ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ադրբեջանի քաղաքականությունը միտված է հայ-ադրբեջանական բանակցությունների տապալմանը․ քաղաքագետ

Վերջին օրերին ակտիվացել են խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորության մասին խոսակցությունները, ամսվա սկզբին ասուլիսում փաստաթղթի ստորագրմանն անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետը։ Պաշտոնական Երևանի` առաջիկա մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ կառուցողական և ինտենսիվ աշխատելու պատրաստակամությանը Բաքվից արձագանքել էին` հայտարարելով, թե Երևանի և Բաքվի միջև իրական և հարատև խաղաղության պայմանագրի կնքման գլխավոր պայմանը Ադրբեջանին ներկայացվող տարածքային պահանջների դադարեցումն է։ Այդ տարածքային պահանջները, ըստ ադրբեջանական կողմի, «ամրագրված են առաջին հերթին Հայաստանի սահմանադրության տեքստում»։

Ի պատասխան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ արձագանքել էր, որ Ադրբեջանն առաջ է քաշում նոր թեմաներ, որոնք առնվազն հարցեր են առաջացնում։ Մյուս կողմից, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցում շեշտել է խաղաղության համաձայնագրի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի շարունակական առաջընթացը` ընդգծելով անհապաղ համաձայնագրի կնքման կարևորությունը, նաև վերահաստատելով այդ ուղղությամբ ԱՄՆ աջակցությունը։

«Բաքուն չի ձգտում խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Բաքվի քաղաքականությունը միտված է նոր պատերազմ հրահրելուն, քանի որ այն նպատակները, որոնց ձգտում է Ադրբեջանը, հնարավոր չէ հասնել խաղաղության պայմանագրով։ Ադրբեջանի քաղաքականությունը միտված է հայ-ադրբեջանական բանակցությունների տապալմանը և տարածաշրջանում Հայաստանի պետականությունը վերացնելուն, այս քաղաքականությունը Բաքուն իրականացնում է Թուրքիայի համակողմանի աջակցությամբ»,- «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ 

Երևանի և Բաքվի միջև հարատև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ ծավալվող հռետորաբանության նրբերանգները քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ զրույցում։ 

Կարդացեք նաև
Close
Back to top button