Քաղաքական

Կուսակցությունները դժգոհ են իրենց մասին օրենքից. ինչ են ուզում փոխել

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Մայիսից Ազգային ժողովում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը քննարկում է «Կուսակցությունների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները: Խմբում ներգարվված են պատգամավորներ բոլոր խմբակցություններից: Առաջիկա օրերին ԱԺ-ում կազմակերպվելու են  խորհրդարանական լսումներ՝ հասարակական կազմակերպությունների և արտախորհրդարանական ուժերի կարծիքները լսելու համար:

«Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների շուրջ Ազգային ժողովում առայժմ հանդարտ մթնոլորտ է: Խորհրդարանական ուժերը ձեւավորել են իրենց պատկերացումները եւ պատրաստ են աշխատել քաղաքական կոնսենսուսի հասնելու համար: «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի համոզմամբ՝ քաղաքական դաշտը Հայաստանում դեռ կայացած չէ:   

Հայաստանի կուսակցական դաշտում համեմատաբար նորերից է «Քաղաքացու որոշում» կուսակցությունը: Անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ չկարողացան հաղթահարել անցողիկ շեմը: Այսպես ասենք, սեփական մաշկի վրա են  զգացել, թե Հայաստանում ինչ խնդիրներ կարող է ունենալ նորաստեղծ կուսակցությունը:

«Քաղաքացու որոշում» կուսակցությունում դեռ որոշում չեն կայացրել՝  ինչ ձեւաչափով են մասնակցելու առաջիկա խորհրդարանական լսումներին կամ փոփոխությունների մշակմանը: Մինչև այս պահը իրենց առաջարկները ներկայացնելու հնարավորություն չեն ունեցել, թեեւ չեն թաքցրել, որ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխության կողմնակից են: Ամեն դեպքում դեռ չեն պատկերացնում, թե ինչ հայեցակարգ է մշակվում:

Հայեցակարգի առումով որոշակի վերապահումներ ունի «Սասնա ծռեր» կուսակցությունը: Այստեղ մշտապես խոսել են Ընտրական օրենսգրքի եւ Սահմանադրության փոփոխության մասին, թեեւ քաղաքական դաշտի ձեւավորումը նույնպես առաջնային են համարում:

«Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխության աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանը մի քանի սկզբունքային ուղղություն է առանձնացնում՝ բացատրելու, թե ինչ խնդիր պետք է լուծեն փոփոխությունները:

Մինչև այս պահը փոփոխություններ նախաձեռնողները  հանդիպումներ են ունեցել առանձին խմբերի հետ: Փոփոխությունների նախնական տարբերակը թերեւս պարզ կդառնա խորհրդարանական լսումներից հետո, որի ընթացքում  կլսեն եւ կփորձեն հաշվի առնել նաեւ արտախորհրդարանական ուժերի կարծիքները:

Back to top button