Մշակույթ

Ինչ սկզբունքներով են արձանները տեղադրվում Երեւանի փողոցներում

Ազգային պատկերասրահի մուտքի մոտ արձաններ տեղադրելու լուրը կրկին բարձրացնում է մայրաքաղաքում շարունակ ավելացող արձանների խնդիրը։ Դրանք հարստացնո՞ւմ են քաղաքի տեսքը, նոր շո՞ւնչ բերում Երեւանին, լա՞վ արձաններ են. ճարտարապետի պատասխանը՝ ռեպորտաժում:

«Տղամարդիկ», «Երեք դուդուկահարներ», «Գարեգին Նժդեհ», «Արամ Մանուկյան». շարքը շարունակելի է: Որակյալ քանդակները պետք է կյանքի կոչել մրցույթով, սակայն մեզ մոտ դա չի արվում, քանի որ հանրապետությունն ապրում է անձնավորված հարաբերություններով՝ ասում է ճարտարապետ Ալբերտ Զուրաբյանը.

«Մեկը մյուսին, Պողոսը Սամոյին, Սամոն Գոքորին:  Եվ այդպես ով ում հետ սրճարանում սուրճ է խմում կամ խաշ է ուտում , պատվեր է ստանում և այլն: Արձանաշինության  ոլորտում տխուր իրավիճակ է: Ես կուզենայի լավ բաներ ասել, բայց  չեմ կարողանում»:

Արձանի տեղադրման անհրաժեշտություն, քաղաքաշինական վիճակ և ճարտարապետական որակ. սրանք անհրաժեշտ բաղադրիչները պետք է լինեն քանդակ տեղադրելուց առաջ՝ շեշտում է ճարտարապետը։ Հաջող է համարում քանդակագործ Տիգրան Արզումանյանի հեղինակած Սախարովի կիսանդրին, «Լեռնային պար» արձանը: Արամ Մանուկյանի արձանի մասին կարծիքն այլ է:

«Արամ Մանուկյանի արձանի մասին ոչ մի դրական խոսք ասել չեմ կարող: Թող ինձ ներեն հեղինակները, որովհետև մենք կոլեգաներ ենք, չեմ ուզում վատը խոսել»:

Քանդակագործ Տիգրան Արզումանյանի Գրիգոր Լուսավորչի եւ Տրդատ թագավորի արձաններն են առաջարկումը տեղադրել Ազգային պատկերասրահի մուտքի մոտ։ Ճարտարապետ Զուրաբյանը  տեսել է արձանները, գնահատական չտվեց, բայց կարծում է, որ դրանց տեղադրման վայրը  համոզիչ չէ:

«Ինձ չի համոզում այդ արձանների տեղը: Այդ կամարաշարը փորձում ես դատարկ թողնել, որովհետև հետին գալերեան պիտի թափանցիկ լինի, որովհետև դա մարդկանց համար է արված»:  

Արձանը,  ինչպես ճարտարապետական ցանկացած  կառույց,  պետք է անցնի հանրային քննարկում: Սա էլ ճարտարապետներից Սաշուր Քալաշյանի կարծիքն է: Յուրաքանչյուր արձան պետք է պահանջված լինի հասարակության կողմից:

«Չէ, այդպիսի բան չկա: Երբեմն ձևական բնույթ է կրում  հանրայնացման  կամ հասարակության  քննարկման մեջ, որի արդյունքներից մեկը Արամ Մանուկյանի արձանն է»:

Վերջին շրջանի քանդակներն էլ գնահատում է անհաջող շարք: Ճարտարապետն ավելացրեց նաև արձանի տեղի ընտրության հարցը:

Ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռը՝ Մարկ Գրիգորյանն էլ Արամ Մանուկյանի արձանի մասին խոսելով ասում է, որ այդ արձանը լցրեց հասարակության համբերության բաժակը:

«Հիմա ես ձեզ հավաստիացնում եմ, որ ցանկացած արձան Երևանի կենտրոնում արժանանալու է շատ նեգատիվ ընդունելության»:

Ճարտարապետ Լևոն Իգիթյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում մատնանշեց  իր հավանած արձանները: Նալբանդյանի արձանը, Հրաչյա Քոչարի բոլոր գործերն ու նաև որպես ճարտարապետ իր հեղինակած Առնո Բաբաջանյանի արձանը: Արամ Մանուկյանի արձանի մասին  կարծիքը հետևյալն է:

«Նենց բաներ կան, որ ինձ համար դա նորություն է: Իմ կարծիքով շնորհալի գործ է եւ քանի որ ամեն նման գործը բարդ խոհանոց ունի, ես կողմ եմ եղել այդ արձանին»:

Մայրաքաղաքն ունի՞ արձանների կարիք. հարցին  Լևոն Իգիթյանը պատասխանում է՝ արժանի մարդկանց արձանները  միշտ պետք է տեղադրվեն և լավ գործեր պետք է լինեն: Իսկ Ալբերտ Զուրաբյանի կարծիքով՝ վերջին շրջանում արձաններ տեղադրելով չափն անցնում ենք:  Քաղաքներ կան, որտեղ  արձաններն ավելի շատ են, սակայն դրանք  ճարտարապետական  հզոր գործեր են: Իսկ մեզ մոտ  անհաջող գործեր են ստեղծվում:

Back to top button