Երաժշտական եռանկյունի

Անի Աղաբեկյան․ հայ-գերմանական մշակութային կամուրջ. «Երաժշտական եռանկյունի»

Ջութակահար Անի Աղաբեկյանը մերօրյա երաժշտական բեմի մեծ պահանջարկ ունեցող կատարողներից մեկն է: Նա համերգներով հանդես է գալիս Գերմանիայում և այլ երկրներում՝ թե՛ կամերային, թե՛ որպես մենակատար՝ տարբեր նվագախմբերի հետ: Աղաբեկյանի մեծ հետաքրքրությունը երաժշտության տարբեր ժանրերի նկատմամբ արտացոլվում է նրա բազմակողմանի նվագացանկում, որը ներառում է բարոկկո դարաշրջանի երաժշտությունից մինչ մերօրյա ստեղծագործություններ:

Անի Աղաբեկյանը  «Գերմանա-հայկական երաժշտական միության» հիմնադիրն է, «Րաաբ» երաժշտական դպրոցի տնօրենը, Բադեն Վյուրթեմբերգում ՀՀ Պատվո Հյուպատոսի մշակութային հարցերով հանձնակատարը ։

Երևանում  ծնված Անի Աղաբեկյանն իր համար երաժշտության աշխարհը բացահայտել է 7 տարեկանում: Ջութակ է սովորել  Յուրի Ավետիսյանի և Լևոն Մակարյանի դասարաններում։ 1999 թվականին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիա` պրոֆ. Բագրատ Վարդանյանի դասարան, որն էլ գերազանցությամբ ավարտել է 2004 թվականին: 2006-ին ավարտել է ասպիրանտուրան: Արդեն իսկ պատանեկան տարիքից նրա նվագն աչքի էր ընկնում հասունությամբ և փայլուն կատարողական տեխնիկայով` վայելելով անվանի երաժիշտների բարձր գնահատականը: Կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը նրան նույնիսկ անվանում էր «փոքրիկ Պագանինի»:

Երաժշտական կրթությունն Անի Աղաբեկյանը շարունակել է Գերմանիայի Կարլսրուեյի կոնսերվատորիայում` լեգենդար պրոֆ. Յոզեֆ Ռիսինի դասարանում՝ 2007 թվականին ստանալով «Կատարողական ուսման դիպլոմ», իսկ 2010թ․-ին ավարտելով այն մագիստրոսի կոչումով։

Անի Աղաբեկյանի ստեղծագործական ուղին նշանավորվել է բազմաթիվ մրցանակներով և պարգևներով: Դեռ դպրոցական տարիներին նա ստացել է մի շարք ազգային մրցույթների առաջին մրցանակները։ 2006 թվականին ջութակահարուհին  արժանանացել է «Rovered´Oro Giovani Talenti» միջազգային մրցույթի մրցանակին:  Նա հանդես  է գալիս որպես մենակատար տարբեր նվագախմբերի հետ և՛ Հայաստանում, և՛ Եվրոպայում: 2007 թվականին դաշնակահար Իգոր Պալմովի հետ դարձել է Յեհուդի Մենուհինի անվան հիմնադրամի «Live Music Now»  ծրագրի անդամ: Նրա համար ոգևորիչ է եղել համագործակցությունն այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Ալեքսանդրա Միկուլսկան, Սերգեյ Խաչատրյանը, Լուսինե Խաչատրյանը, Գաբրիել Կոհ Կամեդան, Զոնթրաուդ Շպայդելը, Վոլֆգանգ Մայերը, Լևոն Մուրադյանը, Գրիգորի Ալումյանը, Լաուրենտ Ալբրեխտ Բրոյնինգերը, Մարիա Լոթը, Դանիել Բոլինգերը, Միշա Մայերը, Միքայել Հախնազարյանը։

Տարբեր կամերային անսամբլների կազմում Աղաբեկյանը մասնակցել է մի շարք անվանի հայաստանյան երաժշտական փառատոների, ինչպիսիք են «Վերադարձ», «Կոմիտաս Վարդապետ» փառատոները և այլն:

Անի Աղաբեկյանը մեծ ուշադրություն է դարձնում ժամանակակից երաժշտության կատարմանը: Նրան են նվիրվել ջութակի համար գրված մի շարք ստեղծագործություններ, որոնցից է նաև Վարդ Մանուկյանի կրկնակի կոնցերտը ջութակի, ալտի և լարային նվագախմբի համար: Կոնցերտի  պրեմիերան կայացել է 2013 թվականի հոկտեմբերին` Անի Աղաբեկյանի, Վաչե Հովեյանի և Վյուրտեմբերգի Հայլբրոն կամերային նվագախմբի կատարմամբ: 2022-2023 թվականներին  Միքայել Հախնազարյանի հետ ներկայացրել է Լոբոդայի Կոնցերտի Գերմանական պրեմիերան և Գևորգ Դաբաղյանի հետ՝ Շարաֆյանի Կոնցերտի հայաստանյան պրեմիերան:

Ինտենսիվ համերգային գործունեության հետ մեկտեղ Աղաբեկյանը զբաղվում է մանկավարժությամբ: 2006 թվականից ղեկավարում է «Րաաբ» երաժշտական դպրոցի ջութակի դասարանը, իսկ 2015 թվականից ստանձնել է նույն դպրոցի տնօրենի պաշտոնը: Նրա աշակերտները բազմիցս պարգևատրվել են ազգային և միջազգային մրցույթներում: Վարպետության դասեր է տվել Ստեփանակերտում, Երևանում, Սինգապուրում և Մյունսթերի համալսարանում։

Անի Աղաբեկյանի գործունեության զգալի մասն է կազմում նրա ակտիվ հասարակական աշխատանքը երաժշտական ասպարեզում: 2011 թվականին նա հիմնել է Գերմանա-Հայկական Երաժշտական Միությունը, որի նպատակն է ծառայել հայ և գերմանական երաժշտական մշակույթի պահպանմանը, աջակցել երիտասարդ տաղանդավոր երաժիշտներին և խթանել կապը հայ և գերմանացի  երաժիշտների միջև: Այդ նպատակով 2012 թվականից կազմակերպում է ամենամյա Գերմանա-Հայկական համերգաշարը Գերմանիայում։ Անի Աղաբեկյանի ձայնասկավառակներն արժանացել են գերմանական հայտնի ամսագրերի բարձր գնահատականին։ Ջութակահարուհին ընդգրկել է Հարությունյանի, Հովունցի սոնատները, ինչպես նաև Բաբաջանյանի և Խաչատրյանի տրիոները՝ աշխարհահռչակ կլարնետահար Վոլֆգանգ Մայերի հետ ձայնագրած վերջին ձայնասկավառակում:

2024 թվականի ապրիլից Անի Աղաբեկյանը հանդիսանում է Բադեն Վյուրթեմբերգում ՀՀ Պատվո Հյուպատոսի մշակութային հարցերով հանձնակատար։

Back to top button