ 

Գիտական կենտրոնի գիտաշխատող, գիտական խմբի անդամ Տաթևիկ Ջհանգիրյանն ասում է, որ իրենց առաջարկած կնեսատեխնոլոգիան մեծացնում է ոչ միայն հողի բերքատվությունը, այլ նաև  բույսերի դիմադրողականությունը։   

Համավարկի սահմանափակումներն  ու պատերազմի հուսահատությունը երբեմն ունենում են իրենց դրական արդյունքը՝ հատկապես, երբ մի սեղանի շուրջ նստում են գիտնականները։ Հենց 2020-ին էր, որ  Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Հ․Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի մի քանի գիտնական որոշեցին դիմել գիտության կոմիտեի հայտարարած դրամաշնորհային մրցույթին ու շահել։

Առաջարկի կարևոր նախապայմանը թերևս հետևյալն էր՝ այն պետք է կիրառական նշանակություն ունենա։ Դիմեցին և  շահեցին: Սա գիտական արդյունքի կիրառակաան նշանակություն ունեցող, նախագծերից է։  Վերջնական հաջողության դեպքում այն կներդրվի գյուղատնտեսության մեջ՝ դառնալով գիտություն-տնտեսություն կապի  օրինակ։ Եթե ամեն ինչ նախատեսված ծրագրով ընթանա, ապա առաջիկայում հայ գյուղացին վերջապես մատչելի եղանակով, ինչու չէ նաև իր իսկ ձեռքով օրգանական պապարտանյութ ունենալու հնարավորություն կստանա։

Back to top button