Տնտեսական

Պետգնումների թնջուկը. համակարգի մասին բախվում են անգամ պետական տեսակետերը

Պետական գնումների համակարգը տարբեր օրենքներով շարունակում է բարեփոխվել, բայց դրանից պետգնումներին մասնակիցների դժգոհությունները չեն պակասում: «Ռադիոլուր»-ը գնացել է տնտեսվարողի դժգոհության հետքերով ու ֆիննախից ստացել պարզաբանում, սակայն այնտեղից պարզապես հերքել են հնարավոր խնդիրները:

Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Թամազյանը բացառել է կամայական մոտեցումների ռիսկերը: Իսկ մյուս կողմից պետգնումների համակարգում լուրջ ռիսկեր է արձանագրել նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ այդպիսով հաստատելով տնտեսվարողի դժգոհությունները:

Իսկ գնումների համակարգի խնդիրների հարցով մեկ հիմնական պատասխանատու չկա:

 

«Խաչպար» ընկերության տնօրեն Սմբատ Բալասանյանը պետգնումներին առնչվող խնդիրների մասին «Ռադիոլուր»-ի հետ զրույցում խիստ վրդովված է: 10 տարի է՝ մասնակցում է պետգնումներին: Այս ընթացքում 3 անգամ օրենք է փոխվել, խնդիրները զգալիորեն լուծվել են, բայց համակարգում սահմանափակումներ դեռ շատ կան՝ ասում է:

«Օրենքը սիրամարգի պես սիրուն է, բայց, ասում է, այն կիրառելիս՝ կառավարության որոշում, նախարարի մի երկու հրաման .. ու բմբլած հավի է վերածվում»:

Պետգնումներով ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների տեխբնութագրերի պահանջը որակապես փոխել է համակարգը, բայց նաեւ լծակ դարձել պատվիրատուի համար՝ սահմանափակելու տնտեսվարողների մասնակցությունը՝ ասում է Բալասանյանը:

«Արհեստական խոչընդոտների են հանդիպում, որոնք սարսափելի կրճատում են մասնակցությունը»:

Բալասանյանն օրինակ է բերում՝ պատվիրատուին անհրաժեշտ նույն նյութն արտադրում են տարբեր ֆիրմաներ՝ բաղադրության չնչին տարբերություններով: Բայց  պատվիրատուն իր տեխբնութագրում կոնկրետ ֆիրմայի արտադրանք է նշում՝ այն էլ բրենդային: Ստացվում է մի կողմից տնտեսվարողների մասնակցության սահմանափակում, մյուս կողմից պետական միջոցներն ուղղվում են նույն ապրանքի ամենաթանկ տարբերակին:

«Փաստորեն պատվիրատուների քմահաճույքին է թողնված՝ ինչ գրել: Եւ այդ սահմանափակումը վերաբերում է բոլորին, մնում է միայն մեկը, որը պատվիրատուի հետ հին կապեր ունի: Կարող է եւ նյութը լավն է, բայց դա սովորաբար հանդիսանում է ամենաթանկը տվյալ պահին շուկայում: Պատվիրատուները մասնակից հասկանում են ֆիզիկական անձ մասնակցին, բայց ոչ նրա ներկայացրած ապրանքները»:

Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Թամազյանը չի կարծում, թե տեխբնութագրերը որոշում են պետգնման մրցույթի ելքը, թեեւ, ասում է, օրենքը խտրական ու ուղղորդված մոտեցումներն արգելում է: Նրա դիտարկմամբ՝ էլեկտրոնային գնումները խտրական մոտեցումները գրեթե բացառում են. դրանք առավել հանրային են ու թափանցիկ, ուստի իրենք փորձում են բոլոր գնումներն էլեկտրոնայնացնել: Մտահոգ դիտարկումներին էլ Թամազյանն ունի պատասխան:

«Այս տարվանից կսկսվի տեխբնութագրերի խտրականության հսկողություն պատահականության սկզբունքով. անհնար է բոլորը վերահսկել»:

Ֆինփոխնախարարն ամեն դեպքում պետգնումների համակարգի թափանցիկությանը չի կասկածում, օրենքների մասին վստահությամբ է խոսում: Աշխատանք դեռ շատ կա, բայց Թամազյանը նաեւ վստահեցնում է՝

«Պետական մարմիններում հասել է նվազագույնի: Մնացած մարմիններում դեռ շատ անելիք կա, մանավանդ, որ մրցույթների հիմնական մասը կազմակերպվում է ոչ էլեկտրոնային ձեւով»:

Այս առումով ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն այլ տեսակետի է: Պետական մարմինները խախտում են պետգնումների գործընթացը, այն էլ՝ շատ հաճախ. խաթարում  մրցակցային միջավայրը, տնտեսվարողների համար մուտքի խոչընդոտ ստեղծում:

«Պետական մարմինները հաճախ մրցութային հայտարարություններում նշում են կոնկրետ ապրանքների անուններ, տնտեսվարողների անուններ: Ստացվում է, որ նախապես ուղղորդում են տնտեսվարողներին: Եւ բնականաբար հաղթող է ճանաչվելու այն ընկերությունը, որի անունը կամ ներկայացրած ապրանքը ներկայացված է մրցութային հայտերում: Այդպես, իհարկե, չի կարելի:  Այո, շատերն են անում, ցավոք սրտի»:

Տեսակետի հիմքում պետգնումների ուսումնասիրություններն են շատ գերատեսչություններում: Խախտումներ արձանագրվել են շատերի մոտ: Շաբոյանը չի շտապում անուններ տալ, բացատրում է, թե մեկ-երկուսի անունը տալը կարող է թիրախավորում դիտվել: Իսկ Ֆինանսների փոխնախարար Թամազյանը հարցին այլ կողմից է նայում: Ֆիրմայի անունը գրելն, այո, արդեն որոշակի ուղղորդում է, փորձում ենք խուսափել, բայց արգելել էլ չենք կարող. օրինակ՝ տեխնիկայի դեպքում տարբեր ֆիրմաների արտադրանքը կարող է չհամատեղվել:

«Այդ պատճառով գրում են տվյալ ֆիրմայի եւ համարժեք»:

Տնտեսվարող Սմբատ Բալասանյանը շարունակում է դժգոհությունները: Պատվիրատուի տեխբնութագրից տարբերվող հայտերը համարվում են կեղծ, ու ֆիննախը դրանք ներկայացնողին «սեւ ցուցակ» է գցում՝ 2 եւ ավելի տարի թույլ չտալով մասնակցել պետգնումներին: ՊՆ-ն, օրինակ, կաթիլային անզգայացման նյութի մրցույթ է հայտարարել՝ ազդող նյութի 100 տոկոս պարունակությամբ: Հայաստանում այդպիսի միայն մեկ դեղամիջոց է գրանցված, բայց անզգայացնող նյութի 99 ու ավելի տոկոս  պարունակությամբ:  Ստացվում է՝ ՊՆ-ն պատվիրել է մի բան, որը գոյություն չունի երկրում, մյուս կողմից էլ Ֆիննախին առաջարկել  է բաղադրության աննշան տարբերությամբ նյութ ներկայացրած մասնակցին ընդգրկել սեւ ցուցակում որպես կեղծ տվյալ ներկայացնողի։ Զտում են, փաստորեն, ասում է:

«Աբսուրդի է հասնում բանը»:

Փոխված օրենքն այլ անհարմարություն էլ է ստեղծում: Մրցույթը հայտարարվում է, մասնակիցը հաղթում է, պայմանագիր կնքում, պատվիրած նյութը մեծ ծավալով գնում, ներկրում: Բայց հաճախ վերջնական մատակարարման պայմանագիրը չի կնքվում. պատճառաբանվում է՝ միջոցները չեն հերիքում: Իսկ տնտեսվարողը մնում է իր գնած ապրանքը ձեռքին շվարած: Ու դրա համար՝ ոչ մի պատասխանատու:  «Խաչպար» ընկերության տնօրենն ունի դատարանի միջանկյալ որոշումը՝ հանել իրենց «սեւ ցուցակից» մինչեւ վերջնական որոշումը: Ֆիննախը որոշումը չի կատարում. աշխատակազմի ղեկավարը մի բան է ասել, փոխնախարար Թամազյանը՝ մի այլ բան:

«Պարզվում է՝ ֆիննախի երկու կաբինետների մարդիկ տարբեր գործելակերպ են դրսեւորում»:

 Կարեն Թամազյանի արձագանքը:

«Իրականում հնարավոր չէ նման մոտեցում: Եթե դատարանը որոշի կասեցնել որեւէ գործողություն, տվյալ գործընթացը կկասեցվի»:

Պետության անունից մարդիկ անփույթ մոտեցում են ցուցաբերում, պատվիրատուին տվել են լայն, իսկ մեզ՝ պաշտպանվելու սուղ հնարավորություններ՝ տնտեսվարողն է դժգոհում: Կարեն Թամազյանը, սակայն, համոզված է, ամեն ինչ արված է կամայական խտրական մոտեցումները բացառելու համար:

«Այո, բացառում եմ, քանի որ ստեղծված է անկախ, բազմափուլ, բոլորի արածները բողոքարկման ենթակա համակարգ: Եթե տնտեսվարողն իրականում արդար է, ապա նա տարբեր փուլերում իր իրավունքները պաշտպանելու հնարավորություն ունի»:

Ստացվում է, որ բոլոր բարեփոխումներով հանդերձ, բախվում են ոչ միայն տնտեսվարողի ու պետական մարմնի, այլեւ հենց տարբեր պետական մարմինների դիրքորոշումները:

 

Back to top button