ԿարևորՄշակույթ

Օպերան չի կարելի տանել ռեստորան, ռեստորանը՝ օպերա. Վահե Հայրապետյան

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Արևիկ» մանկապատանեկան անսամբլի գեղարվեստական ղեկավար Վահե Հայրապետյանի դեմքին վերադարձել է երջանիկ ժպիտը։ Մշակութային թթվածին արտադրող Հանրային ռադիոյում առաջիկայում  կրկին կհնչեն «Արևիկ»-ի մանկապատանեկան ձայները։ Իր 50-րդ հոբելյանական տարին կոմպոզիտորը կարևորում է հենց այս իրադարձությամբ։ Հոբելյանական տարին նաև հանրագումարների առիթ է՝ արածի ու անելիքի։

Կոմպոզիտոր, երգահան, գործիքավորող, որոշակի դադարից հետո նորից Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի գեղարվեստական ղեկավար, ըստ անհրաժեշտության նաև դերասան։ Այո, բազմատաղանդ է մեր գործընկեր Վահե Հայրապետյանը, բայց երբ հանդիպում ենք  Հանրային ռադիոյի միջանցքներում, նրան ուղղված առաջին հարցն ավանդաբար  ո՛չ երաժշտությանն է վերաբերում է, և ո՛չ էլ թատրոնին. Վահե՛, ի՞նչ կա վերջին անեկդոտներից։

«Պապիկը հիվանդանում է բժիշկ են կանչում։ Բժիշկը դեղ է տալիս, սրսկում, բուժօգնություն ցույց տալուց հետո էլ հարցնում․

-Պապի՛, գիշերը ո՞նց եք քնում։

-Դե ինչ ասեմ , բժիշկ ջան, հիմնականում ձախի վրա»։

Ինչպես ասում են, չմոռանանք՝ ինչի համար ենք հավաքվել․ Վահե Հայրապետյանն այսօր «Ռադիոլուրի» հյուրն է 50-ամյակի առիթով։ Հերթական հոբելյանը՝ անցած ճանապարհը  հանրագումարի բերելու հերթական հնարավորությամբ։ Սկսենք վերջից՝ «Արևիկ» մանկապատանեկան անսամբլում  արևիկների «հավաքագրման» աշխատաքից, պարզենք՝ ո՞ր կետին են հասել:

«Հասել ենք այնտեղ, որ սեպտեմբերի 16-ին, 18-ին և 20-ին տեղի են ունենալու ընդունելության քննություններ՝ այս տարվա։ «Արևիկը», կարելի է ասել, հավաքում ենք զրոյից։ Հանրային ռադիոյի տնօրենի հետ միասին  նախաձեռնել ենք, որ «Արևիկը» լինի ոչ միայն վոկալ գործիքային անսամբլ, այլ «Արևիկ» դպրոց։ Մեզ մոտ ուսուցումը լինելու է անվճառ։ Անցնելու են երեք առարկա՝ երգ, պար և սոլֆեջո։ Ակնկալում ենք, որ «Արևիկ»-ում լինելու են լավագույն երեխաները»։

Հանրային ռադիոյում առաջիկայում կրկին կհնչեն «Արևիկի» մանկապատանեկան ձայները, իսկ «Հայ մյուզիք բենդ»-ի ձայնը Հայաստանում հնչում է 2017 թվականից։  Խումբը Վահե Հայրապետյանը ստեղծեց այն ժամանակ, երբ, ինչպես ասում է,  հոգնած էր ու գազազած աշխարհից․

 «Հայ մյուզիք բենդ»-ը ակապելլա վոկալ խումբ է՝ կազմված վեց ձայնից և մեկ հոգուց, ով նմանակում է հարվածային գործիքների ձայնը։ Երգացանկը շատ լայն է»։

Թատրոնի մարդ արտահայտությունն, անկասկած, նաև Վահե Հայրապետյանին է վերաբերում։ Թատրոնին քիչ թե շատ մոտ կանգնած հանդիսատեսը ծանոթ է բազմաթիվ ներկայացումների, որոնց հաջողությունը պայմանավորված է  Վահե Հայրապետյանի երաժշտական ձևավորումներով, որոնց համար որպես  լավագույն թատերական երաժշտության հեղինակ, արդեն չորս «Արտավազդ»-ի է արժանացել։   Մրցանակները, սակայն, ամենևին էլ հանգստություն չեն բերել, այսօր էլ ակտիվ աշխատում է թատրոնում:

Հոբելյանի առիթով կոմպոզիտոր Վահե Հայրապետյանին օրերս հաճելի անակնկալ էր պատրաստել Հայաստանի կոմպոզիտորների միությունը, բնականաբար՝ շնորհավորանքներ, մաղթանքներ։ Հնչեցին նաև Վահեի ստեղծագործությունները…

Վահե Հայրապետյանի ստեղծած լավ երաժշտությունն այսօր քիչ է հնչում, հատկապես հեռուստաեթերում։ Ողբի, կլկլոցի պահանջարկը  գերակայում է։

Ինչո՞ւ ողբն ու կլկլոցը դարձան մեր ժամանակի մշակութային տիրույթի գերագույն պահանջը. հարցին  կոմպոզիտորը  պատասխանում է.

«90-ականներին պրոֆեսիոնալները հեռացան երկրից, դաշտը մնաց ոչ պրոֆեսիոնալներին, որոնք, ինչպես պարզվեց, ավելի ճարպիկ են ու գործունյա։ Նրանք էլ լրացրին բացը։ Իսկ այն, ինչ ունենք այսօր, խայտառակություն է»։

Անճաշակության դեմ լավագույն պայքարը  այլընտրանքն է՝ լավ երաժշտության տեսքով, որն, ըստ արվեստագետի, ինքնամաքրման ու ինքնաճանաչման տանող երաժշտությունն է։

Վահե Հայրապետյանն այս հարցում  հստակ ձևաչափ ունի. ինչպես օպերան չի կարելի տանել ռեստորան, այնպես էլ ռեստորանը չի կարելի տեղափոխել օպերա։   

Back to top button