Տարվա իր վերջին ծավալուն հարցազրույցում Համապարփակ անվտանգության մասին անդրադարձել էր ՀՀ վարչապետը՝ մասնավորապես խոսելով անվտանգային այդ համակարգի շվեյցարական մոդելի մասին:
«Վատ չէ, որ վարչապետը խոսում է Զինված ուժերում ռեֆորմների մասին, կարևորում Համապարփակի շվեյցարական մոդելը ներդնելու անհրաժեշտությունը, սակայն հարցը նրանում է՝ կա՞ն այդ ռեֆորմները, թե՞ ոչ: Իհարկել, չկան»,- ասում է պահեստազորի սպա, իրավաբան Նարեկ Ներսիսյանը՝ նշելով՝ եվրոպական անվտանգային այդ համակարգը քիչ ռեսուրսներով ոչ համաչափ վնաս պատճառող մոդել է, մինչդեռ մեզ մոտ այն ներդնելուն ուղղված օրենսդրական փոփոխություններն անգամ չունենք:
Նրա խոսքով, առայժմ ոչ «Տարածքային պաշտպանության մասին» օրենքը կա, ոչ էլ «Ռազմամարզական կազմակերպությունների մասին» օրենքը, որոնք պիտի բերեր ՊՆ-ը: Պատճառը, ըստ Ներսիսյանի, թերևս այն է, որ հույսն առաժմ դրել են ուրիշ պետությունների վրա:
Ըստ փորձագետի՝ Հայաստանի անվտանգային համակարգի վերափոխմանն ուղղված արագ միջոցառումներ իրականացնելու համար այսօր քաղաքական կամք է պետք։ Նրա խոսքով, թեև հասարակության որոշ շերտերի կողմից ճնշումը կա, բայց այն լան տարածում չունի, շատերը չգիտեն՝ ինչ է Համապարփակ անվտանգային համակարգը:
Անվտանգության միջավայրի տարեվերջյան թողարկմանը Ռազմամարզական և անվտանգային ոլորտի ներկայացուցիչների միավորման խորհրդի նախագահ Նարեկ Ներսիսյանի հետ վերլուծել ենք նաև Համապարփակ անվտանգային համակարգի առաջատար մոդելները, քննարկել եվրոպական հաջողված անվտանգային փորձի կիրառման հնարավորությունը՝ հայկական անվտանգային միջավայում: