Երաժշտական եռանկյունի

«Դուդուկներ» անսամբլ․ ավանդույթի և նորարարության առանցքում. «Երաժշտական եռանկյունի»

Դուդուկն, անխոս, հայկական ավանդական երաժշտության գլխավոր խորհրդանիշերից է։ Ժողովրդական այս նվագարանի շնորհիվ աշխարհում հանրահռչակվեց և՛ մեր ազգային երաժշտությունը, և՛ հայ երաժիշտների կատարողական արվեստը։

Այն հիմնված է առաջին հերթին դուդուկահարների հսկայական ավանդի, ինչպես նաև նվագարանը զարգացնող և կատարելագործող վարպետների գյուտարարության վրա։

Նման առաջադեմ մոտեցումներ դրսևորող լեգենդար անուններից է Գեորգի Մինասովը։ Նրա շնորհիվ դուդուկը, որպես նվագարան, զարգացում ապրեց, նա ստեղծեց դուդուկների դասական քառյակի նախատիպը և, ինչը առավել կարևոր է, կատարեց հայկական ավանդական և հոգևոր երաժշտության մշակումներ այդ քառյակի համար։ Գեորգի Մինասովի մանկավարժական և դասախոսական գործունեության շնորհիվ աճեցին դուդուկահարների սերունդներ, որոնք շարունակեցին և զարգացրեցին մեծ վարպետի դպրոցն ու ավանդույթները։

Գեորգի Մինասյան կրտսերը Գեորգի Մինասովի թոռն է և դուդուկի ավանդույթների նվիրական շարունակողը։

«Ինձ համար խորհրդանշական է մասնագիտության ընտրությունը։ Աշխատել եմ շատ երաժիշտների հետ, համագործակցել բարձր կատարողական արվեստի տեր վարպետների և գործընկերների հետ, մինչև ինքս մտահղացա ստեղծել «Դուդուկներ»  անսամբլը, որի հիմքում պապիկիս «դուդուկների դասական քառյակն» է։ Այդ առումով ես ուղղակի շարունակում եմ Գեորգի Մինասովի ավանդույթը», — ասում է դուդուկահար, «Դուդուկներ» անսամբլի գեղարվեստական ղեկավար Գեորգի Մինասյանը։

Արտակ Ասատրյանը անսամբլի դուդուկահարն է և «Ծիրանի» անսամբլի հիմնադիր և գեղարվեստական ղեկավարը։ «Ասելով դասական քառյակ, պետք է պատկերացնել լարային քառյակի նախատիպով կազմ, որն ընդգրկում է դուդուկների 4 տարբեր տեսակներ՝ ավանդական դուդուկից մինչև ալտ, բարիտոն և բաս-դուդուկ։ Նման կազմը թույլ է տալիս  կատարել ոչ միայն հայկական պոլիֆոնիկ, այլև արևմտաեվրոպական դասական երաժշտության փոխադրումներ, ինչը, բնականաբար, լայնացնում է անսամբլի նվագացանկը», – ասում է Արտակ Ասատրյանը։

«Դուդուկներ» անսամբլը հանդես է գալիս նաև ընդլայնված կազմով, հրավիրելով այլ երաժիշտների, ինչպես նաև համագործակցում տարբեր երաժշտական կոլեկտիվների հետ։

Նման ստեղծագործական համագործակցության արդյունքում ծնվեց դուդուկի և Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու «Արահետ» երգչախմբի  համատեղ համերգային ծրագիրը, որի գեղարվեստական ղեկավարն է Գեորգի Մինասովի դուստր Տատյանա Մինասյանը։ Ծրագիրը ներառում է հատվածներ կոմիտասյան Սուրբ Պատարագից, Ներսես Շնորհալու և Սայաթ-Նովայի ստեղծագործությունների մշակումներ։ Այն Բոստոնի Հայկական Թանգարանի մշակութային նախաձեռնությամբ տեսագրվեց և ընդգրկվեց հայկական արդի կատարողական արվեստի համացանցային համերգաշարի նախագծում, պրոդյուսերը Դանիել Հարյանն է։

Back to top button