![](https://hy.armradio.am/wp-content/uploads/2024/06/screenshot_45.thumb_.png)
ՀՀ կառավարությունը հայտարարություն է տարածել վերջին շրջանում Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից պարբերաբար տարածվող տեղեկատվության հետ կապված , թե Հայաստանի Հանրապետության ՊՆ ստորաբաժանումների կողմից տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ:
«Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է բոլոր այդ մեղադրանքները, Ադրբեջանը շարունակում է այդօրինակ տեղեկատվության տարածումը:
Ի շարունակություն Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ սույն թվականի հունիսի 15-ին արված հայտարարության և ելնելով նրանից, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կամքն է թույլ չտալ լարվածության առաջացում՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկում է մեկնարկել նշված մեխանիզմի գործնականացման աշխատանքները»,-ասված է հայտարարության մեջ: