Երաժշտական եռանկյունի

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 11-րդ մրցույթը. «Երաժշտական եռանկյունի»

Հայաստանյան երաժշտական մրցույթների ճնշող մեծամասնությունը կատարողական արվեստներին է վերաբերում։ Դրանցից առանձնանում են ստեղծագործականները, որոնցից առավել հեղինակավորը Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթն է։  

Այն ավանդաբար անցկացվում է տարին մեկ անգամ։ Այս տարվանը 11-րդն էր։

«Մրցույթը երկու խմբերով էր անցնում՝ կրտսեր և ավագ։ Մասնակցում էին երեխաներ, որոնք ցուցաբերել են ստեղծագործելու ունակություններ և մասնակցել կոմպոզիցիայի դասընթացներին՝ Հայաստանի երաժշտական դպրոցներում։ Ի դեպ, այս տարի մրցույթին մասնակցեցին երեխաներ Ռուսաստանից և Վրաստանից», — ասում է մրցույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը։

Մենք շատ ենք խոսում արվեստում սերնդափոխության, ավանդույթների փոխանցման կարևորության, կրթական ծրագրերի և դրանց պատշաճ իրագործման մասին։ Երաժշտական կրթությունը Հայաստանում մեծ ավանդույթներ ունի, տասնամյակների ընթացքում ձևավորված մեթոդաբանություն և հանրապետական ու միջազգային մրցույթներում արձանագրվող նվաճումներ։

Հայկական կոմպոզիտորական դպրոցը նույնպես տասնամյակների պատմություն ունի, հարուստ է տաղանդավոր կոմպոզիտորների ստեղծագործություններով, բայց արի ու տես, որ կրթական համակարգում գոյություն ունեն, մեղմ ասած, «անհամաչափություններ»։

«Կոմպոզիցիայի դասերը երաժշտական դպրոցներում պարտադիր ծրագրից դուրս են, ֆակուլտատիվ բնույթ են կրում, իսկ շաբաթական ընդամենը մեկ դասով հնարավոր չէ հասնել լուրջ արդյունքների։ Բացի այդ, ոչ բոլոր դպրոցներում են գործում կոմպոզիցիայի դասարանները։ Կա նաև կոմպոզիտոր-ուսուցիչների, մասնագետների պակաս։ Ինքս դասավանդում եմ 4 երաժշտական դպրոցներում։ Բացի այդ, միջնակարգ կրթության համակարգում՝ ուսումնարաններում և երաժշտական քոլեջներում, բացակայում են կոմպոզիցիայի դասարանները», — հավելում է կոմպոզիտոր Արփինե Կալինինան։

Այսինքն ստացվում է, որ երաժշտական դպրոցներում կոմպոզիցիա առարկան ոչ պարտադիր է, ուսումնարաններում բացակայում է, և միայն կոնսերվատորիայում է գործում կոմպոզիցիայի ֆակուլտետը։ Այս իրողությունների շարքում պատանի կոմպոզիտորների մրցույթը գալիս է ինչ–որառումով լրացնելու կրթական համակարգի բացերը՝ ի հայտ բերելով տաղանդավոր ստեղծագործող երիտասարդների, որոնք էլ պիտի ապահովեն սերնդափոխությունը այս կարևոր ոլորտում։

Ե՛վ ժյուրիի անդամները, և՛ ուսուցիչները, հասկանալով խնդիրների և առաջնայնությունների ամբողջ ծավալը, ապահովել են ստեղծագործությանը նպաստող բոլոր պայմանները, որպեսզի պատանի կոմպոզիտորների առաջին քայլերը երաժշտության ոլորտում խրախուսվեն և գնահատվեն ամենահեղինակավոր մասնագետների կողմից։ Մրցույթի ընթացքում կազմակերպվել են հանդիպումներ կոմպոզիտորների հետ, վարպետության դասեր, որոնք նույնպես մեծ խթան են հանդիսանում երիտասարդ ստեղծագործողների համար։

Back to top button