Տնտեսական

Հարկերն իջեցնելուց գները չեն իջնի. ԱԺ արտահերթը կայացավ

1 խորհրդարանական լսում, 2 հանրահավաք եւ 1 արտահերթ նիստ: Փաստացի սա հրապարակային այն միջոցառումներն են, որոնք կազմակերպվել են գնաճի պայքարի մեխանիզմները հասկանալու համար:

«Ելք» խմբակցության նախաձեռնությամբ պատգամավորներն այսօր հավաքվել էին արտահերթ նիստի: Մտավախությունը, թե մեծամասնությունը կարող էր միտումնավոր քվորում չապահովել եւ դրանով տապալել արտահերթ նիստը՝ անհիմն էր:

93 պատգամավոր գրանցվեց եւ արտահերթն սկսվեց։

 

Հարկային օրենսգրքի վերանայում եւ վերադարձ դեպի հին հարկերը. ահա այսպիսի օրակարգով էր «Ելք» խմբակցությունը հավաքել գործընկերներին արտահերթ նիստի՝ գնաճի դեմ պայքարի գործնական մեխանիզմ առաջարկելով: Խորհրդարանական մեծամասնությունը չմերժեց՝ եկավ, գրանցվեց, քվորում ապահովեց եւ մասնակցեց քննարկումներին:

Բայց մասնակցեց յուրովի՝ կրկին պնդելով, որ հարկային փոփոխությունները չեն կարող իրականացվել: Նախապես իմանալով արդյունքը՝ ինչու՞ ձեւական գնացին արտահերթ նիստի՝ «Ռադիոլուրը» հարցն ուղղեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին:

 

Հարկային օրենսգրքում «Ելք» խմբակցությունն ընդհանուր առմամբ առաջարկում է երկու խումբ փոփոխություն: Ասում են, որ սա մարդկանց համար կմեղմի գնաճի հետեւանքները, կառավարությունը քայլը գնահատում է իբրեւ պետական բյուջեի եկամուտների նվազեցում: «Ելք»-ի առաջարկած փոփոխություններն ուսումնասիրել են, հաշվարկել ու պարզել՝ այդ ամենը պետբյուջեի վրա կարժենա 32 միլիարդ դրամ: Պետությունը եւ մասնավորապես կառավարությունը պատրաստ չէ այսպիսի քայլերի՝ գործադիրի տեսակետը պատգամավորներին փոխանցելու համար խորհրդարան էր եկել ֆինանսների փոխնախարար  Դավիթ Անանյանը:

 

 

Այլ բան չասեցին, բայց պահանջեցին քվեարկության համար սահմանել շեմ. «Ելք»-ի առաջարկը կընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Բայց մինչեւ քվեարկությունը խոսեցին բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Արտահերթ նիստ հրավիրելու հարցում «Ելք»-ին աջակցած եւ անհրաժեշտ ստորագրություններ ապահոված «Ծառուկյան» խմբակցությունն ունի իր լուծումները, որոնք կառավարությանն առաջարկել էր շատ ավելի վաղ՝ հիշեցրեց խմբակցության քարտուղար Վահէ Էնֆիաջյանը:

Դաշնակցությունն այս հարցով առաջարկ չուներ՝ բավարարվեց կառավարության բացատրություններով եւ մատնանշեց ամենաթույլ օղակները: Խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյան.

Խորհրդարանական մեծամասնության անդամներն ամեն դեպքում ընդունեցին, որ պետությունը հրաշքների կարիք ունի, բայց չընդունեցին, որ «Ելք»-ի առաջարկն այն կրեատիվ տարբերակն է, որ անհրաժեշտ է: «Ռադիոլուրի» հետ զրույցում Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կրկին հաստատեց՝ «Եկամտահարկի մասին» օրենքում արմատական փոփոխություններն ընթացքի մեջ են՝ 3 օր առաջ էին կառավարությունում, աշխատանքն ընթացքի մեջ է:

Իսկ մինչ այս բոլոր քննարկումները, լսումները, արտահերթերը եւ օրենքների լրամշակումներն ու մշակումները շարունակվում են, այդպես էլ հնարավոր չի լինում պարզել, թե ինչու ռուսական 2500 դրամանոց կարագը թողած հայկական շուկայում ամենաշատը վաճառվում է 4400 դրամանոց նորզելանդականը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում երեկվանից դա փորձել են հասկանալ եւ եզրակացրել են՝ կարող են սահմանում լինել որոշակի խոչընդոտներ: Սա հետագայի լուծումներ են: Իսկ ինչ տվեց այսօրվա արտահերթ նիստը՝ հարցն ուղղեցի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին:

Օրվա գործն այսօր ավարտվեց քվեարկությամբ: Խորհրդարանը մերժեց եւ չընդունեց Հարկային օրենսգիրքը փոփոխելու «Ելք»-ի նախագիծը: Դեմ էին կոալիցիոն գործընկերները՝ հանրապետականն ու դաշնակցությունը:

Back to top button