Անվտանգային միջավայր

Ժամանակն է կրճատել պարտադիր զինծառայության ժամկետը, սակայն չանել կտրուկ, այլ անել փուլային. «Անվտանգային միջավայր»

«Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններով արդեն ուժ մեջ է Աժ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած՝ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին 2 տարով ծառայության կամ պետբյուջե գումար վճարելու պայմանով քրեական հետապնդումից ազատելու մասին դրույթը:

Այն բուռն քննարկումների ճանապարհ անցավ: Օրենքի մասին վերապահումներ ուներ ոչ միայն ընդդիմությունը, այլև ԱԺ մեծամասնությունը:

Օրենքի հեղինակը հիշեցնում է՝ ունենք 5000-ից ավելի քաղաքացիներ, որոնք զինծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ են: Հայկ Սարգսյանը նշում է՝ ընտրության առաջ ենք կանգնած եղել մինչև օրենքի ընդունումը՝ կա՛մ հնարավորություն կտանք քաղաքացիներին ծառայելու, կա՛մ գումար վճարելով՝ ազատվելու պատասխանատվությունից, կա՛մ չենք տա հնարավորություն, կսպասենք մինչև նրանց 37 տարեկանը կլրանա, երբ անցնի վաղեմության ժամկետը, կա՛մ չեն վերադառնա, կա՛մ կվերադառնան, բայց ո՛չ կծառայեն, ո՛չ էլ գումար կվճարեն պետությանը:

Իհարկե, Սարգսյանի հույսերը մեծ չեն, որ այս 5000-ն էլ կվերադառնան, բայց նրա կանխատեսումներով, օրենքից կօգտվի շուրջ 1000 քաղաքացի: Արմատական փոփոխություններ սպասվում են նաև զորակոչային տարիքում գտնվողների համար: «Ժամանակն է կրճատել պարտադիր զինծառայության ժամկետը, սակայն, դա չանել կտրուկ, անել փուլային»,- ասում է Քաղպայմանագիր խմբակցության պատգամավորը:

Այս համատեքստում Հայկ Սարգսյանը խոսել է նաև միջազգային փորձից, անդրադարձել Զինված ուժերում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի, քրեական ենթամշակույթի վերացման ու ոչ կանոնադրական հարաբերությունների բացառման մասին:

Անվտանգային միջավայրի հերթական քննարկման առանցքում Զինծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին օրենքն է: Հյուրը՝  ԱԺ Քաղպայմանագիր խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը։

Հաղորդումը ձայնագրվել է 25.01.2024թ․-ին։

Back to top button