Տնտեսական

«Արմենտելը» առաջնորդվելու է ոլորտի ագրեսիվ զարգացմամբ

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

«ԱրմենՏելն» աշխատանքի բոլոր փուլերում առաջնորդվելու է հեռահաղորդակցության ոլորտի ագրեսիվ զարգացմամբ: Սա այն հիմնական հայտարարությունն էր, որով այսօր հայ լրագրողների հետ իր առաջին հանդիպմանը հայտարարեց Beeline ապրանքանիշով հանդես եկող «ԱրմենՏել» ընկերության նորանշանակ գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Արդի նորարարական լուծումների և ընկերության սոցիալական պատասխանատվության նոր հայեցակարգի ներդրումը լինելու են հանրապետությունում բջջային կապի առաջին մատակարարի առաջնահերթությունները: Առավելագույն ուշադրություն է դարձնելու բաժանորդների սպասարկման որակին:
«ԱրմենՏել» ընկերության նորանշանակ գլխավոր տնօրենի աչքից չի վրիպել, որ շուկայում նոր օպերատորների հայտնվելը նոր որակ է հաղորդել թե մրցակցությանը,  թե կապի ծառայություններին։
«
Մենք տեսնում ենք բաժանորդների, որոնք մինչ այժմ մեզ հետ են: Մենք նրանց հատուկ սպասարկում ենք ցուցաբերում: Բացի այդ` ինձ համար մեծ պատիվ է ղեկավարել Հայաստանում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր «ԱրմենՏել» ընկերության պրոֆեսիոնալ թիմը: Համոզված եմ, որ «Վիմպելկոմ» ընկերության միջազգային փորձը, մասնագիտացված աշխատակազմը և եվրոպական նոր բիզնես մոդելների կիրառումը մեզ հնարավորություն կտան գրավել առաջատար դիրք երկրի հեռահաղորդակցության շուկայի բոլոր ոլորտներում»։

Անդրեյ Պյատախինը պաշտոնապես «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել է հունիսի 19-ից: Այս ընկերությունն առաջինն էր, որ մեր երկրում սկսեց բջջային օպերատորի ծառայություններ մատուցել ու առաջին մի քանի տարիներին զբաղեցնում էր մենաշնորհային դիրք:
Նոր օպերատորի շուկա մտնելը նպաստեց ոչ միայն բջջային կապի, այլև ինտերնետի սակագների կտրուկ` ընդհուպ մինչեւ մի քանի անգամ նվազեցմանը, որակի բարձրացմանը և համակարգում ներդրումների ավելացմանը: Իսկ արդեն երրորդ և հաջորդ օպերատորնեի ներկայությունը ոչ միայն բազմազանություն, այլև նոր մրցակցություն բերեց:
Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը և  սպառման ծավալները վերջին հինգ տարում 50-60 անգամ ավելացել են: Լայնաշերտ ինտերնետի օգտատերերի թիվը հինգ տարում ավելացել է` հասնելով մինչև 350-400 հազարի, իսկ սպառման ծավալները` մինչև 60-70 գեգաբիթի:
Մասնագիտական դիտարկումների համաձայն` աճն ապահովվել է, հիմնականում, մարզերի հաշվին, և այժմ մարզերի ու մայրաքաղաքի սպառողների հարաբերակցությունը մոտ 50/50 տոկոս է։

Back to top button