ԿարևորՀասարակություն

2023-ին մարդու իրավունքները խախտվել են բոլոր ոլորտներում. ՄԻՊ-ը ներկայացրել է տարեկան զեկույցը

2023-ին մարդու իրավունքները խախտվել են բոլոր ոլորտներում։ Սա դրանց պաշտպանության պատասխանատուի՝ Անահիտ Մանասյանի դիտարկումն է։ Ասում է՝ մտածելու ու գործելու կարիք ունեն քաղաքական, սոցիալ-տնտեսական, առողջապահական, կրթական, իրավական ոլորտների ներկայացուցիչները, խախատվում են զինծառայողների, Արցախից բռնի տեղահանվածների, մեծ հաշվով՝ բոլոր խմբերի ներկայացուցիչների իրավունքները։

«Մեծ անդրադարձ կա կալանքի հետ կապված խնդիրներին, անմեղության կանխավարկածի հետ կապված խնդիրներին։ Այս պահին ազատությունից զրկված անձանց թվի կեսից ավելին կազմում են կալանավորված անձինք, ինչը նորմալ չէ ընդհանուր վիճակագրության և տարբեր պետությունների հետ համեմատության տեսանկյունից։ ԶՈՒ-ում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ կան, կուզեմ արձանագրել խաղաղ, ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի հետ կապպված հարցը․ անկախ հընթաց իրականացվող բարեփոխումների՝ մենք շարունակում ենք ունենալ նշված խնդիրները»։

Լավ նորությունն այն է, ասում է, որ 22-ի համեմատ աճել է ոչ միայն դիմումների, այլև դրական լուծում ստացած խնդիրների թիվը։ 2022-ին դրական լուծում է ստացել 1282, 23-ին՝ 1922 գործ։ Բազմաոլորտ խնդիրների մեջ, սակայն, ՄԻՊ-ը տարեկան զեկույցում առանձնահատուկ ուշադրություն է դարձրել ատելության խոսքի տարածման մասշտաբներին և մտահոգված արձանագրում է՝ այս առումով ՄԻՊ-ն ինքն էլ՝ իր աշխատակազմի հետ միասին, պաշտպանության կարիք ունի․

«Եթե խոսքը պետական իշխանությունների մասին է, ապա այս տարվա ընթացքում իմ անկախության նկատմամբ ոտնձգության կամ իմ նկատմամբ ճնշման որևէ դեպքում ես չեմ նկատել, կարողացել եմ շատ ազատ խոսել բոլոր խնդիրների մասին։ Այլ դերակատարների կողմից այս մեկ տարվա ընթացքում կան, շարունակվում են ճնշումների փորձերը, որոնք իմ խորին համոզմամբ, թե՛ պաշտպանի, թե՛ պաշտպանի աշխատակազմի նկատմամաբ ունեն համակարգված, կազմակերպված և շարունակական բնույթ»։

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները, որոնց ՄԻՊ-ը ներկայացրել է իր աշխատանքի ամփոփումը, առաջարկում են ավելի թիրախային խոսել։ «Հայաստան» խմբակցության անդամ Զեմֆիրա Միրզոևային, օրինակ, հետաքրքրում էր Տավուշում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ ՄԻՊ-ի վերաբերմունքը․

«Այս պահին Տավուշում և Տիգրանաշենում մարդիկ բառիս բուն իմաստով բռնության են ենթարկվում։ Օրինակ՝ Տավուշում ապրիլի 23-ի երեկոյան, խաղաղ ակցիա իրականացնող մարդկանց վրա վրաերթ է իրականացվել և, ըստ ականատեսների, ոստիակնությունը չի միջամտել։ Այսօր ևս դա շարունակվում է։ Օրինակ՝ Դուք ի՞նչ գործնական քայլեր եք պատրաստվում իրականացնել»։

Նույն հարցը ՄԻՊ-ին էր հետաքրքրում․ ի՞նչ գործնական քայլեր է արել պատգամավորը մարդու իրավունքները պաշտպանելու համար։ Անահիտ Մանասյանի կարծիքով՝ սա նաև գործադիրի անելիքն է և, եթե նրանք թերացել են, ապա հաջորդ տարվա զեկույցում ինքը գուցե այդ մասին ևս գրի։

«Պաշպանն ունի հստակ մանդատ․ պաշտպանը քնչական մարմին չէ, Ներքին գործերի նախարարության մարմին չէ, դատավոր չէ, դատախազության մարմին չէ, դատախազ չէ, և կարելի է շատ մեծ թվարկումներ իրականացնել։ ՄԻՊ ինստիտուտը ձևավորվել է կոնկրետ նպատակով և բոլոր երկրներում է ձևավորվել այդ նպատակով և ունի կոնկրետ գործքիակազմ․ տեսնել, արձանագրել խնդիրները և փորձել տալ լուծումներ»։

Վերջինն, ասում է, փորձել է անել․ հայտնել է պատշաճ քաննություն իրականացնելու իր ակնկալիքի մասին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանն էլ ՄԻՊ-ին առաջարկում է բարձրաձայնել նաև ատելության խոսքը բացառելու ակնկալիքի մասին՝ նկատի ունենալով հոգևորականներին։

«Ցավոք սրտի վերջին շրջանում՝ հատկապես վերջին սահմանային զարգացումների ֆոնի,ն ես տեսնում եմ իրավիճակ, որ ատելության խոսք են տարածում կոնկրետ հոգևոր դասի ներկայացուցիչները, և ինձ համար սա շատ կոնկրետ պրոբլեմ է։ Հարցս կոնկրետ է․ արդյո՞ք ձեր ուսումասիրությունների տիրույթում գտնվում են նշածս դասի ներկայացուցիչները, և եթե ոչ, ապա ինչո՞ւ և, եթե ոչ ապա առաջարկում եմ, որ սկսեն գտնվել»։

ՄԻՊ-ը նկատում է, որ ատելության խոսքը դրսևորվում է բոլոր շերտերի կողմից՝ իշխանական թե ընդդիմադիր, հոգևոր թե ակադեմիական։ Եվ քանի որ այն բացառելու հստակ գործիքակազմ և լիազորություններ չունի՝ հույսը կողմերի ինքնակարգավորման ունակության վրա է դնում․

«ՄԻՊ լիազորությունները տարածվում են պետական մարմինների գործունեության նկատմամբ։ Այստեղ, բնականաբար, գործ չունենք պետական մարմինների հետ։ Բայց երբ խոսում էի ոչ միայն ատելության խոսքի, այլև իրավունքների արժեքին չհամապատասխանող խոսքի մասին, ընդհանուր դաշտն էի նկարագրում։ Գրեթե բոլոր դերակատարները այդ շրջանակում ընդգրկված են։ Ավելին ասեմ՝ ինձ համար շատ ցավալի է նաև ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների կողմից ատելության խոսքի տարածումը, ինչը ևս մոդելային վարքագիծ է ձևավորում»։

Անահիտ Մանասյանի խոսքով՝ կարևոր չէ՝ ինչ է ասվում, քաղաքական որ հոսանքի օգտին, որի՝ դեմ, որ գաղափարի մերժմամբ ու հանուն ինչի․ եթե խոսքը ատելության լեզվով է, ապա պետք է բացառվի՝ ասվածը չարժեզրկելու և այլոց իրավունքները չոտնահարելու համար։

Back to top button