ԿարևորՀասարակություն

Մանրէասպան նոր սարքը կկանխի Сovid-ի տարածումը

Հայ  գիտնականներից կազմված խումբը ստեղծել է մանրէասպան սարք, որի  առաջին խմբաքանակը նվիրվել է բժշկական հաստատություններին։  Օգտագործելով  ուլտրամանուշակագույն ճառագայթների մանրէասպան հատկությունը ՝ նրանք  ստեղծել են սարք,  որը  թույլ է տալիս  վարակազերծել  շրջապատում գրեթե ամեն ինչ՝ գնումներից մինչև  կենցաղային  իրեր ու տեխնիկա։

Անձրևանոց, հայելի, կոսմետիկ պարագաներ, հեռախոս․ կանանց ու ոչ միայն  կանանց  պայուսակների  պարունակությունն արդեն մի քանի ամիս  փոխվել է․ ավելացել են ալկոգելը, դիմակն ու  ձեռնոցները։  Առաջիկայում պայուսակի պարունակությունը կարող է լրացնել նաև մանրէազերծող նոր սարքը, որն ախտահանում է  ամեն ինչ՝ գնումներից մինչև  կենցաղային  իրեր ու տեխնիկա։ Առաջարկի հեղինակը  մասնագիտությամբ ինժեներ-կիբեռնետիկ Զորիկ Ասլյանն է՝ ընկերների հետ։

Ամենաբարդ խնդիրների դեպքում լուծումերը հաճախ ավելի պարզ են՝ ասում է։

«Օգտագործել ենք ուլտրամանուշակագույն ճառագայթների մանրէասպան հատկությունը, որը հայտնի է  բոլորին ու կիրառվում է բոլոր տեղերում։ Ստացել ենք  մի սարք, որը մանրէասպան ճառագայթիչների օգնությամբ  վակարազերծում է շրջապատը, ինչքան հնարավոր է շատ տեղերում»,- ասում է ինժեներ-կիբեռնետիկը։

Թեթև,  մատչելի, շարժական ու ամենօրյա օգտագործման՝ այսպես է բնութագրում  սարքը  հեղինակը՝ չշրջանցելով  նաև  ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակարության հարցը։  Սարքի ստեղծումը մի քանի օր է պահանջել։

«Մի քանի փորձանմուշից հետո ստացվեց մի փոքրիկ, էֆեկտիվ սարք, որով վարակազերծումը հնարավոր է իրականացնել։ Անունն էլ  դրվեց Անտիվիրուս UV»,- նշում է Զորիկ Ասլյանը

Առաջին փորձնական  խմբաքանակը՝ մոտ  40 սարք, արդեն արտադրվել է։ Գիտնականները դրանք նվիրել են բժշկական հաստատություններին։ Զորիկ Ասլյանը  սա տրամաբանական է համարում՝   սարքերի կարիքն այս պահին ամենաշատն այս հաստատություններն ունեն։

Սարքի համահեղինակներից  է նաև Կառլեն Հայրապետյանը․ 

«Նպատակն այն է, որ լինի անհատական օգտագործման սարք, մեր կենցաղ մտնի ինչպես օրինակ փոշեկուլը, կարելի է օգտագործել մեքենաներում, տրանսպորտում»,- ասում է Հայրապետյանը։

Գիտնականները հույս ունեն, որ սարքերը կմտնեն կենցաղ, կլինեն յուրաքանչյուրիս տանը։  Դրանք միայն COVID  19-ի համար չեն․ կարող են օգտագործել ցանկացած վարակի տարածում կանխելու նպատակով։

Back to top button