Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Թուրք զինվորն ասաց՝ ոչ թե «բարև ձեզ», այլ «սալամ»․ Աննա Ասծատրյան․ «Կյանքին ասել այո՛»

Աննա Ասծատրյանը ծնվել է 2008 թվականի մայիսի 28-ին Ստեփանակերտում։ Ինը տարի սովորել է տեղի Եղիշե Չարենցի անվան 7-րդ դպրոցում։ Ավագ դպրոցը շարունակում է Երևանի  Արամայիս Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում։ Արցախի հանրային հեռուստատեսությունում հեռուստահաղորդավարուհու աշխատանքային փորձ ունի հինգ տարեկանից։

Վարել է մի շարք հաղորդումներ՝ «Մուշ-մուշիկից» սկսած մինչև «Բարև, ես եմ»։ Արցախի Հանրայինի հետ կապված Աննայի մասնագիտական երազանքները փշրվեցին պատերազմի արկերի ներքո։ Թեև 44-օրյա պատերազմի միայն առաջին օրն է եղել Արցախում, բայց դա էլ բավական էր, որպեսզի հասկանար՝ ինչ է «պատերազմ» կոչված արհավիրքը։ Ամբողջությամբ վերապրել է 2023-ի սեպտեմբերյան պատերազմն ու դրան նախորդած ու հաջորդած արցախահայությանը բաժին ընկած ամբողջ տառապանքը՝ շրջափակումից, սովից, պատերազմից մինչև հայրենազրկում։

Աննայի պատանեկան մտապատկերում դաջված, թերևս, ամենասարսափելի դրվագներից մեկը․ «Հակարիի կամուրջն անցնելիս  բաժանում էին թուրքական արտադրության ջուր և քաղցրավենիք։ Չէի ուզում վերցնել, բայց տատիկս դեմքիս նայեց ու ասաց՝ բալե՛ս, վերցրու,  կանցնենք, կգցես։ Այնքան վախեցած էի, որ գցեցի, երբ արդեն Երևանի տարածքում էինք։ Հիշում եմ, երբ թուրք զինվորներից մեկը մոտեցավ, նրան բարևեցի, իսկ նա ինձ ուղղեց՝ ոչ թե ասեք «բարև ձեզ», այլ ասեք «սալամ»,-պատմում է Աննան։

Արցախից հետո նոր կյանքին հարմարվելը հեշտ չէր՝  նոր դպրոց, նոր միջավայր․․․Խուսափում էր շփումներից, չէր ցանակնում անգամ գիրք բացել, բայց հետո որոշեց՝ պետք է հավաքվել, այսպես շարունակել չի կարելի։ Հավաքվեց, ու այսօր Աննան ավագ դպրոցին զուգահեռ սովորում է նաև «Պանարմենիա» մեդիա դպրոցի «Հաղորդավարություն» բաժնում։

Առաջիկայում կնկարահանվի «Վերա» ֆիլմում, որի հիմքում Արցախում տեղի ունեցած ողբերգական մի իրադարձություն է։ Աննայի խոսքով՝ ֆիլմը շատ հոգեհարազատ է, որովհետև Արցախի մասին է, որտեղ վերադառնալու հույսը երբեք չի կորցնելու։

Back to top button