Երաժշտական եռանկյունի

Վիսոցկին և հայերը. «Երաժշտական եռանկյունի»

«Վիսոցկին և Հայաստանը». գրքերի և հոդվածների հեղինակ, մշակութային ոլորտի հետազոտող Աշոտ Գրիգորյանի երրորդ գիրքն արդեն պատրաստ է տպագրության։

«Գրքում դիտարկվում են ռուս նշանավոր պոետ և դերասան Վլադիմիր Վիսոցկու հարաբերությունները հայերի և Հայաստանի հետ։ Առաջին անգամ մեծ ճշգրտությամբ թվագրված է նրա հայաստանյան միակ այցը, ճշտված են մի շարք մանրամասներ՝ երևանյան ելույթների քանակը և վայրերը, գրեթե բոլոր հասցեները, որտեղ նա հասցրել է լինել։ Հայտնաբերել և զրուցել եմ Վիսոցկու հետ շփված, նրան հյուրընկալած մեր հայրենակիցների հետ, համակարգել եմ Վիսոցկու հայերեն թարգմանությունների և հրատարակությունների մասին տեղեկությունները։ Գրքում զետեղված են նաև նախկինում չհրապարակված լուսանկարներ», — ասում է Աշոտ Գրիգորյանը։

Վիսոցկու առաջին մեզ հայտնի ծանոթությունը հայերի հետ նրանց ընտանիքի հարևաններն էին՝ Տեր-Մինոսյանները։

Պատերազմից հետո Վիսոցկու հայրն ամուսնացավ հայուհի Ժենյա Լիխալատովայի (Մարտիրոսովայի) հետ։ Պատանի Վլադիմիրը դատարանի որոշմամբ բնակություն հաստատեց նրանց հետ՝ Բոլշոյ Կարետնի նրբանցքում։ Ի դեպ, Վիսոցկին առանձնահատուկ հարաբերություններ ուներ նաև Ժենյայի մոր ու զարմուհիների հետ, որոնց միջոցով էլ ծանոթացավ կինոռեժիսոր Լևոն Քոչարյանի հետ։  Քոչարյանների բնակարանում հավաքվում էր երիտասարդների մի լայն շրջանակ, նրանց թվում՝ Անդրեյ Տարկովսկին, Վասիլի Շուկշինը, Արթուր Մակարովը, Էդմոնդ Քեոսայանը և այլք։

«Բոլշոյ Կարետնի» երգը նվիրված է Լևոն Քոչարյանին։

Վիսոցկին իր հոգևոր հայր համարել է Բուլատ Օկուջավային, որի մայրը, ինչպես հայտնի է, հայուհի էր։ Հենց Օկուջավայի ազդեցությամբ է Վիսոցկին սկսել երգեր գրել։

1977 թ․ Վիսոցկին, Օկուջավան, Ռազմիկ Դավոյանը և ուրիշներ միասին Փարիզում մասնակցել են խորհրդային պոետների երեկոյին։ Դավոյանը խոստացել է օգնել կազմակերպել Վիսոցկու համերգը Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, սակայն չի հասցրել։

«Առակ ճշմարտության և ստի մասին» երգը Վիսոցկին գրել է Օկուջավայի նմանությամբ։

Վիսոցկին հատուկ հետաքրքրություն է տածել Արամ Խաչատրյանի հանդեպ։ Կա և մի հայտնի դեպք, երբ թիֆլիսահայ լուսանկարիչ Ալեքսանդր Սահակովը Վիսոցկու վստահությանը արժանանալու համար ցույց է տվել իր արած մի քանի ֆոտոդիմանկարները, և Վիսոցկին դրանցից ընտրել է Արամ Խաչատրյանի դիմանկարը ու հետո իր մի ինքնագրում նշել է, որ Սահակովի վարպետությունը համահունչ է Խաչատրյանի երաժշտությանը։ Մերուժան Տեր-Գուլանյանը պատմել է, որ իրենց հանդիպման ժամանակ Վիսոցկին սուլել է «Սուսերով պարի» մեղեդին, իսկ «Ճանապարհային պատմություն» երգում  հիշատակվում է «Սուսերով պարը»։

1961 թ․ այն ժամանակվա Լենինականում մի ցավալի դեպք է պատահել․ Դավթյան ազգանունով մի դատախազ փորձել է անցնել Հայաստան-Թուրքիա չեզոք գոտին և գնդակահարվել է սահմանապահի կողմից։ Նման պատմություն է ներկայացված Վիսոցկու հայտնի «Չեզոք գոտու մասին երգում»։ 

Երգեր գրելիս Վիսոցկին երբեմն համագործակցել է այլ կոմպոզիտորների հետ, և զարմանալի զուգադիպությամբ նրանց զգալի մասը հայեր են եղել՝ Միքայել Թարիվերդիև, Էդուարդ Խաղագորտյան ու հատկապես Եվգենի Գևորգյան։ Վերջինս ինքնուս երաժիշտ էր, ֆրի ջազի առաջին կատարողը ԽՍՀՄ-ում։

 «Մաքսանենգություն» (1974) ֆիլմից «Կային-չկային ծովում» երգը՝ Վիսոցկու բառերով ու Եվգենի Գևորգյանի երաժշտությամբ, կատարում են Վիսոցկին և Նինա Շացկայան։

Գևորգյանն է գրել և անգլիական հնագույն երաժշտության նմանությամբ ոճավորել ԽՍՀՄ-ում Վիսոցկու կյանքի օրոք թողարկված միակ մեծ ձայնասկավառակի՝ «Ալիսան հրաշքների աշխարհում» ներկայացման երաժշտությունը։

Վիսոցկին հազվադեպ է կատարել երգեր ուրիշների տեքստերով, բայց վաղ շրջանում նրա երգացանկում ամենասիրելինրից մեկը եղել է Թարիվերդիևի «Վագոնը կշարժվի» երգը։

Վիսոցկին շատ է սիրել հայկական ուտեստներ և խմիչքներ, «Ճանապարհորդություն քաղաք» երգում վերջիններս հիշատակվում են։ «Ֆրանսիական դևեր» (1978) երգում այսպիսի տողեր կան․ «Ապարանջաններով ու ականջօղերով հայերին/ Ինչ-որ տեղ խավիարով էին կերակրում». երկար ժամանակ ենթադրվում էր, որ Վիսոցկին նկատի ունի երգիչ Ժան Թաթլյանին, որին Վիսոցկին և Միխայիլ Շեմյակինը այցելել են երգում նկարագրված գինարբուքի ժամանակ։ Սակայն «Երկու ճակատագիր» գրքում Շեմյակինը գրում է, որ «Ցարևիչ» պանդոկում նրանք տեսել են «գնչուների նմանվող երկու հայերի»։ 

Լեոնիդ Ենգիբարյանի ու Սերգեյ Փարաջանովի հետ Վիսոցկին ունեցել է մոտ հարաբերություններ։

Փարաջանովին ճանաչել է 1960-ականների կեսից։ Նրանց հարաբերությունների շուրջ շատ առասպելներ են հյուսվել։ Վիսոցկին օգնել է մեծ կինոռեժիսորին ողջ մնալ բանտում։

Ենգիբարյանին ճանաչել է թերևս 1960-ականների սկզբներից, եղել են միմյանց ելույթներին, Վիսոցկին նրա հիշատակին բանաստեղծություն է ձոնել, կատարել է «կոկորդիլոս մեկ ձեռքի վրա» տրյուկը։ Ըստ Յուրի Նիկուլինի՝ «Լարախաղացը» երգը ևս նվիրված է Ենգիբարյանին։

Այցելությունը Հայաստան Վիսոցկու մտերիմ Դավիթ Կարապետյանը հիշում է, որ պոետը վաղուց էր ուզում Հայաստան այցելել, 1969 թ․ դրա համար նրանք նույնիսկ Վնուկովո օդանավակայան ուղևորվեցին, բայց այդ անգամ այցելությունը չստացվեց։ 1970 թ․ ապրիլին շուրջ 9 օր Վիսոցկին գտնվում էր Հայաստանում, այդ ընթացքում նա բնակվում էր կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի տանը, համերգներ տվեց դահլիճներում ու երկրպագուների բնակարաններում։  «Գայլաորսի» կատարումը ձայնագրվել է «Արարատ» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պոնոմարյովի տանը

Back to top button