ԿարևորՔաղաքական

Ս. Սարգսյան. ԵԺԿ- ն եվրամերձեցման շարժիչ ուժն է

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը եվրամերձեցման շարժիչ ուժն է, բարեփոխումների ջատագովն ու իրականացնողը, այսօր ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների երևանյան գագաթաժողովում հայտարարեց ՀՀ նախագահ եւ հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը։

Իր ելույթում Հայաստանի նախագահն ընդգծեց, որ ԵԺԿ- ն մեծ դերակատարություն ունի Արեւելյան գործընկերությունը զարգացնելու հարցում։

Գագթաժողովն անցկացվում էր Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, Վարդանանց սրահում։ Մասնակիցներին ցույց տալով ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանի «Ավարայրի ճակատամարտը» աշխատանքը, Սերժ Սարգսյանը պատմեց 451 թվականին տեղի ունեցած մեր ժողովրդի համար ճակատագրական այդ իրադարձության մասին։

«Տասնվեց դար առաջ, երբ մենք արդեն 150 տարվա քրիստոնյաներ էինք, հայերն ստիպված եղան ելնելու կենաց և մահվան կռվի` պայքարելով քրիստոնեական կրոնից իրենց շրջելու, համաքրիստոնեական արժեքներին դավանելու հնարավորությունից զրկելու փորձերի դեմ: Անհավասար պայքարում և բազմաթիվ կյանքերի գնով մեր նախնիներին հաջողվեց պահպանել մեր ինքնությունը, մեր հավատը և մեր արժեքային համակարգը: Դարեր շարունակ այդ մարտահրավերներն առկա են մեր ժողովրդի պատմության մեջ: Կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչու էր մեզ համար այսքան կարևոր հայտնվել Եվրոպական ժողովրդական կուսակցության մեծ ընտանիքում, որի գործունեության առանցքում ընկած են համաեվրոպական արժեհամակարգն ու ժողովրդավարության հրամայական»,- ասաց ՀՀ նախագահը։

ԵԺԿ գագաթաժողովի ավարտին ընդունվեց «Երեւանյան հռչակագիր»:

ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների երևանյան գագաթաժողովին մասնակցում էին ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button