Սփյուռքի ձայնը

«Գնիր հայկականը» մեծ տարածում է ստանում․ «Սփյուռքի ձայնը»

«Միասնաբար բարձրանում ենք»․ սա «Գնիր հայկականը» նախաձեռնության կարգախոսն է։ Նախաձեռնությունը նպատակ ունի համախմբել աշխարհասփյուռ հայությանը և հայկական ներուժը՝ միասին զարգացնելու Հայաստանի տնտեսությունը։


«Գնիր հայկականը» նախաձեռնության հիմնադիրներն են Լիլիթ և Նշան Օդաբաշյանները։ Նրանք դեռևս նախորդ տարի են սկսել աշխատանքները այն կարևոր ուղղությամբ, որը կոչվում է «Գնիր հայկականը»։ 44-օրյա պատերազմի օրերին, երբ հայությունը համախմբվել էր Մայր Հայրենիք՝ Հայաստանի և Արցախի շուրջ, և ամբողջ հայությունը արգելում էր թուրքական ապրանքների գնումը, մենք որոշեցինք պրոպագանդել հայկական արտադրանքը՝ նպաստելով նաև մեր տնտեսությանն ու հայ տնտեսվարողին»,– ասում է Լիլիթ Օդաբաշյանը։
Լոս Անջելեսաբնակ Լիլիթ և Նշան Օդաբաշյանները «Գնիր հայկականը» նախաձեռնության շրջանակներում բացեցին Buy Armenian կայքէջը, որը կապող օղակ դարձավ հայաստանյան արտադրողի և տարբեր երկրներում բնակվող հայության միջև։ Այն հայ սպառողները, որոնք հայկական ապրանքն արագ գնելու ցանկություն ունեին, կայքի միջոցով կարողանում են դա իրականացնել։ «Կայքում ներկայացված ապրանքների մեծ տոկոսը հայաստանյան արտադրողներինն են։Սննդից մինչև հագուստ և այլն, կարելի է ունենալ արագ և որակյալ ծառայության միջոցով»,–ասում է Նշան Օդաբաշյանը։

Կայքի և նախաձեռնության հիմնադիրները ապրանքների տեղափոխման մի շարք խնդիրներ են ունեցել՝ հայկական համապատասխան կազմակերպությունների հետ աշխատելու ժամանակ։ «Նախ ֆեյսբուքյան էջ ստեղծեցինք, հետո կայք, ապա պետք է իրականացնեինք արտահանում։ Եվ քանի որ այդ հարցում խնդիրների բախվեցինք, ինչն առաջացրեց նաև գնորդների դժգոհությունը, որոշեցինք հիմնել սեփական փոխադրամիջոցը՝ նման խնդիրներից խուսափելու համար»,- ասում են ամուսինները։ «Գնիր հայկականը» դարձել է ավելի քան 750 արտադրող ունեցող առցանց վաճառքի հարթակ, որն առաջարկում է ավելի քան 5500 ապրանքատեսակ։ Այս թվերն օրեցօր աճում են։ Դա վկայում է հարթակի արդյունավետության մասին։ «Ներկայացված ապրանքները հիմնականում Հայաստանում են արտադրվում, սակայն ունենք որոշ ապրանքներ և ծառայություններ, որոնք իրագործվում են այլ երկրներում, օրինակ՝ ԱՄՆ»,-ասում է Նշան Օդաբաշյանը։


«Գնիր հայկականը» հարթակի հիմնադիրները Հայաստանում են։ Հայրենիքում գտնվելու օրերին նրանք ներկայացնում և պատմում են հայկական ամեն ինչի մասին։ Այցելում են մարզեր և հնարավորություն ստեղծում խոսել նաև մարզերում առկա ծառայությունների և արտադրանքի մասին։

Back to top button