ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Եղել է պահ, որ միայն ոսկորներ էին բերում․ Գագիկ Աղաջանյան․ «Կյանքին ասել այո՛»

Գագիկ Աղաջանյանը ծնվել է 1977 թվականին Ստեփանակերտում։ Տեղի թիվ 8-րդ ռուսական դպրոցն ավարտելուց հետո 1994-ին՝ զինադադարից ընդամենը օրեր անց զորակոչվել է բանակ։ Երեք տարի ծառայել է Արցախի ՊԲ-ի տարբեր զորամասերում։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Արցախի փրկարար ծառայությունում, որի կազմում  էլ 44-օրյա պատերազմի օրերին իրականացնում էր որոնողափրկարարական աշխատանքներ։ Պատերազմից հետո շարունակվում էին որոնողական աշխատանքները թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում։

«Որոնողական աշխատանքները մինչև վերջ չեն դադարել, մեր փրկարարները ամեն օր գնում էին տարբեր ուղղություններով։ Եղել են օրեր, երբ արդեն ոչինչ չէին բերում, եղել է պահ, որ միայն ոսկորներ էին բերում, ինչքան ոսկոր եղել է, հավաքել բերել են։ Երբեմն դրանք կենդանիների ոսկորների հետ էին խառնված։ Դիահերձարանում մասնագետները ընտրում էին և ուղարկում Հայաստան ԴՆԹ-ի։ Ծանր աշխատանք էր, բայց ստիպված անում էինք, որովհետև յուրաքանչյուր ծնող էլ ուզում է՝ եթե ոչ որդու մարմինը, գոնե մարմնի մի մասնիկը ունենալ»,-ասում է Գագիկը։

2023-ից աշխատանքի անցավ Արցախի  Ազգային անվտանգության ծառայությունում, որի մարտական ստորաբաժանման կազմում  մասնակցել է 2023-ի մարտական գործողություններին։ «Ամենածանր պահն այն էր, երբ ասացին՝ զենքդ պիտի հանձնես»։ Հանձնեց, հետո Արցախից հեռանալու պահն էր։ Սեպտեմբների 25-ին հարևանների հետ հրաժեշտն ու Ստեփանակերտի դատարկվող փողոցները հեռանալիս որդին է հասցրել հեռախոսով արձանագրել ։  

Երևանում Գագիկի յոթ հոգանոց ընտանիքը բնակվում է բարեկամի տանը։ Նա առաջին օգնության հիմունքներ է դասավանդում մի շարք կառույցներում, աշխատում է պայմանագրային հիմունքներով։ Իսկ կարոտը փորձում է հաղթահարել  նոր կյանքին հարմարվելով՝ չուրանալով Արցախն ու դեպի Արցախ վերադարձնող ճանապարհի հույսը։

Կարդացեք նաև
Close
Back to top button