ԿարևորՀասարակությունՌեպորտաժներՏեսանյութեր

Քննարկվում է երաժշտությունն արգելող նախագիծ․ ով ինչ է երգում Երևանում

Անցած տարեվերջին Երևանի քաղաքապետարանն ընդունել էր մայրաքաղաքի փողոցներում երաժշտական գործունեությունը սահմանափակող որոշում։ Ըստ այդմ, մինչև երեկոյան ժամը 9-ը նվագել կամ երգել թույլատրվում էր շեքերից 10, իսկ երեկոյան 9-11-ը՝ 100 մետր հեռավորության վրա։ «Ռադիոլուրը» հետաքրքրվել է՝ ինչպես է պահպանվում այդ կարգը և պարզել է, որ քաղաքացիների բողոքները չեն դադարում։ Ուստի քաղաքապետարանն ստիպված է եղել է՛լ ավելի խիստ՝ երաժշտությունն արգելող որոշում նախաձեռնել։

Քաղաքի կենտրոնում՝ Թումանյան փողոց- Հյուսիսային պողոտա հատման կետում կանգնած՝ ես ներողություն եմ խնդրում այն երաժշտության համար, որը դուք կլսեք հոլովակը միացնելով։ Այստեղից քաղաքապետարան ես կհասնեմ մոտ 20 րոպեում։ Գնում եմ այնտեղ՝ պարզելու՝ ինչո՞ւ է մարդը քաղաքի ամենակենտրոնում 20 րոպե քայլելիս 10 տարբեր ոճի և որակի երաժշտություն լսում։

«Այո, շատ երաժշտական ոճեր կան, որոնք, որպես քաղաքացի, իմ քիմքին ընդհանրապես չեն պատշաճում։ Ես չէի ուզի դրանք լսել։ Բայց, որպես քաղաքապետարանի աշխատակից, ճիշտ չի լինի, որ դու նման սահմանափակում մտցնես, հաշվի առնելով թեկուզ միայն սահմանադրական կետը, որ բոլորն ունեն ստեղծագործական ազատության իրավունք։ Այս դիրքից գրաքննություն իրականացնելն ամենևին ճիշտ չի։ Շատ տհաճ երաժշտության ձևեր, տեսակներ, բովանդակություն կարող ես լսել, բայց ունենք այն, ինչ ունենք»։

Երևանի քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալ Գևորգ Սահակյանն ասում է՝ բոլորն ունեն երգելու իրավունք։ Եվ ոչ ոք չի ստուգելու՝ ինչ ու ինչպես է երգում, ասենք, Հանրապետության հրապարակում կանգնած մարդը։ Կարծում է, որ չի կարելի լավ երաժշտության ու լավ երաժշտական տվյալների մասին սեփական պատկերացումը պարտադրել ուրիշներին։

«Հիմա, օրինակ, ինձ համար դասականն է ընդունելի երաժշտություն, ջազը, ռոքը։ Բայց մյուսի համար՝ գուցե և ոչ այնքան։ Ու հիմնականում ամենաշատ ծափ տվողները հավաքվում են այն երաժշտության շուրջ, որն ինձ դուր չի գալիս։ Ու ինքդ քեզ հարց ես տալիս՝ արդյո՞ք այն, ինչ քեզ դուր չի գալիս, նաև դուր չի գա մյուսներին։ Բնականաբար, քաղաքապետարանը չի կարող տարանջատում մտցնել, սահմանել այն երաժշտության տեսակները, ոճերը, որոնք կարգելվեին»։

Այսպիսով՝ քաղաքն իր բնակիչներին ու հյուրերին ցույց է տալիս իր ձայնային «դեմքը», որը հախուռն է, չկանոնակարգված, կամայական։ Քաղաքապետարանի ներկայացուցիչն ասում է՝ քաղաքապետարանը չէ, որ քաղաքի մասին նման կարևոր որոշում պիտի կայացնի․

«Որ ասում եք՝ քաղաքն ի՞նչ դեմքով է ուզում ներկայանալ, դրա որոշողը մենք չենք, հենց քաղաքացիներն են․ ի՞նչ են ուզում իրենք լսել։ Մենք քաղաքականություններ էս մասով մշակում ենք, օրինակ՝ մեր ռազմավարական նպատակներից մեկն այն է, որ բարձր արվեստը, եթե կարելի է այդպես ասել, հնարավորինս մոտեցնենք քաղաքացուն, բալետային փառատոներ ենք իրականացնում, օպերային փառատոն ենք իրականացնում, Անգլիայի ազգային բալետը հյուրախաղերով հանդես եկավ Երևանում․․․»։

Քաղաքացին այնքան կլսի լավ երաժշտություն, մինչև ինքնուրույն արգելի վատի գոյությունը․ քաղաքապետարանի պլանը մոտավորապես այսպիսին է։ Քանի որ չի կարելի մի երաժշտին ասել՝ դու լավ ես երգում, իսկ մյուսին՝ ոչ, քեզ չենք հավանում, ապա միակ տարբերակը սա է՝ կարծում է Մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալը։

Բայց Երևանի քաղաքապետարանի մեկ այլ բաժին՝ աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը, այլ պլան ունի․ ոչ թե որոշել՝ ով կարող է երգել, այլ բոլորին արգելել դա անել․ Ծառայության պետ Արամ Գյուրզադյան․

«Ես անձամբ նախաձեռնություն եմ բերել․ նախագիծը շրջանառության մեջ է ու լիահույս եմ, որ մոտ ժամանակներս, եթե մոտակա ավագանու նիստին էլ չէ, ապա հաջորդին կամ մյուսին արդեն այդ փոփոխությունն էլ կանենք, որ Հյուսիսային պողոտայում, Հանրապետության  հրապարակում ու Օպերայի հարակից տարածքում արգելենք նման գործունեություն իրականանցելը։ Ընդհանրապես այդ 3 վայրերում չերգեն, որովհետև կոնկրետ այդ երեք տեղերից ամենօրյա բողոքներ ենք ստանում․ շատ անճաշակ, շատ բարձր երաժշտություն, ու օրենքի մեջ պարտադիր փոփոխություն է պետք անել, որ կարողանանք այս ոլորտը ևս վերահսկելի դարձնել»։

Արամ Գյուրազդյանի խոսքով՝ այսպիսով երեք խնդիր կլուծվի․ կենտրոնում ապրողները կազատվեն անդադար իրենց տներում հնչող երաժշտությունից, չի խաթարվի կենտրոնում գործող տնտեսվարողների, ասենք՝ բացօթյա սրճարանների աշխատանքը, չենք անհանգստանա՝ ով ինչպես է ներկայացնում մայրաքաղաքը զբոսաշրջիկներին։

«Ես ընդունում եմ, որ մարդիկ գումար են աշխատում, բայց պետք է պահպանեն նաև շրջապատում բնակվող մեր հազարավոր քաղաքացիների իրավունքները, պետք է պահեն նաև տնտեսվարողների շահերը։ Դուք լավ գիտեք, որ Հյուսիսային պողոտան, Հանրապետության հրապարակը և Օպերայի շրջակայքը Երևանի տուրսիտական այցեքարտերից են, և էդ անճաշակ, ոչ հայեցի․․․ չգիտեմ, էնպիսի երաժշտություն են մատուցում, որը ո՛չ ականջահաճո է, ո՛չ մեր քաղաքին է սազում։ Այո, նաև ճաշակով բաներ էլ կան, բայց շատ հազվադեպ»։

Նախորդ տարեվերջին քաղաքապետարանն ընդունել էր այս գործունությունը սահմանափակող որոշում՝ պահանջելով մինչև երեկոյան ժամը 9-ը երգել կամ նկարել բնակելի շեքերից 10, իսկ երեկոյան 9-11-ը՝ 100 մետր հեռավորության վրա։ Սակայն այս որոշման կիրառելիությունը վերահսկող ծառայությունը շարունակում է ամենօրյա ռեժիմով բողոքներ ստանալ, ինչն էլ երաժշտությունն արգելող նախագիծ մշակելու առիթ է դարձել։

Back to top button