Երաժշտական եռանկյունի

Հանրային ռադիոյի ձայնադարանը. «Երաժշտական եռանկյունի»

Հանրային ռադիոն երկու տարուց նշելու է 100-ամյակը։ Մեր երկրի պատմության ձայնային վավերագրությունները, որոնք պահպանվում են Հանրային ռադիոյի արխիվում, այսօր հանդիսանում են ազգային արժեք և ժամանակի վկայություն։

Այդ արխիվի պահպանման ժամանակակից եղանակը թվայնացումն է և հենց այդ թեմայի համատեքստում էլ զրուցեցինք արխիվի տնօրեն, երգիչ, երգահան Արթուր Իսպիրյանի հետ։

«Մեր արխիվի նյութերը կարելի է բաժանել մի քանի տեսակի՝ հարցազրույցներ անվանի մարդկանց հետ, հաղորդումներ և ամենակարևորը՝ երաժշտության շտեմարանը։ Խորհրդային շրջանում պետական ռադիոյի գործառույթներից մեկը եղել է բազմազան ժանրերի երաժշտության ձայնագրումն ու հանրահռչակումը։ Այդ նպատակով տարբեր տարիների ստեղծվել և գործում էին բազմաթիվ կոլեկտիվներ՝ մանկապատանեկան «Արևիկից» մինչև պետական ռադիոյի  սիմֆոնիկ նվագախումբ։ Բացի այդ, ռադիոյի ձայնագրման ստուդիան ձայնագրում էր հեղինակային երգի կատարողներից մինչև երգչախմբեր, ջազ կոլեկտիվներ և այլն», — ասում է Արթուր Իսպիրյանը։

Այդ ամբողջ նյութը պահպանվում էր ժապավենի վրա, որը ժամանակի ընթացքում փչանում էր, ինչն անդրադառնում էր ձայնագրության որակի վրա։

«Մենք վերանորոգեցինք անալոգային նվագարկիչները, գնեցինք թվայնացման նորագույն սարքեր և արդեն գրեթե ավարտին ենք հասցնում երաժշտական արխիվի թվայնացումը, խմբագրումն ու համակարգումը։ Բացի այդ, ստեղծել ենք արխիվի կայքը, որն ապահովում է արխիվի հասանելիությունը հասարակության համար», — նշում է Իսպիրյանը։

Արխիվացման մեկ այլ ոլորտ է հանդիսանում հանրային ռադիոյին նվիրաբերված երաժշտական ձայնապնակների հավաքածուների թվայնացումը։ Տարբեր նվիրատուներ աշխարհի բոլոր ծայրերից մշտապես հարստացնում են արխիվի հավաքածուն, որն այսօր ներառում է հազարավոր եզակի, հազվագյուտ ձայնապնակներ։

Արխիվը մշտապես համալրվում է նոր ձայնագրություններով լեգենդար 6-րդ ստուդիայի շնորհիվ, որը գտնվում է մշտական «ձայնագրման ռեժիմում»։

Ինչպես վկայում է արխիվի տնօրենը, արխիվը հանձն է առել 100-ամյակի հոբելյանին ընդառաջ ավարտել թվայնացման գործընթացը և բացել արխիվը հանրության համար։

Back to top button