Երաժշտական եռանկյունի

Անդրանիկ Բերբերյանի կինոերաժշտությունը. «Երաժշտական եռանկյունի»

Հայկական կինոյի զարգացման ճանապարհը տասնամյակների պատմություն ունի։ Բաժանվում է մի քանի ժամանակաշրջանների, որոնցից առանձնանում է խորհրդայինն իր գեղարվեստական, վավերագրական և անիմացիոն կինոնկարներով, և որն այսօր ընդունված է բնութագրել որպես հայկական կինոյի «ոսկե դար»։

Պետության ուղղակի հովանավորությունը, պետական պատվերն ու ֆինանսավորումը թույլ տվեցին զարգացնել կինոարտադրությունը ամենալայն իմաստով և կինոերաժշտությունը`որպես ժանր, իր ծնունդն ու զարգացումն ապրեց հենց այդ տարիներին։

Անկախության ժամանակաշրջանը առավել կործանարար դարձավ հայկական կինոյի համար․ կտրուկ նվազեց ֆինանսավորումը, վաճառվեց կինոստուդիան, և ոլորտում մնացին մի քանի նվիրյալներ, որոնք միայն իրենց համառության շնորհիվ շարունակեցին ստեղծագործել և նկարահանել։ Իսկ կինոյի ոլորտում գործող կոմպոզիտորների պահանջը ի սպառ վերացավ — ռեժիսորները հիմնականում նախընտրում էին օգտագործել նախկինում արված ձայնագրությունները։

Ժամանակակից երիտասարդ կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանի աշխատանքը կինոյի և անիմացիայի ոլորտներում ստեղծում է առողջ նախադեպ, երբ նորից արժևորվում և կարևորվում է պրոֆեսիոնալ կոմպոզիտորի գործոնը կինոարտադրության մեջ։

«Սերելով կոմպոզիտորի (Ավետիս Բերբերյան) ընտանիքից, ես բավականին ներդաշնակ կերպով մտա երաժշտության աշխարհ, ընդունվեցի կոնսերվատորիա՝ ուսանելով անվանի կոմպոզիտոր Արամ Սաթյանի դասարանում։ Իմ հետաքրքրությունները երբեք չէին սահմանափակվում ակադեմիական երաժշտությամբ։ Դեռևս դպրոցական տարիքում ինքնուրույն ուսումնասիրելով համակարգչային երաժշտական տեխնոլոգիաները՝ սկսել էի ստեղծագործել և ունեի ավարտուն սեփական ստեղծագործություններ։ Գուցե հենց այդ հանգամանքը ինձ թույլ տվեց լայնացնել ստեղծագործական ոլորտը և հմտանալ ոչ միայն ավանդական կոմպոզիցիայի, այլև ժամանակակից թվային և սեմպլերային երաժշտության տիրույթներում», -ասում է կոմպոզիտորը։

Այսօր նա բազմաթիվ գեղարվեստական և անիմացիոն ֆիլմերի երաժշտության հեղինակ է, նրա մասնակցությամբ ֆիլմերը ներկայացված են բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոներում։

Մերօրյա կինոարտադրությունը ամբողջովին կապված է թվային տեխնոլոգիաների հետ և, օրինակ, մեր Կոնսերվատորիայում թվային երաժշտության, ձայնագրման և հետարտադրական ամբիոնի, կամ գոնե կաբինետի բացակայությունը, լուրջ կրթական բաց է ապագա կոմպոզիտորների համար։ Բացի այդ, կինոերաժշտությունը՝ որպես առանձին ժանր, ընդհանրապես դուրս է երաժշտագետների տեսադաշտից։ Այնպիսի տպավորություն է, որ այն չի դասավանդվում Կոնսերվատորիայում, և ապագա մասնագետ-երաժշտագետները զուրկ են պատկերացումներից և գիտելիքներից այդ ոլորտում։

Ստացվում է, որ մի կողմից ունենք մի մասնագիտական ոլորտ, երաժշտական ժանր, որը գերիշխում է ժամանակակից երաժշտության մեջ, ունենք կոմպոզիտորներ, որոնք արդյունավետ աշխատում են այդ ոլորտում, հասնում են միջազգային ճանաչման, բայց չունենք երաժշտագիտական միտք, որն ունակ է գոնե տալ երևույթների նկարագրական պատկերը։

Անդրանիկ Բերբերյանը նշում է, որ, այնուամենայնիվ, կինոերաժշտության ժանրը վերելք է ապրում Հայաստանում, կինոարտադրությունը ավելի քաղաքակիրթ է դառնում, և կոմպոզիտորի դերն ու նշանակությունը  գիտակցվում և արժևորվում են մերօրյա կինոպրոդյուսերների և ռեժիսորների կողմից։

Back to top button