Տնտեսական

Ինչ մտահոգություններ ունեն փոքր տնտեսվարողները

Թեթևացնել ՓՄՁ-ի հարկային բեռն ու աշխատանքային  պայմաններ ստեղծել նրանց համար։

Նոր կառավարությունը հարկային օրենսդրությունում, իր իսկ խոսքերով, հեղափոխական քայլերի է գնում: 

Տնտեսական զարգացման ու ներդրումների փոխնախարար Հակոբ Ավագյանը հեղափոխական քայլ է բնորոշել քննարկվող փոփոխությունները:

Շրջանառության հարկի շեմ, շրջանառու միջոցների անբավարարություն, խնդիրներ բանկերի հետ ու ոչ միայն: Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունում գույքագրել են փոքր տնտեսվարողների մտահոգությունները:

Տնտեսական զարգացման ու ներդրումների փոխնախարար Հակոբ Ավագյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ բարձրացված խնդիրներից մեկը շրջանառության հարկի շեմի նվազեցումն է: Եթե փոփոխություններ չլինեն, ապա 2019թ հունվարի մեկից շրջանառության հարկի շեմը 115 մլն. դրամից կիջնի 58,35 մլն  դրամ:

Ավագյանը չի բացառում՝ գուցե շեմի փոքրացում լինի: Այս պահին քննարկվում է նաև մանրածախ առևտրով զբաղվողների համար շրջանառությունից 7 տոկոս վճարելու հարցը:

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն ավելի վաղ «Ռադիոլուրին» փոխանցել էր, որ շրջանառության հարկի շեմի նվազեցումը անխուսափելի է:

Մասնավորից պետական համակարգ տեղափոխված Ավագյանը  խոստովանում է՝ ՀՕ ոչ պարզ շարադրանք ու մի շարք երկիմաստություն պարունակող դրույթներ կան, ավելին, լավ նորմերին զուգահեռ նաև թակարդներ պարունակող  դրույթներ կան, որոնց մասին տնտեսվարողը տեղեկանում է, երբ սկսում է աշխատել:

Փոխնախարարի խոսքով, բիզնեսը պետք է գիտակցի՝ երկրում իրավիճակ է փոխվել:

Մաքսային թերհայտարարագրումը զրուցակիցս աղետ է համարում: Հենց այս խնդրի շուրջ են դժգոհում վաճառականները: Հակոբ Ավագյանը վստահ է՝ եթե խնդիրը լուծվի, դրանից նախ և առաջ տեղական արտադրողներն են շահելու:

Back to top button