ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ներառականությանը միտված ծառայությունները բավարար չեն. փոխնախարար

Երևանում այսօր մեկնարկել է հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական պաշտպանության քաղաքականության ապահովման թեմայով տարածաշրջանային համաժողովը։ «Դեպի աշխարհ՝ առանց խոչընդոտների» երկօրյա համաժողովին մասնակցում են տասնյակ երկրների հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի մասնագետներ և հաշմանդամություն ունեցող անձինք։ Կոնֆերանսի նպատակն է տարածաշրջանային հարթակ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար։ 

Աշխարհում ավելի քան մեկ միլիարդ մարդ կամ բնակչության 15 տոկոսն ունի այս կամ այն հաշմանդամությունը։ Գաղտնիք չէ, որ հաշմանդամություն ունեցող անձանց առողջական վիճակը պակաս բարվոք է, նրանց կրթական մակարդակը ավելի ցածր, տնտեսական հնարավորությունները սուղ, իսկ աղքատության մակարդակը՝ բարձր։ Հասարակության ամենախոցելի անդամները, սակայն, երեխաներն են։

Տարիքն ու հաշմանդամությունը մեծացնում են նրանց կախվածությունն այլ անձանցից։ Փոքր չէ նաև ֆիզիկական բռնության ենթարկվելու ռիսկը։ Դեռ 2006 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, որի նպատակն է աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց օգտվելու հավասարազոր իրավունքներից։ Հայաստանը կոնվենցիան վավերացրել է 2010 թվականին, սակայն, ինչպես հաշմադամություն ունեցող անձինք են ասում, դեռ շատ հեռու ենք նախանշված արդյունքներից։ Խնդիրներ ունենք ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման, այլև մատչելի միջավայրի ապահովման հարցում, նկատում է «Ունիսոն» ՀԿ ղեկավար Արմեն Ալավերդյանը։

«Միակ ռեալ առաջխաղացումը մայրաքաղաքի փողոցներն են։ Իհարկե, նորից հեռու են իդեալական լինելուց, բայց գոնե անցումների գերակշիռ մասում և նաև մայթերի վրա կան թեքահարթակները, կարելի է ման գալ Երևան քաղաքով, բայց կարելի է ման գալ առանց մտնելու հանրային շենքեր»։

Սոցիալական իրավունքներին տեր քաղաքացի ունենալուն միտված աշխատանքներ պարբերաբար են իրականացվում, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը։ Այլ հարց է, թե որքանով են դրանք բավարար։

«Ես համաձայն եմ ձեզ հետ, որ ծառայությունները բավարար քանակի չեն, բայց նաև բավարար հետազոտված էլ չէ, թե ինչի կարիքներ կան հիմա։ Դրա համար էլ այժմ իրականացնում ենք հաշմանդամությամբ պայմանավորված հավելյալ ծախսերի գնահատումը։ Այսինքն՝ ինչ է անհրաժեշտ այն քաղաքացուն, ով ունի հաշմանդամություն, ի տարբերությունը մյուս քաղաքացու, ով նույն տարիքային խմբում է, նույն սեռի է, բայց չունի հաշմանդամություն»։

Կոնֆերանսը, որին մասնակցում են ոլորտի առաջատար փորձագետներ տասնյակ երկրներից, փորձում է ավելի հասցեական լուծումներ առաջարկել հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրման ուղղությամբ։ Հարցը նաև գերատեսչության ռազմավարական ծրագրերից է, ասում է փոխնախարարը․

«Եթե մենք թատրոններում, օրինակ, պետք է ունենանք մատչելիություն, որպեսզի մշակութային իրավունքները կարողանան իրացնել հաշմանդամություն ունեցող անձինք, ունե՞նք արդյոք բավարար չափով սահմանված մուտքեր, ելքեր։ Սա քաղաքաշինության տեսանկյունից։ Արդյո՞ք դրանք առկա են բոլոր թատրոններում։ Եվ ի՞նչ պիտի անենք, ու ինչպիսի՞ ծախսեր են դրանք ենթադրելու։Եթե այս ճանապարհով ճիշտ քարտեզագրման ու հասցեագրման չգնանք, մենք շարունակելու ենք ունենալ ընդհանրական ծառայություններ, որոնք հասցեական չեն լինելու»։

Խնամակալի հոգսը թեթևացնելու համար տնային խնամքի ծառայությունն, օրինակ, ներդրվել է ծանր, բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների համար։ Բայց թե դրանք ինչ ինտենսիվությամբ պետք է մատուցվեն, փորձարկումներից հետո միայն պարզ կդառնա։ Մատչելի միջավայրի, համընդհանուր ներառականության խնդիր կա ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց Ասիական զարգացման բանկի հաշմանդամության հարցերով խորհրդատու Ջոաննա Ռոջերսը։ Ենթակառուցվածքներն ու տրանսպորտն, ըստ նրա, հաջողված օրինակներից են։

«Մեծ քաղաքներում բավականին փոփոխություններ ենք նկատում։ Օրինակ՝ մայթերի թեքահարթակները, տեսողության խնդիրներ ունեցողների համար համապատասխան գույներով նշանները, նաև լսողական հնարավորություններն են բարելավվել։ Ձայնային ազդանշանները ևս մատչելի են դարձնում միջավայրը։ Այսօրվա գիտաժողովի թեմաների մեկն այն է, որ նախկինում տարբեր հաշմանդամություն ունեցող անձինք տեսանելի չէին, կոնվենցիայի ընդունումը օգնեց, որպիսզի այդ մարդիկ դուրս գան ինստիտուցիոնալ հաստատություններից և ինտեգրվեն։ Այսօր արդեն մենք իրենց ամեն օր և ամենուր ենք տեսնում»։

Ըստ Ջոաննա Ռոջերսի՝ աշխարհում ամենամեծ խնդիրն այս ոլորտում շարունակում է մնալ ներառական կրթությունը, իսկ Հայաստանում, ըստ փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանի, դեռ միջավայրը բավարար մատչելի չէ։

Back to top button