ԿարևորՀասարակություն

Ե՞րբ կլինեն հայկական արտադրության առաջին կորոնավիրուսի թեստերը

Երեկ կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի՝ մոտ 550 հազար դոլար կտրամադրվի Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին՝ կորոնավիրուսի թեստերի տեղական արտադրություն սկսելու համար։ Հայաստանն այս պահին կորոնավիրուսի ախտորոշման թեստերն ստանում է Ռուսաստանից եւ Ճապոնիայից։

Որքա՞ն ժամանակ անց կարող ենք ունենալ հայկական արտադրության առաջին թեստերը։

Հայաստանում խնդիր է դրված առաջիկա օրերին կորոնավիրուսի թեստերի օրական քանակը հասցնել 1000-ի։ Այս մասին երեկ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով նաեւ, որ ներկայումս օրական թեստերի քանակը տատանվում է 200-ից 400-ի սահմաններում։

«Խնդիր ենք դրել այս շաբաթվանից, գուցե դա վաղը լինի, մյուս օրը, բայց ուրբաթ օրվանից հաստատ օրը 1000 թեստ անել։ Եվ սրա համար մենք հիմա բավականին մեծ քանակի թեստեր ենք գնում՝ մոտավորապես 70 հազարի հասնող», — ասաց Փաշինյանը։

Ասենք նաեւ, որ Հայաստանն այս պահին կորոնավիրուսի ախտորոշման թեստերը գնում է Ռուսաստանից եւ Ճապոնիայից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ նաեւ հայտարարեց, որ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի հետ կառավարությունը քննարկել է տեղական թեստերի արտադրության հարցը եւ արդեն կայացրել որոշում։

«Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի համար 550 հազար դոլարի չափով հատկացում ենք կատարում, որպեսզի կազմակերպենք թեստերի արտադրություն տեղում։ Մասնագետները վստահեցրել են, որ ստացվելու է դա եւ մենք կարողանալու ենք ինստիտուտում կազմակերպել թեստերի արտադրությունը»,- նշեց վարչապետը։

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի խոսքով՝ կորոնավիրուսի թեստերը Հայաստանում արտադրելու առաջարկ կառավարությանն իրենք էին ներկայացրել՝ ելնելով այն հանգամանքից, որ թեստավորումների քանակի ավելացումը Հայաստանում կառավարությունը համարել էր գերակա խնդիր։  

«Արտադրությունը հիմնված է արդեն հայտնի տեխնոլոգիայի վրա։ Դրա համար անհրաժեշտ պարագաները, նյութերը կարելի է այս պահին ձեռք բերել, ունենալ բավականաչափ պաշարներ եւ այդ թեստերը արտադրել»,- ասաց Արսեն Առաքելյանը։  

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի խոսքով՝ բանակցում են եվրոպական, չինական, սինգապուրյան ու մալայզիական արտադրողների հետ, որտոնցից հնարավոր է ձեռք բերել եւ ներկրել թեստերի համար անհրաժեշտ նյութերը։

Արսեն Առաքելյանի խոսքով՝ այդ նյութերի պակաս աշխարհում չկա, բայց կա թեստերի դեֆիցիտ։  

«Օրինակ, ամերիկյան ընկերությունները, որոնք որ թեստը արտադրում են, իրենք  Հայաստանին չեն մատակարարի, քանի որ ունեն ներսում պակաս եւ խնդիր ունեն հենց Ամերիկայում պահանջարկը բավարարելու։  Նույնը վերաբերում է աշխարհի մնացած ընկերություններին, որոնք որ այդ թեստը արտադրում են»,- նշեց Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենը։

Տեղական թեստերի արտադրությունը ներկրված նյութերի հիման վրա, Արսեն Առաքելյանի փոխանցմամբ, հնարավոր է երկու եղանակով, նախ՝ ավտոմատ եղանակով, որի համար անհրաժեշտ են որոշակի սարքավորումներ, որոնք այս պահին Հայաստանում նույնպես չկան, բայց բանակցում են դրանք ձեռք բերելու համար։

«Մենք արտադրողների հետ բանակցում ենք՝ դրանք ձեռք բերելու համար»,-ասաց Առաքելյանը։

Ավտոմատ եղանակից բացի, կա նաեւ երկրորդ տարբերակը՝ ձեռքի աշխատանքի միջոցով, այսինքն՝ լաբորատոր պարագաների կիրառմամբ, որոնք Հայաստանում բավարար են՝ արտադրանքն արդեն սկսելու համար։ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենը վստահեցնում է, որ իրենք պատրաստ են մեկ-երկու շաբաթում տասնյակ հազարավոր թեստեր արտադրել։ Դրան միանգամայն նպաստում է կառավարության կայացրած որոշումն ու ցուցաբերած աջակցությունը։  

Back to top button