Տնտեսական

Միացյալ Թագավորության հետաքրքրությունն աճել է Հայաստանի նկատմամբ


Ինչպիսի՞ հնարավորություններ կան Միացյալ Թագավորության եւ Հայաստանի միջեւ առեւտրի ու ներդրումների ծավալների զարգացման համար:

Այս հարցի պատասխանները գտնելու համար Հայաստան են այցելել բրիտանական 10 բիզնես ընկերությունների ներկայացուցիչներ:

Նրանք այդ հնարավորություններն են քննարկել պետական կառույցների եւ բիզնես ընկերությունների ավելի քան 100 ներկայացուցիչների հետ՝ այսօր տեղի ունեցած ՄԹ-Հայաստան գործարար համաժողովում:

Կազմակերպիչը Հայաստանում ՄԹ դեսպանատունն է՝ հայ-բրիտանական գործարարության պալատի հետ համատեղ:

 

 

Նոր իրավիճակում բրիտանացի գործարարների առաջին այցն է Հայաստան: Այցը ճանաչողական է. պետք է հասկանան մեր երկրի նոր իրողությունները, դրանց արդյունքում ստեղծված բիզնես միջավայրը, թե՝ որքանո՞վ են ներդրողներն ապահովագրված Հայաստանում:  

«Մենք այստեղ ենք՝ ուսւմնասիրելու հայկական ընկերությունների հետ համագործակցելու հնարավորությունները, ինչպես նաև օգնելու Հայաստանին առաջընթաց գրանցել քաղաքային դիզայնի ոլորտում և այնպես անել, որ Հայաստանի առաջարկներն այս ոլորտում գրավիչ լինեն օտարազգի ներդրողների համար»,- ասում է քաղաքային դիզայնով զբաղվող Pilbrow & Partners  ընկերության ներկայացուցիչը:

Առաջին անգամ է այսպիսի մեծամասշտաբ հայ-բրիտանական գործարար համաժողով կազմակերպվում՝ նկատեց ՄԹ վարչապետի առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդը:

«ՄԹ-ն կարեւրում է ներդրումները ոչ միայն այս տարածաշրջանում: Մեզ համար հետաքրքրական ոլորտներ կարող են լինել զբոսաշրջությունը, հյուրանոցային բիզնեսը, ազատ ժամանցի կազմակերպումը բնության մեջ, բանկային ոլորտը, մանրածախ առեւտրի ոլորտը, ինչպես նաեւ՝ միջին մասնագիտական կրթությունը: Հայաստանում կա լավ կրթական համակարգ եւ մենք պատրաստ ենք լրացուցիչ, հավելյալ ներդրումներ կատարել այս ոլորտում»:

Կապերն ավելի դինամիկ ու արդյունավետ են դարձել, քանի որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն է աճել՝ մեզ հետ զրույցում ասաց հայ-բրիտանական գործարարության պալատի նախագահ Արաքսյա Մարտիրոսյանը:

Հայ-բրիտանական գործարար պալատի նախագահի փոխանցմամբ՝ պալատն ունի հավակնոտ ծրագրեր տարվա համար: Հիմնականում օգնում են փոքր եւ միջին ձեռներեցության ոլորտի կազմակերպություններին՝ համատեղ գործերի եզրեր գտնելու:

«Էներգոինվեստ հոլդինգ» հայկական ընկերության ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ բրիտանական մի շարք ընկերություններ են եկել, որոնց հետ համագործակցության եզրեր գտնելու հստակ հնարավորություն կա:

Մի քանի հարցեր կային, որոնք էապես խոչընդոտում էին բիզնեսի ծավալմանը Հայաստանում. դա նախ և առաջ զանազան կոռուպցիոն սխեմաներն էին և իշխանությունների անձնական բիզնես հետաքրքրությունները՝ մեզ հետ զրույցում հայտարարեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Նա նշեց, որ, օրինակ, եթե ինքը որևէ ոլորտում անձնական բիզնես հետաքրքրություն ունենա, այլ անձինք դժվար թե կարողանան իր հետ մրցակցել։

«Այս հարցը, ինչպես նաև դատարանների հարցը մեկ օրում լուծվել է: Մենք՝ ՀՀ իշխանություններս, չունենք բիզնես հետաքրքրություններ, և գործադիր իշխանությունը որևէ կերպ չի փորձում ազդել դատարանների վճիռների վրա: Սրանք են այն խնդիրները, որոնք էական են բիզնեսի համար եւ բացում են բոլոր դռները միջազգային եւ խոշոր բիզնեսի առջեւ»:

Վստահ եմ, որ առաջիկա ամիսներին, տարիներին մենք կտեսնենք էական փոփոխություններ այս հարցում՝ հավելեց Հայաստանի  առաջին փոխվարչապետը։ Նրա խոսքով՝ դա մեկ օրում չի արվում, մեծ ընկերությունները պլանավորման երկարատև փուլեր են անցնում, ուսումնասիրում են շուկան։

Հայաստանում ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը կարծիք հայտնեց, որ Հայաստանի կառավարությունն արդեն մի քանի քայլ ձեռնարկել է՝ ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի գործարարների վստահությունը բարձրացնելու համար.

«Նախապես երեք ոլորտ է առանձնացված՝ քաղաքային արդիականացում, ենթակառուցվածքներ եւ վերականգնվող էներգետիկա: Կա հետաքրքրություն: Այս գործարար համաժողովը հնարավորություն կտա բացահայտելու հայ-բրիտանական գործարար համագործակցության առկա հնարավորությունները»:

Թափանցիկությունն ու վստահության մթնոլորտն էլ ավելի լավացնելու համար հավելյալ քայլեր էլ են անհրաժեշտ՝ ասաց դեսպանը: Նա շեշտեց նաեւ, որ Բրիտանիան պատրաստ է նաեւ օժանդակել Հայաստանի կառավարությանը՝ պետական կառավարման եւ տնտեսության զարգացման հարցերում: Մենք շատ լավատես ենք եւ պատրաստ ենք օգնելու՝ իր խոսքը եզրափակեց դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

Back to top button