Միջազգային

Մոսկվայում կընդունեն Սիրիայի պատվիրակությանը

Սիրիայի կառավարական պատվիրակությունն այսօր կժամանի Մոսկվա: ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը հղում անելով դիվանագիտական աղբյուրին՝ տեղեկացնում է, որ ծրագրված է պատվիրակության հանդիպումը արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ավելի վաղ` դեկտեմբերի 14-ին, Մոսկվայում տեղի էր ունեցել  Լավրովի հանդիպումը սիրիական ներքին ընդդիմության ներկայացուցչների և «Փոփոխությունների և ազատագրման համար ազգային ճակատի»  ղեկավար Քադրի Ջամիլի հետ: Լավրովը բազմիցս նշել է, որ սիրիական հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը ենթադրում է «համընդհանուր երկխոսություն, որի մի կողմում կլինեն կառավարության, իսկ մյուս կողմում ընդդիմության ներկայացուցիչները»:
Փաստաթուղթը, որը ստորագրվել է հունիսի 30-ին՝ Ժնևում, նախատեսում է Սիրայում իշխանության և ընդդիմության ներկայացուցիչներից կազմված անցումային կառավարության ձևավորում, որը կանցկացնի նոր խորհրդարանական և նախագահական ընտրություններ:

Իսկ ահա ՌԻԱ- Նովոստին հղում անելով Լոնդոնում հրատարակվող «Աշ-շարկ ալ-աուսատ» թերթին  տեղեկացնում է, որ սիրիական բանակի 13 սպա իրենց ընտանիքներով` մոտ 70 մարդ, տեղափոխվել է Հորդանան և ապաստան է խնդրել այդ երկրի իշխանություններից:

Սիրիացի սպաները և նրանց ընտանիքի անդամները ժամանել են սահմանամերձ «Տելլ աշ-Շիհաբ» շրջանը և տեղափոխվել են Ալ-Մաֆրակ նահանգում գտնվող «Ար-Ռադժհա» ճամբարը, որտեղ պահվում են սիրիական բանակի դասալիքները:
Բացի այդ՝ հայտնի է դարձել, որ նախօրեին ապստամբների կողմն անցած սիրիայի ռազմական ոստիկանություն նախկին պետ` Աբդել Ազիզ Շալյալը այժմ գտնվում է Թուրքիայում:
Նախորդ օրը նա նշել էր, որ նա միանում է ապստամբներին, քանի որ իշխանական զորքերը ոչնչացնում են խաղաղ բնակչությանը` նրանց պաշտպանելու փոխարեն:

Թողնել պատասխան

Back to top button