Տնտեսական

Ջուրը պետք է հասցվի հեռավոր արոտավայրեր

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

2011 թվականին մեկնարկած «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» վարկային 5 ամյա ծրագիրը հնարավոր է նախատեսված ժամկետից շուտ ավարտվի, այսօր տեղեկացրեց   գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը:
Ծրագրի ընդհանուր արժեքը  21.3 միլիոն դոլար է, որից 16 մլն-ը Համաշխարհային բանկի վարկն է: Ծրագրով պետք է հեռավոր արոտներ ջուր հասցվի, որ գյուղացիների համար հարմար լինի կենդանիներին արածեցնելը:
Հայաստանում արոտները շատ են ու լավը, սակայն դրանց մեծ մասը գյուղերից բավականին հեռու է, ջուր չկա, ուստի մարդիկ ստիպված անասունն արածեցնում են մերձակա արոտներում, որտեղ ջուր կա, եւ որոնք, սակայն, գերարածեցման հետեւանքով վաղուց կորցրել են իրենց որակը:
Համաշխարհային բանկը վարկային միջոցների տրամադրմամբ աջակցում է գյուղնախարարությանը` արոտների կառավարման հարցում, ծրագրին 2.5 մլն դոլարի ֆինանսավորմամբ եւ կազմակերպչական առումով միանում է նաեւ «Հեյֆեր փրոջեքթ ինթերնեյշնլ» կազմակերպությունը:
Գագիկ Խաչատրյանը մանրամասնեց նաեւ, որ իրենք այսօր վերագնահատում են ջրային ռեսուրսների պաշարները` հասկանալու, թե հեռավոր լեռնային արոտներ որտեղից ինչպես է պետք ջուր հասցնել: Ծրագրով նախատեսված է, որ մինչեւ 2016 թվականը պետք է հանրապետության 6 մարզերի սահմանամերձ եւ լեռնային 55 համայնքների համար արոտների հարցերը կարգավորված լինեն, կաթի մթերման կայաններ ստեղծվեն ու գյուղտեխնիկան հնարավորին չափ թարմացված լինի:

Թողնել պատասխան

Back to top button