

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Ազգային ժողովն այսօր սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Օրակարգում ընդգրկված է 63 հարց, այդ թվում ՝ 12 միջազգային պայմանագիր: Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է «Ժառանգություն» խմբակցության նոր պատգամավորին՝ Թեւան Պողոսյանին՝ պատգամավորական մանդատ ստանալու առիթով: Վերջինը պատգամավոր է դարձել Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականից հետո։ Այսքանով, սակայն «Ժառանգությանը» վերաբերող հարցերը չեն սպառվել:
Ինչ վերաբում է խորհրդարանական քննարկումներին, ապա դրանք նիստերի դահլիճում այսօր ծավալվել են հիմնականում մեկ թեմայի շուրջ: Ներկայացվել են Հանրային հեռուստառադիոընկերության 2010 և 2011 թվականների գործունեության վերաբերյալ խորհրդի երկու հաղորդումնները:
Սերիալներ, հեռուսատագովազդ, հաղորդումների թեմատիկ ուղղվածություն, քաղաքական հավասարակշռության ապահովում. պատգամավորների հարցերը վերաբերում էին այս թեմաներին: Սերիալների կապակցությամբ Ալեքսան Հարությունյանը նշեց, որ դրանք միշտ կարելի է քննարկել և միշտ կարելի է ավելի լավ որակի սերիալներ նկարահանել:
Այժմ Հ1-ի եթերով 2 հեռուսատսերիալ է հեռարձակվում, և դրանք ըստ խորհրդի նախագահի, եթե չեն օգնում, ապա չեն էլ վնասում հեռուստադիտողին:
Ի դեպ, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնավարման 2-րդ ժամկետը մոտենում է ավարտին:
Սա հիշեց և խորհրդի նախագահին հիշեցրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը. «Բավականին երկար ղեկավարել եք Հանրային հեռուստառադիոնընկերության խորհուրդը: Այսօր, երբ մոտենում է Ձեր պաշտոնավարման ավարտը, արդյո՞ք հանգիստ եք հեռանում, որ բավարար ազնիվ եք օգտագործել հարկատուների գումարները»:
«Ես իմ գործունեության ավարտին պատրաստվում եմ մանրամասն հաշվետվությամբ հանդես գալ: Ինչ վերաբերում է հարցին՝ բավարարված եմ իմ արածից թե ոչ, ապա ցանկացած աշխատանքից բավարարված պետք է լինի հասարակությունը: Ես կասեմ կարճ` վատ չեմ աշխատել»,- խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:
Հավելեմ նաև, որ այսօր խորհրդարանում նաև ընտրություններ կազմակերպվեցին։ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի աթոռը թափուր էր ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի՝ Գյումրիի քաղաքապետ ընտրվելուց հետո:
ԲՀԿ խմբակցությունը հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Մարտուն Գրիգորյանի թեկնածությունը:
Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ձայների 75 կողմ, 4 դեմ հարաբերակցությամբ նա ընտվեց ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: