Երաժշտական եռանկյունի

Սամվել Գասպարյանի ջազային ընթացքը. «Երաժշտական եռանկյունի»

Ջազային երաժշտության մասին խոսելիս հաճախ ենք մատնանշում «հայկական ջազ» երևույթը, մեջբերում տարեթվեր, թվարկում նվագախմբեր և Հայաստանում հայտնի անուններ։

Ունենք միջազգային ամենամյա ջազային փառատոն, Հայաստանում գործող «ջազի ասոցիացիա»։

Մեր հաղորդաշարը մշտապես անդրադառնում է հայ ջազային երաժիշտների գործունեությանն ու ստեղծագործությանը` ներկայացնելով հայկական ջազի ներկայիս իրողությունները, խնդիրներն ու նվաճումները։

Առավել հետաքրքիր է դիտարկել հայկական ջազը համաշխարհային կոնտեքստում և այս հաղորդման հյուրը՝ դաշնակահար և ստեղծագործող Սամվել Գասպարյանը, ընձեռում է այդ հնարավորությունը։

Նա աշխատում է Արաբական Էմիրություններում որպես համերգային դաշնակահար, կատարում և հրատարակում է ձայնագրություններ տարբեր կազմերի հետ, դասավանդում է Աբու Դաբիի հանրահայտ Բերքլի Երաժշտական Կենտրոնում։

«Արաբական Էմիրությունները որդեգրել են հատուկ մշակութային քաղաքականություն, որի շնորհիվ այնտեղ գործում են, օրինակ, Լուվրի Արևելյան մասնաճյուղը, Գուգենհայմի ժամանակակից կերպարվեստի Արևելյան թանգարանը,  Օպերային թատրոնը, վերջին սերնդի տեխնիկական հագեցվածության բազմաթիվ համերգային դահլիճներ, կազմակերպվում են ամենամյա երաժշտական մրցույթներ և փառատոներ։

Ջազային երաժշտությունը նույնպես հատուկ ուշադրության կենտրոնում է, այնտեղ գործում է Բերքլի քոլեջի երաժշտական կենտրոնը՝ երաժշտության դասարաններով, ձայնագրման ստուդիաներով և համերգային բազմաթիվ հարթակներով», — ասում է Սամվել Գասպարյանը։

Նման պետական մշակութային քաղաքականության շնորհիվ Աբու Դաբիում տարվա ընթացքում կարելի է ներկա գտնվել գրեթե բոլոր աշխարհահռչակ երաժիշտների համերգներին։ Զուգահեռաբար,  կրթական համակարգը նույնպես մշտական զարգացման ընթացքի մեջ է՝ հանդիպումներ, վարպետաց դասեր, ջեմ սեյշններ և այլն։

2024-ին Սամվել Գասպարյանն իր մասնագիտական ձեռքբերումների, համբավի և բարձր կատարողական արվեստի շնորհիվ ընտրվեց որպես Գրեմմի երաժշտական մրցանակաբաշխության գնահատող անդամ, ինչը և՛ նրա համար, և՛ մեր երկրի համար բացառիկ ցուցիչ է, քանի որ այդ մրցանակաբաշխությունը համարվում է գլխավորը և լավագույնը աշխարհում։

Մշտական զբաղվածությունն այնուամենայնիվ չի խանգարում Սամվել Գասպարյանին պարբերաբար վերադառնալ Հայաստան, մասնակցել համերգների, կատարել ձայնագրություններ ամենատարբեր երաժիշտների հետ, մասնակցել հայկական տարբեր փառատոների և ջազային իրադարձությունների։ 

Վերջին շրջանի կարևոր ստեղծագործական ձեռքբերումը համարում է իր նոր՝ «One for Chick» ալբոմը, որը նվիրված է Չիկ Կորեայի հիշատակին և ներառում է Սամվել Գասպարյանի հեղինակային ստեղծագործությունները։

Ալբոմում նրան ընկերակցում են կուբացի երաժիշտներ Արիել Բրինգեզը, Ռոդնի Բորետտոն և Գաստոն Ջոյան։

Զրույցի ընթացքում խոսեցինք նաև հայրենական ջազի համաշխարհային հանրահռչակման խնդիրների շուրջ։ Սամվել Գասպարյանը համարում է, որ կրթական մասնագիտական հաստատությունների, հատուկ գրականության, կանոնավոր վարպետաց դասերի, մշտապես գործող ջազային համերգային հարթակների պակաս կա Հայաստանում։ Այս ոլորտում խնդիրների քանակը պահանջում է պետական վերաբերմունքի դրսևորումներ։ Բացի այդ՝ Հայաստանում չի գործում երաժշտական գործակալի և պրոդյուսերի ինստիտուտը։ Արդյունքում՝ գործում են մարդիկ, որոնք չունեն հատուկ մասնագիտական կրթություն, ինչի պատճառով հիմնականում զբաղված են հայտնի երաժիշտներին Հայաստան բերելով։

Մինչդեռ մենք ունենք չտեսնված ջազային ռեսուրս, որը, մեծ հաշվով, անհայտ է միջազգային ջազային աշխարհում։

Back to top button