Ժամանակի վկան

Արարատ-Ուրարտուն Աստվածաշնչում․ միտումնավո՞ր անտեսված վկայություններ․ «Ժամանակի վկան»

Ուրարտու-Ասորեստան երկարատև պայքարը որոշակի ազդեցություն ունեցավ Իսրայելի և Հուդայի թագավորությունների պատմության ընթացքի վրա։ Այն հիշատակված է նաև Աստվածաշնչում (Հին Կտակարանում), սակայն տարօրինակ կերպով Ուրարտուն մնացել է անտեսված, չնայած որ ակնայտ է Ուրարտուի չհիշված ներկայությունն Աստվածաշնչյան պատմական իրադարձություններում։

Թե ինչ պատմական ազդեցության մասին է խոսքը և թե՝ ինչպես է Աստվածաշնչում, այնուամենայնիվ, արտացոլվել Ուրարտու պետության գոյությունը, լուսաբանում է այս հաղորդման հյուրը՝ «Արարատ-Ուրարտու Աստուածաշունչի ընդմէջէն» մենագրության հեղինակ, պատմաբան Պետրոս Թովմասեանը։

Թեման գրքի վերածելու գլխավոր շարժառիթը հեղինակի համար այն էր, որ օտարալեզու աղբյուրներում և գրականության էջերում հայկական պատմական քաղաքակրթական հետքը ակնհայտորեն, եթե չասենք՝ միտումնավոր, նկատում էր անտեսված։ Նույնը վերաբերում է նաև պատմական կարևորագույն աղբյուրներից մեկին՝ Աստվածաշնչին։

«Արարատ-Ուրարտու Աստուածաշունչի ընդմէջէն» աշխատությունում հեղինակը փաստերով ներկայացնում է Աստվածաշնչի Հին Կտակարանում հայության չհիշված ներկայության մասին։ Գրքի հայերեն տարբերակի ունեցած դրական արձագանքները, հատկապես ԱՄՆ-ում, և թեմայով ընթերցողների հետաքրքրվածությունը, նպաստեցին գիրքն անգլերենով թարգմանելու միտքը գործի վերածելուն։

Հեղինակը ներկայացրեց նաև մենագրության անգլերեն տարբերակի կառուցվածքը և պարունակած գիտական արժեքավոր նորույթները, ինչպես նաև շնորհակալական խոսքեր հղեց հրատարակությանն օժանդակություն ցուցաբերած և գրքի վրա աշխատած անձանց։

Աշխատությունում առանձնահատուկ անդրադարձ է կատարվում Աստվածաշնչում Ուրարտուի, Հայաստանի և հայության վերաբերյալ պատմական հինգ հիշատակություններին՝ որպես «Արարատի երկիր» կամ «Արարատի թագավորություն» և կամ «Թորգոմա տուն» անվանումներով։ Հեղինակը փաստերով նաև պարզաբանում է «Թորգոմա տուն» անվանման կապը հայության և Հայաստանի հետ։

Պետրոս Թովմասեանի այս արժեքավոր ուսումնասիրության անգլերեն թարգմանությունը, որը լույս է սփռում հայոց պատմության հնագույն շրջանի վրա, առանձնապես կնպաստի օտարալեզու ակադեմիական շրջանակներում գիտական շրջանառության մեջ դնելու դարեր անտեսված պատմական փաստերը և ճշմարտությունները հայության և Հայաստանի մասին։

Պետրոս Թովմասեանն իր առաքելությանը հավատարիմ շարունակում է ուսումնասիրել հայոց պատմությունը՝ դիտարկելով այն համաշխարհային քաղաքակրթության պատմության մեջ հայ ազգի ունեցած ուրույն դերի ու դիրքի բացահայտման ու արժևորման տեսանկյունից։ Ավարտելով հաղորդումը` շնորհավորենք հարգարժան Պետրոս Թովմասեանին ևս մեկ կարևոր աղբյուրագիտական նշանակության աշխատություն ընթերցողի սեղանին դնելու համար։

Back to top button