ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Սեփական նախաձեռնությա՞մբ, թե՞ Ադրբեջանի թելադրանքով. 2026 դեկտեմբերը ՀՀ նոր Սահմանադրության նախագծի վերջնաժամկետն է

Խորհրդարանական ընդդիմությունը կասկածներ ունի, որ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարի իրական նպատակը Սահմանադրության փոփոխությունն է: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ «Հայաստան» խմբակցությունը:

ՀՀ նոր Սահմանադրության մասին խոսակցությունները նոր թափ են ստացել Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցից հետո: Հայտնի է, որ ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույցում Ադրբեջանի նախագահը կրկին դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից: Մինչդեռ պաշտոնական Երևանը մշտական այդ բողոքներին արձագանքել է, որ դա ՀՀ ներքին գործն է, թեև Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին իշխանությունը տևական ժամանակ է՝ խոսում է:

Բաքուն տարածքային պահանջներ է տեսնում Հայաստանի Սահմանադրությունում, Անկախության հռչակագրի հղման մեջ, որտեղ Հայաստանի ու Արցախի մասին հիշատակում կա: Հայաստանին շարունակական պահանջներ ներկայացնելուն զուգահեռ նույն տրամաբանությունը չի խանգարում Բաքվին, օրինակ, Նախիջևանում փառատոն կազմակերպել այսպես կոչված «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» խորագրով, որտեղ Հայաստանի 11 մարզերի յուրացված ցուցանմուշները ներկայացվում են որպես ադրբեջանական։ 

Հայաստանի Սահմանադրությանն առնչվող գործընթացներն իրականում մի քանի շերտ ունեն: Առաջին փաստով Հայաստանի իշխանությունները հստակ արձանագրում են. Ադրբեջանը չի ձգտում արագ խաղաղության: Այն դեպքում, երբ Հայաստանը պնդում է, որ «Խաղաղության պայմանագրի» տեքստը գրեթե պատրաստ է և քաղաքական կամքի առկայության դեպքում այն կարելի է մեկ ամսում ստորագրել, Ադրբեջանը առաջ է քաշում նոր պահանջներ: ՀՀ վարչապետը և Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը արդեն հստակ ձևակերպել են, թե ինչ է դա.

Նիկոլ Փաշինյան․ «Ես կարծում եմ, որ այդ հարցը փորձել բերել բանակցությունների սեղան, դա խաղաղության գործընթացի տորպեդահարում է և չեմ բացառում, որ այդտեղ կան նաև որոշակի միտումներ՝ միջամտություններ իրականացնելու Հայաստանի ներքին գործերին և որոշակի դեզինֆորմացիայի վրա հիմնված պրոցեսներ հարուցելու ՀՀ-ում»:

Սարգիս Խանդանյան․ «Իսկապես ակնհայտ է, որ դա պրոցեսը դանդաղեցնելու, ձգձգելու նպատակ է հետապնդում»:

Նման գործելաոճը անընդունելի է նաև միջազգային իրավունքի տեսանկյունից: Մասնագետները վկայակոչում են միջազգային իրավունքի հայտնի նորմը, ըստ որի՝ ներպետական օրենսդրությունը չի կարող միջազգային պայմանագրերի նկատմամբ առավելություն ունենալ: Երկրի Սահմանադրությունը երկու երկրների միջև կնքվելիք պայմանագրի հետ կապելու փորձերը հստակ միջամտություն է տվյալ երկրի ներքին գործերին:

Այս առումով Հայաստանի արտգործնախարարությունը պաշտոնական հայտարարությամբ և արտգործնախարար Միրզոյանն ու Աժ փոխնախագահ Ռուբինյանը արդեն հստակեցրել են պաշտոնական Երևանի դիրքորոշումը.

Արարատ Միրզոյան «Կողմերը իրար առջև՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն որոնց՝ յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խնդիրներ և խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար: Սա ամենևին չի նշանակում, որ օրինակ, ՀՀ սահմանադրական փոփոխությունների հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների առարկա է կամ օրակարգի մաս: Այդպիսի բան չկա»:

Ռուբեն Ռուբինյան «Եթե ադրբեջանական կողմից լինի կառուցողական մոտեցում, ես խաղաղության պայմանագրի ստորագրում հնարավոր եմ համարում հենց վաղը: ՀՀ Սահմանադրությունը, դրա փոփոխությունները կամ չփոփոխությունները Հայաստանի ներքին գործն են և դա չի կարող լինել բանակցային օրակարգ»:

Ադրբեջանը արդեն 3 տարի պարբերաբար բարձրացնում է այս հարցը: Մինչդեռ Հայաստանում, որպես հիմնավորում, հիշեցնում են՝ Սահմանադրության փոփոխության մասին իշխանությունները սկսել են խոսել 2018-ից հետո: Այս պնդման մեջ, սակայն, կա տարբերություն: Սկզբնական փուլում ձևակերպումը սահմանադրական բարեփոխումներն էին. հանձնաժողովները աշխատեցին այդ ուղղությամբ և անգամ հայեցակարգ պատրաստվեց: Այս տարվա հունվարի 8-ին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը իր ասուլիսում հայտարարեց՝ հայեցակարգը պատրաստ է հանրության դատին ներկայացնելուն.

«Հիմնականում մեծ մասով անդրադարձել ենք եղած իրավական վակուումների և տուպիկային իրավիճակների շտկման ակտերին, այսինքն՝ այն բոլոր տեղերը, որտեղ նախկինում սահմանադրական ոչ հստակ կարգավորումների արդյունքում փակուղու մեջ էր հայտնվում որևէ իրավական պրոցես: Դրանք ենք վերանայել, նախագահի լիազորություններին ենք անդրադարձել, այսինքն՝ ամեն ինչին անդրադարձել ենք, բայց դեռևս ինձ իրավունք չեմ վերապահում ներկայացնել հայեցակարգի այն կարևոր դրույթները, որովհետև ունենք պայմանավորվածություն, որ ամբողջությամբ կքվեարկենք հայեցակարգը, նոր արդեն հանրային իրազեկում տեղի կունենա»:

Հաշված օրերի տարբերությամբ պարզվեց, որ հանձնաժողովները սխալ ուղղությամբ են աշխատել՝ կա՛մ չեն հասկացել հանձնարարականը, կա՛մ հընթացս փոփոխությունների նպատակներն են փոխվել: Այս տարվա հունվարի 19-ին արդարադատության նախարարությունում վարչապետը արդեն հստակեցնում էր.

«Ոչ թե սահմանադրական փոփոխություններ, այլ նոր Սահմանադրություն: Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը ՀՀ-ն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»:

Խոսույթի փոփոխությունը հայաստանյան վերլուծական դաշտին տարբեր մեկնաբանությունների առիթ տվեց:

Տիգրան Գրիգորյան․ «Արդարադատության նախարարությունում այդ հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը, կարելի ասել, գրեթե ուղիղ տեքստով հայտարարեց, թե որն է նպատակը: Երբ նշում ես, որ խոսքը կառավարման մոդելի փոփոխության մասին չէ, խոսքը ռեգիոնալ ինչ-որ նոր իրողություններին համապատասխանող մայր օրենք ունենալու մասին է, պարզ է, որ այս ամենը ուղղակի կապ ունի բանակցային գործընթացի հետ»:

Հակոբ Բադալյան «Ալիևը բոլորովին շահագրգռված չէ Հայաստանի հետ հասնել խաղաղության համաձայնագրի: Դնում է հետևյան նպատակը՝ կա՛մ Հայաստանին անվերապահորեն թելադրել իր պայմանները և հասնել մի համաձայնագրի, որը պարզապես կարձանագրի Հայաստանի ընդամենը որպես դեկորատիվ մի պետություն լինելը, կա՛մ պարզապես չկնքել որևէ մի համաձայնագիր և հետո շարունակել խաղալ այդ ուժի գործոնի վրա: Ես կարծում եմ, Երևանը շատ լավ պատկերացնում է այս ռիկսերը: Թե ինչպիսի քաղաքականություն է վարում և ինչպես է պատկերացնում չեզոքացնել դրանք, դա արդեն խնդրի մյուս կողմն է»:

Խորհրդարանական ընդդիմությունը արդեն կասկածներ է հայտնել, որ հունիսի 21-ին Աժ-ում կազմակերպված լսումները ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու իրական նպատակը Սահմանադրության փոփոխությունն է: ԱԺ «Հայաստան» խմբակցության կարծիքով՝ ԵՄ անդամակցության քողի տակ փորձ է արվելու անցկացնել Սահմանադրության փոփոխությունները:

Նոր Սահմանադրություն ունենալու հարցում Հայաստանի իշխանությունը նոր ժամկետ է սահմանել: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է մինչև 2026 թվի դեկտեմբերը Սահմանադրության նախագիծ մշակել և ներկայացնել իր աշխատակազմ:

Կարդացեք նաև
Close
Back to top button