Անվտանգային միջավայր

Հայաստանը չի կարող ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Կանադայի չափ հանքարդյունաբերություն մարսել․ «Անվտանգային միջավայր»

Բնապահպանությունը պետք է երաշխավորված լինի այնպես, ինչպես պետության ռազմական անվտանգությունը: «Բնատաճար» հասարակական նախաձեռնության հիմնադիր Ապրես Զոհրաբյանը Հայաստանում բնապահպանության ոլորտը որոշ դեպքերում գնահատում է լարված, որոշ դեպքերում՝ ճգնաժամային։

Ճգնաժամ նա տեսնում է ջրային պաշարների կառավարման ոլորտում՝ առանձնացնելով Սևանը, որը Հայաստանի հիմնական էկոլոգիական խնդիրներից է: «Ճգնաժամի վկայությունն այստեղ այն է, որ ամեն ամառ տեսնում ենք լճի կանաչումը»,- ասում է Զոհրաբյանը:

Մյուս ոլորտներում իրավիճակը նա արդեն լարված է գնահատում: «Խելամիտ հասարակություններն այսօր փորձում են լուծել այն մարտահրավերները, որոնք կարող են իրենց առջև կանգնել 20-30 տարի հետո»,- ասւմ է նա՝ նշելով, որ օրինակ անապատացումը, որին այսօր բախվում է Հայաստանը, կարելի է կանխել անտառների վերականգնումով, նոր անտառներ տնկելով ու ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործումով:

«Բնապահպանությունը բնական, սոցիալական և տնտեսական համակարգերի համագործակցություն է, այն եռոտանի է. երբ մի ոտքը հանում ես, բախում է առաջանում»,- ասում է Զոհրաբյանը:

Խոսելով հանքարդյունաբերության մասին՝ նկատում է՝ պետք է խիստ լինենք նոր հանքավայրերի շահագործման թույլտվություն տալու հարցում: «Հայաստանը չի կարող ԱՄՆ-ի, Ռուսաստանի կամ Կանադայի չափ հանքարդյունաբերություն մարսել», -ընդգծում է Ապրես Զոհրաբյանը:

Էկոլոգիական անվտանգության դերը ազգային անվտանգությունում: Հյուրը «Բնատաճար» հասարակական նախաձեռնության հիմնադիր, բնասեր Ապրես Զոհրաբյանն է:

Back to top button