Հասարակություն

Որոշ աղմկահարույց օրինագծեր փոփոխության կենթարկվեն

Ժամանակին մեծ աղմուկ հանած օրինագծերը նոր ձևավորված կառավարությունը ցանկանում է  որոշակի փոփոխությունների  ենթարկել։ Թերևս ամենաղմկահարույցն  ու քննարկվողը մինչ այսօր էլ շարունակում է մնալ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, որ ժամանակին «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության ակտիվիստներից էր, ասում է, որ կուտակային կենսաթոշակային համակարգ Հայաստանին միանշանակ պետք է, սակայն պարտադիր  բաղադրիչի առումով ունի  որոշակի վերապահում:

Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու կուտակային կենսա­թոշակային համակարգի հենց պարտա­դիր բաղադրիչը, և 1974 թվականից հետո ծնվածների աշխատավարձից պահումներ կարվեն 5 տոկոսի չա­փով: Մանե Թանդիլյանը հայտարարել է, որ հանդես  է գալու առաջարկով, որպեսզի պարտադիր բաղադրիչի կիրառումը հետաձգ­վի նվազագույնը մեկ տարով:

Հետաձգումն ինչ ազդեցություն կունենա ֆինանսական շուկայի վրա։ Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ճիշտ է համարում, որ համակարգը չի չեղարկվում։ Նշում է, որ պետք է օրենքում որոշակի փոփոխություններ կատարել եւ համակարգը գրավիչ դարձնել։ Օրինակ, բացարձակ գրավիչ չէ, որ գումարները  մինչև 30-ից 40 տարի անձեռնմխելի  են ու մարդիկ պարզապես կարող են հետևել միայն ֆինանսական հոսքերի շարժին ու այդ գումարները որևէ կերպ չեն կարող օգտագործել:

Մեկ այլ ոչ պակաս աղմուկ հանած որոշումն էլ վերաբերվում էր դեղատոմսով դեղեր բաց թողնելուն։ Այս որոշումը բուռն քննարկումների առարկա էր  դարձել ոչ միայն մասնագետների, այլև քաղաքացիների շրջանում: Առողջապահության ոլորտի մասնագետները որոշումը հապճեպ էին համարում՝ նշելով, որ համակարգի բոլոր նրբություններին հասու չէին ոչ միայն քաղաքացիները, այլ անգամ բժիշկները։  Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը իր որոշումը հայտնեց ֆեյսբուքյան էջով:

Եթե այս որոշումներին հասարակությունը  դրական է  արձագանքում, ապա նույնը  չենք կարող ասել ոստիկանության կողմից վարորդների  տույժ-տուգանքների չեղարկման որոշմանը: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ասում է, որ ցանկացած ֆինանսական համարում ունի և դրական, և բացասական արձագանք, պետք է գտնել ոսկե միջինը:

Կդադարեցվի 2012 թվականի հունվարի 1- ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կայացված վարչական  ակտերի կատարումը: Կչեղարկվեն մոտ 14 միլիարդ դրամի չափով տուգանքներ:

Back to top button